Միշտ ներկա

Ես չեմ պատմելու, բայց իմ մասին կպատմեն․ «Դժոխքի ձոր»-ի Գևորգ Ավանեսյանի վերջին խոսքերը․ «Միշտ ներկա»

2020 թ-ի պատերազմի օրերին «Դժոխքի ձոր» անունով հայտնի դարձած տեսանյութը մեծ տարածում էր գտել: Շատերի համար անհայտ է մնացել, թե ովքեր էին այդ ձորը թշնամու համար դժոխքի վերածածները: Նրանցից մեկը՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից պայմանագրային զինծայառող Գևորգ Ավանեսյանն էր:

Ասկերանի շրջանից Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի տարածք տեղափոխված Գևորգը դարձել էր իրենց խմբի փաստացի հրամանատարն ու ոգևորողը: Դիրքից դիրք էր անցնում, զինամթերք հասցնում ծառայակիցներին, գնդացիրով կրակում:

Թշնամու մեծաթիվ ուժերին քիչ քանակով էին դիմակայել: Տեսնում էին, թե ինչպես են մի քանի օրվա ընթացքում տանկեր, ՀՄՄ-ներ, ուրալներ, զրահապատ մեքենաներ կուտակվում իրենց դիմաց: Բայց նրանք հետ նահանջ չունեին։

Երբ հասան Բերձորի շրջան, դեռ մինչև դիրքավորվելը, թշնամին կրակ բացեց նրանց վրա: Տղաներն ընկրկեցին, իսկ Գևորգը՝ ոչ: Նա ձեռքերով պաշտպանական փոս փորեց, եղունգներն արյունոտելով դիրքավորվեց և կրակ բացեց թշնամու վրա:

Գևորգ Արթուրի Ավանեսյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ դիպուկահարի արձակած գնդակից, թշնամու մեծաքանակ հարձակումը հետ մղելիս։ Ակնաղբյուրցի զույգ եղբայրները՝ Գևորգը և Գագիկը հուղարկավորված են «Եռաբլուր»-ում։

Հետմահու Գևորգ Ավանեսյանը պարգևատրվել է «Արիություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Տնից-տեղից զրկված, որդիների ու կնոջ կորստյան ցավը սրտում երկարամյա ուսուցչի միակ խնդրանքն այն է, որ հայությունը հայաշունչ դառնա, իսկ հոգով վիրավորվածներին հորդորում է հայրենի հողից չխռովել:

Փառք անմահներին։ «Գևորգ դու իմ մկրտած «Չաուշ» անվանը հավատարմագրված, «ԴԺՈԽՔ» պատվանունը կերտեցիր ու ձորը դարձրիր ՀԱՅ պատվի ԴՐՈՇ»,–խոսքը եզրափակում է Գևորգի հայրը ու հայացքը հառում երկնքին։

Կարդացեք նաև

Back to top button