Միջազգային

«Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և զենք մատակարարել Ուկրաինային

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի և գազի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ։ Այս մասին նշված է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հունիսի 17-ի գիշերը։

«Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթագազային ոլորտին ուղղված սահմանափակումները», — նշված է փաստաթղթում։

Նշվում է, որ հիմա հարմար պահ է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի միջև ձեռք բերված նոր համաձայնությունը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը, որով անցնում են նավթի և գազի համաշխարհային մեծ ծավալներ։

«Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են իրենց միասնականությունն ու անսասան աջակցությունն Ուկրաինային՝ ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ «Հայտնում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդին, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության դեմ իրականացվող հարձակումներից։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի տոկունությունն ու վերջին ամիսներին մարտադաշտում գրանցած հաջողությունները՝ ընդգծելով այն նոր դրական դինամիկան, որն այժմ նկատվում է», — ասված է հայտարարության մեջ։

«Այդ նոր դինամիկային աջակցելու և այն ամրապնդելու նպատակով»՝ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրվող ՀՕՊ համակարգերի, հակահրթիռների (interceptors), հեռահար զինատեսակների և այլ սպառազինության մատակարարումներն ավելացնելու շուրջ։ Նրանք նաև խոստացել են «քննարկել Ուկրաինային համապատասխան լիցենզիաներ տրամադրելու հարցը, ինչը թույլ կտա ընդլայնել ռազմական արտադրությունը հենց երկրի տարածքում»։

Ավելին, G7-ը խոստացել է շարունակել Ուկրաինային աջակցությունը էներգետիկայի ոլորտում, որը կօգնի երկրին հաղթահարել առջևում սպասվող ձմեռը։

Կարդացեք նաև

Back to top button