ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագիծը՝ ՍԴ-ում
Հանրապետության նախագահը վիճարկում է Դատական օրենսգրքում մարտի 19-ին կատարված փոփոխությունների սահմանադրականությունը։ Արմեն Սարգսյանը կարծում է, որ նոր կարգավորումներն իրավիճակային են և խնդրահարույց։ Օրենսդրական փաթեթով Բարձրագույն դատական խորհուրդը մի քանի նոր լիազորություններ էր ստանում, որոնց շուրջ մասնագիտական գնահատականները միանշանակ չեն։
Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնող օրենսդրական փաթեթը Ազգային ժողովն ընդունեց մարտի 19-ի արտահերթ նիստում՝ հատուկ ընթացակարգով։ Հեղինակները դրա հրատապությունը բացատրում էին փոփոխությունների կարևորությամբ:
Առաջարկվող փոփոխություններից առանցքային էին հատկապես երկուսը։ Դրանցից մեկով Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք է ստանում դատական գործերը քննելու համար իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման դատավորների կազմից ընտրել դատավորներ՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ գործեր քննելու հանգամանքը, դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ դրսևորած հմտությունները:
Փոփոխություններից մյուսով էլ սահմանվում է, որ դատավորներից դժգոհ քաղաքացիները կարող են միանգամից դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ, քննելով հարցը, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։
Հանրապետության նախագահը կարծում է, որ այս փոփոխություններն առերևույթ սահմանադրականության խնդիր ունեն և դիմել է ՍԴ:
Թե ինչպես են մեկնաբանում Նախագահի այս քայլը փոփոխությունների հեղինակները, «Ռադիոլուրը» փորձեց պարզել նրանցից։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց ՝ իր զբաղվածությունը վկայակոչելով։
Հանրապետության նախագահը նշում է, որ օրենքը քննարկել է և նոր կարգավորումները պաշտպանող, և դրանց շուրջ առարկություններ ունեցող կողմերի հետ: Այդ քննարկումների արդյունքում է որոշել դիմել Սահմանադրական դատարան։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է՝ օրենսդրական փաթեթին դեմ էին դատավորները, Փաստաբանների պալատը, մասնագիտական շրջանակները։ Ըստ Զոհրաբյանի՝ օրինաչափ է, որ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ։
«ԲԴԽ-ին տրվում էին դատավորի գործունեությանը միջամտելու լիազորություններ։ Այլ կերպ՝ այդ օրինագծով ԲԴԽ-ն դառնում էր 4-րդ ատյան, ընդ որում՝ առանց արդարադատություն իրականացնելու։ Ստացվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է բողոքարկել դատավորի վարքագիծը, և եթե ԲԴԽ-ն գտնի, որ խախտում կա, ապա կարող է դատավորի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառել։ Եթե դատավորն իշխանության նկատմամբ անհաճո կեցվածք է դրսևորում, ապա հանգիստ կարող է ենթարկվել ճնշումների»,-ասում է Փաստաբանների պալատի նախագահը։
Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը, այն վարույթ ընդունել- չընդունելու հարցին պատասխանելու համար 20 օրյա ժամկետ ունի։