
Շվեյցարիայում ավարտվեց ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը։ Մի շարք իրարամերժ տեղեկություններից դատելով՝ դրանք հարթ չեն ընթացել։ Պատճառների վերաբերյալ տարբեր ենթադրություններ էին շրջանառվում մամուլում։ Հիմնական ինտրիգն այն էր, որ բանակցությունների հենց մեկնարկին Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ առանց երկիր կթողնի իրանցի պատվիրակներին, եթե Թեհրանը դարձյալ փակի Հորմուզի նեղուցը։
Միջազգային լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել, որ Թրամփի այս հայտարարությունից հետո Իրանի պատվիրակությունը չեղարկել է բանակցությունները։ Այդ լուրն ավելի ուշ հերքվեց․ հակառակ բոլոր անհարթություններին՝ բանակցությունների առաջին փուլն այնուամենայնիվ տեղի ունեցավ, և կողմերը, ներառյալ միջնորդները, այդ մասին հայտարարություններ տարածեցին։
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններն ավարտվեցին։ Այժմ քննարկվում են տեխնիկական հարցեր։ Այդ բանակցությունները կընթանան մեկ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ AP-ն գրում է, որ տեխնիկական հարցերով բանակցություններին կմասնակցի Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, աշխատանքային խումբ ներառված են նաև իրանցի փորձագետներ։
Տեխնիկական բանակցություններին մասնակցում են նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի ու Կատարի ներկայացուցիչները։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հիմնական բանակցող Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Իրան։
Շվեյցարիայում հիմնական բանակցություններից հետո միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ընդհանուր հայտարարի են հանգել՝ 60 օրում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ:
Ըստ տարածված հայտարարության՝ կողմերը համաձայնության են հասել՝ Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։ Բացի այդ՝ հաղորդակցության ուղի են հաստատել՝ ապահովելու Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։
Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում էին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները: Թեհրանի պատվիրակության կազմում էին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու արտգործնախարար Աբբաս Արաղչին: Վերջինս սոցցանցում գրել է, որ բանակցություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։ Ըստ նրա՝ կդադարեցվեն իրանական նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանման դեմ պատժամիջոցները, իրանական ակտիվների մի մասը կապասառեցվի, և կսկսի գործել Իրանի վերակառուցման և զարգացման ծրագիրը։
Բանակցությունների ավարտին ԱՄՆ փոխնախագահ Վենսը ևս պարզաբանել է, որ առաջընթաց է գրանցվել՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։
Մինչև այս հայտարարությունները միջազգային մամուլում տեղեկություններ ու մտահոգություններ էին հայտնվում բանակցությունների տապալման մասին։ Սկանդալային վերնագրերով հոդվածներում ասվում է, որ իրանական կողմը լքել է բանակցությունների սեղանը և որ հանդիպումը տապալվել է։ Բանն այն է, որ բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել էր, որ եթե Թեհրանը դարձյալ փակի Հորմուզի նեղուցը, իրանցի բանակցողներն այլևս երկիր չեն ունենա։
Նա հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն սահմանել Հորմուզի նկատմամբ, և չի բացառվում, որ նաև տուրքեր գանձի: Այս ձևակերպումներից հետո իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրանական պատվիրակությունը հեռացել է բանակցությունների սենյակից։ Ավելի ուշ սակայն Reuters-ը գրեց, որ իրանական պատվիրակությունը չի հրաժարվել բանակցելուց։
Փոխնախագահ Վենսն ավելի ուշ պարզաբանեց, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է նոր էջ բացել ու վերափոխել հարաբերությունները Իրանի ժողովրդի հետ։
Ուշագրավ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը։ Նա կրկին խոստացել է, որ իր ղեկավարության օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա․
«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում՝ համաձայնագրով թե առանց համաձայնագրի, ես խոստանում եմ ձեզ, որ քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Երբեք: Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»:
Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելի զինված ուժերը կշարունակեն պահել, այսպես կոչված, «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, որքան անհրաժեշտ լինի․
«Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Գազայում: Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Սիրիայում: Մենք անվտանգության գոտի ստեղծեցինք Լիբանանում և կպահպանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»:
Ի պատասխան՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Կասեմը հայտարարել է․
«Թող իսրայելացիները և բոլորը հասկանան սա․ Լիբանանի տարածքում մնալը անհնարին է: Լիբանանի հողում Իսրայելի անվտանգության գոտիներ չեն լինի»:
ԱՄՆ-Իրան բանակցությունների և Իսրայել–Լիբանան լարվածության կապակցությամբ CBS News հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի կանխատեսումը, ըստ որի՝ Վաշինգտոնի և Թեհրանի նախնական համաձայնությունը կձախողվի։
Նա կարծում է, որ բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուժով կգրավի Հորմուզի նեղուցը։




