ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչն են վիճարկում 18-ից 7-ը․ ՍԴ դերը հետընտրական իրադարձություններում

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հունիսի 19-ին մուտքագրված յոթ դիմումները ՍԴ-ն քննելու է հունիսի 26-ին՝ ժամը 11-ին:

ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Սակայն մի քանիսում նաև լրացուցիչ պահանջներ կան։ ՍԴ-ն միավորել է քաղաքական ուժերի դիմումները՝ հաշվի առնելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին և քննվելու են նույն նիստի ժամանակ։ Մեկ այլ որոշումով՝ ՍԴ երկու դատավորներ չեն մասնակցելու գործի քննությանը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 ուժերից 7-ը այս պահին վիճարկում են ընտրության ընթացքն ու արդյունքները։ Սա, թերևս, 8-րդ անգամ է, երբ քաղաքական ուժերը ՍԴ-ում վիճարկում են ՀՀ համապետական ընտրությունների արդյունքները։

Հայաստանի ոչ մի համապետական ընտրություն՝ նախկինում նախագահի, իսկ կառավարման համակարգը փոխելուց հետո արդեն՝ խորհրդարանի, չի անցել առանց արդյունքները վիճարկելու։ Բացառությունը, թերևս, 2018 թվականի՝ Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին թավշյա հեղափոխությունից հետո։

Սահմանադրական դատարանը, սակայն, պատմական նախադեպ դեռ չի ստեղծել․ դիմումատուների հայցերը երբեք չեն բավարարվել՝ կա՛մ մերժվել են հենց սկզբից, կա՛մ առաջարկվել է միջանկյալ որոշում, որը հանրությունն այդպես էլ չի կիրառել, ըստ երևույթին, էությունը կամ սկզբունքը չհասկանալու պատճառով։ Որպես օրինակ կարելի է հիշել ՍԴ 2003 թվականի ապրիլի 16-ի որոշումը։ Այն կապված էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ «վստահության հանրաքվե» անցկացնելու ամենահայտնի պաշտոնական առաջարկի հետ։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ընդդիմությունը բողոքարկեց արդյունքները Սահմանադրական դատարանում՝ պնդելով, որ տեղի են ունեցել զանգվածային կեղծիքներ։ Լարվածությունը թուլացնելու և հանրային համերաշխությունը վերականգնելու համար ՍԴ-ն քաղաքական իշխանություններին առաջարկեց մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել։ Գործող իշխանությունը մերժեց այդ առաջարկը, և հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ։

Ներկա կազմով գործող ՍԴ-ն առաջին անգամ է քննելու համապետական ընտրությունները վիճարկող հայցեր։ Դատարանը կարող է ընդունել երեք հնարավոր վճիռներից մեկը, այն է՝  անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումն ու ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։

ՍԴ դիմած ուժերի մեծ մասը հայցերում հիմնականում նշել է երկու որոշման ակնկալիք։ Դիմումներում, սակայն, կան նաև տարբերություններ։ Փաստաբան Արամ Օրբելյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնել-չանցնելու և ԿԸՀ որոշման դեպքերով հիմնավորում է ընտրություններն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգ սահմանելու պահանջի հիմքերը․

«Հայաստանի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ Սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Այսինքն՝ միշտ հիմնավորումները, որ բերվում են, քննարկում են, ասում են` դա կազդեր արդյունքների վրա / չէր ազդի արդյունքների վրա։ Հիմա ունենք դեպք, երբ վերահաշվարկի արդյունքում հրապարակվել են թվեր։ Այդ թվերով «Բարգավաճ Հայաստանը» հավաքում է 4% ավելի ձայն, հետո երկու ընտրատեղամասում անվավեր են ճանաչվում արդյունքները և դրա արդյունքում 153 ձայն չի հերիքում խորհրդարան անցնելու համար։ Առաջին դեպքն է, այսպիսի բան չի եղել»։

Ի դեպ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին ընտրատեղամասերում կամ ընտրատարածքներում վերահաշվարկի որոշում ընդունելու հնարավորություն ունի, ապա ՍԴ դեպքում «անվավեր ճանաչել» ձևակերպումը վերաբերում է ընտրությունների ընդհանուր արդյունքին։

84-էջանոց դիմումով ՍԴ է դիմել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ ծանրակշիռ հիմնավորումներով են ներկայանում․

«Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակըկա՛մ երկրորդ փուլ նշանակելու, կա՛մ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու։ Հիմնավորումները և հիմքերը, որ պատկերացնեք, 84 էջի մասին է խոսքը»։

Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թևեր»-ից Լիպարիտ Դրմեյանը և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից Հովհաննես Խուդոյանը հիմնավորում են այդ երկու ուժի մեկական պահանջ ներկայացնելը․

Դրմեյան․ «Անվավեր ճանաչելու խնդրանք ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին։ Մեր համոզմամբ, այն խախտումները, որոնք առկա են եղել և քվեարկության օրը, և ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա և չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»։

Խուդոյան․ «Երկրորդ պահանջ չենք ներկայացրել անվավերության, որովհետև մեր կողմից ներկայացված խախտումները այնպիսի ծավալի են և այնպիսի համակարգային խախտումներ են, որոնք չեն կարող ենթադրել ինչ-որ առանձին միջանկյալ քայլերով հարցի լուծում»։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է երկու հիմքով։ Համոզված են, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել են մի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը, մյուս կողմից՝ զանգվածային ընտրակաշառքը։

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ներկայացնող Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ իրենց հայցի հիմքում տարբեր չարաշահումների փաստերն են․

«Պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ կան և կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Խոսքը վարչական ռեսուրսի համատարած կիրառման մասին է, խոսքը հանրային ռեսուրսների ոչ հավասարաչափ բաշխման մասին է, խոսքը ընտրակաշառքների վերաբերյալ անընդհատ հնչող հայտարարություններն են»։

Ուշագրավ է, որ Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որը հունիսի 9-ին արդեն ճանաչել էր ընտրությունների արդյունքները և շնորհավորել էր ժողովրդին, նույնպես դիմել է ՍԴ։ Այս ուժը վիճարկում է ընտրությունների «միջավայրը»։

Ռուբեն Մեհրաբյան․ «Այս զանգվածային ընտրակաշառքներին տալ իրավական գնահատական և գնահատել, թե ինչ չափով է եղել ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։ Նայեք Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակագրությունը։

Մենք դիմել ենք, որպեսզի գնահատական տրվի սրան և ըստ այդ գնահատականի էլ մենք կհարգենք ցանկացած որոշում, որը կընդունի Սահմանադրական դատարանը»։

Իշխանության համար մինչդեռ իրենց ստացած քվեները լեգիտիմության հարց չեն առաջացնում։ Այս խոսակցությունների առնչությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է․

«Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Ընտրությունների, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են և առնվազն այս մասով արտահայտում են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»։

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել բոլոր դիմումները և քննել մեկ նիստում, քանի որ դրանք առնչվում են նույն գործին։ Հունիսի 26-ին նշանակված գործի քննության առնչվող առաջին որոշումը դատարանը արդեն ընդունել է։

ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի նիստին, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Մինչդեռ «Հայաստան» դաշինքը տարօրինակ է գնահատել ՍԴ աշխատանքային մեկ այլ որոշում, որով հաստատվել է դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը հունիսի 26-ի նիստին։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնել է, որ մտադիր է մոտակա օրերին համապատասխան դիմում ներկայացնելու ՍԴ Սեդա Սաֆարյանի մասով:

Կարդացեք նաև

Back to top button