Համաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023թ․-ից ոչ շուտ․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կարծում է, որ համաշխարհային տուրիզմը կարող է վերադառնալ մինչհամավարակային ցուցանիշներին 2023 թվականից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետների կարծիքով՝ ուղևորությունների աշխուժացումը հնարավոր է արդեն 2022 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում։
«Փորձագետների գրեթե կեսը (45%) կարծում է, որ միջազգային զբոսաշրջությունը կվերադառնա 2019-ի մակարդակին 2024-ին կամ ավելի ուշ, մինչդեռ 43%-ը նշում է վերականգնման մասին 2023-ին»,- ասել է Պոլոլիկաշվիլին։
Նա նշել է, որ միջազգային տուրիզմը կորցրել է ողջ աշխարհում մեկ միլիարդ զբոսաշրջիկի՝ հասնելով 30-ամյա վաղեմության մակարդակին։
Նրա կարծիքով՝ ոլորտի վերականգնմանը կնպաստի պատվաստանյութերի հավասարաչափ բաշխումը, պատվաստումների տեմպերն ու արդյունավետ համագործակցությունը ուղևորությունների հարցում։