ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Շուկաների դիվերսիֆիկացումը առաջնահերթ է․ կառավարությունը կաջակցի արտահանողներին

Հունիսի սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման համար աջակցության ծրագիր էր ընդունել։ Պարտավորությունների կատարման համար ֆինանսներ են հատկացվել։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները խոսել են արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, արտահանման խնդիրների ու ծավալների մասին։ Չի բացառվում, որ այս պահին իրականացվող ծրագրերը շարունակական դառնան, սակայն ոչ նույն ծավալով։

Կառավարությունը 3 մլրդ 140 մլն դրամ կտրամադրի արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում հունիս ամսվա պարտավորությունները կատարելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արտահանման պատկերն է ներկայացնում․

«Հունիսին  արտահանվել է շուրջ 208 տ լոլիկ, 784 տ պղպեղ, 109 տ ելակ , մոտ 3 հզր տ ծիրան, 1400 տ կեռաս, 1,5 մլն լ շշալցված բնական հանքային ջուր, 230 հզր շշալցված խաղողի գինի և 1,3 մլն լ շշալցված հայկական բրենդի՝ 100 տոկոս սպիրտի հաշվարկով»։

Աջակցությունընախատեսված է երկու միջոցառումների համար։ Ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար նախատեսվում է հատկացնել 605 մլն 283 հզր դրամ, իսկ թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակների արտահանման համար՝ 2 մլրդ 535 մլն 150 հզր դրամ։

Հայաստանում արտահողները խնդիրներ ունեցան, երբ զրկվեցին ՌԴ արտահանելու հնարավորությունից։ Այդ առումով խիստ կարևոր է շուկաների դիվերսիֆիկացիան։ Կառավարությունը վստահեցնում է, որ նոր շուկաներ արդեն գտել է, բայց պետք է շարունակի աշխատանքն այդ ուղղությամբ։ Վարչապետը աջակցության համար նախատեսվող գումարն է վերլուծում․

«Մեկ ամսվա ընթացքում 3 մլրդ դրամն արդեն նշանակում է, որ արտահանումը էական ծավաների է հասնում։ Սա կարևոր արձանագրում է»։

Նախագիծը հնարավորություն կտա ապահովելու արտահանված պտղի, բանջարեղենի, ծաղկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու և հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի համար փոխհատուցման ենթակա ծախսերը։ Շուկայում գների մոնիթորինգ են անում՝ ասում է վարչապետ Փաշինյանը․

«Շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ չկան։ Իհարկե, վարդի ու լոլիկի գնանկում ունենք, մնացածի մասով տեսանելի գնանկում չկա»։

Միայն հուլիսի 8–ին արտահանվել է ավելի քան 1․800 հատ ծաղիկ՝ հավելում է էկոնոմիկայի նախարարը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծում է՝ ԵՄ երկրներ արտահանելիս մաքսատուրքի փոխհատուցում նույնպես նախատեսում են․

«Ես կարծում եմ՝ լիզինգի ծրագրի նման  որոշ ժամանակ անց մոնիթորինգի արդյունքներով,  գործիքները կսարքենք մշտական գործող, իհարկե, ո՛չ այս չափերով, ո՛չ այս ապրանքատեսակներով, բայց այն քննարկումները, որ հիմա կան հեռանկար ունեցող արտադրանքի համար, ես վստահ եմ, որ մենք կներկայացնենք մի առաջարկություն, որպեսզի արտահանման հեռանկար ունեցող ապրանքների համար պերմանենտ գործի»։

Նիկոլ փաշինյանը տեղեկացնում է, որ օրերս Եկատերինբուրգում ՌԴ վարչապետի հետ բաց, անկեղծ բարեկամական քննարկումներ են եղել, որոնց մանրամասները, սակայն այս պահին չի հայտնի՝ սպասելով դրանց իրականացմանը։

Մինչև այդ արդեն որոշ ցուցանիշներում դիվերսիֆիկացյի միտումներ է տեսնում տնտեսագետ Սոս Խաչիկյանը․

«Բուլղարիան, Գերմանիան այն երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար մեծացել են։ Արտահանվում են ավանդական ապրանքատեսակները։ Շուկայում այս առումով նոր մրցակցություն չկա։ Մրցակցության պայմանների փոփոխությունը կամ շուկայում նոր մասնակիցների ի հայտ գալը կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների փոփոխությանը։ Խոշոր հաշվով ինչ-֊որ նորամուծություն, նոր ապրանքատեսակներ, նոր մոտեցումներ են պետք, որպեսզի մենք ունենանք էական փոփոխություն»։

Հայաստանն ապրանքներ է արտահանում նաև Պարսից ծոցի երկրներ։ Այս շուկաներում նույնպես առաջընթաց կա՝ ասում են մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button