Ինչ սկզբունքներով են արձանները տեղադրվում Երեւանի փողոցներում
Ազգային պատկերասրահի մուտքի մոտ արձաններ տեղադրելու լուրը կրկին բարձրացնում է մայրաքաղաքում շարունակ ավելացող արձանների խնդիրը։ Դրանք հարստացնո՞ւմ են քաղաքի տեսքը, նոր շո՞ւնչ բերում Երեւանին, լա՞վ արձաններ են. ճարտարապետի պատասխանը՝ ռեպորտաժում:
«Տղամարդիկ», «Երեք դուդուկահարներ», «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան». շարքը շարունակելի է: Որակյալ քանդակները պետք է կյանքի կոչել մրցույթով, սակայն մեզ մոտ դա չի արվում, քանի որ հանրապետությունն ապրում է անձնավորված հարաբերություններով՝ ասում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը.
«Մեկը մյուսին, Պողոսը Սամոյին, Սամոն Գոքորին: Եվ այդպես ով ում հետ սրճարանում սուրճ է խմում կամ խաշ է ուտում , պատվեր է ստանում և այլն: Արձանաշինության ոլորտում տխուր իրավիճակ է: Ես կուզենայի լավ բաներ ասել, բայց չեմ կարողանում»:
Արձանի տեղադրման անհրաժեշտություն, քաղաքաշինական վիճակ և ճարտարապետական որակ. սրանք անհրաժեշտ բաղադրիչները պետք է լինեն քանդակ տեղադրելուց առաջ՝ շեշտում է ճարտարապետը։ Հաջող է համարում քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած Սախարովի կիսանդրին, «Լեռնային պար» արձանը: Արամ Մանուկյանի արձանի մասին կարծիքն այլ է:
«Արամ Մանուկյանի արձանի մասին ոչ մի դրական խոսք ասել չեմ կարող: Թող ինձ ներեն հեղինակները, որովհետև մենք կոլեգաներ ենք, չեմ ուզում վատը խոսել»:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանի Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ թագավորի արձաններն են առաջարկումը տեղադրել Ազգային պատկերասրահի մուտքի մոտ։ Ճարտարապետ Զուրաբյանը տեսել է արձանները, գնահատական չտվեց, բայց կարծում է, որ դրանց տեղադրման վայրը համոզիչ չէ:
«Ինձ չի համոզում այդ արձանների տեղը: Այդ կամարաշարը փորձում ես դատարկ թողնել, որովհետև հետին գալերեան պիտի թափանցիկ լինի, որովհետև դա մարդկանց համար է արված»:
Արձանը, ինչպես ճարտարապետական ցանկացած կառույց, պետք է անցնի հանրային քննարկում: Սա էլ ճարտարապետներից Սաշուր Քալաշյանի կարծիքն է: Յուրաքանչյուր արձան պետք է պահանջված լինի հասարակության կողմից:
«Չէ, այդպիսի բան չկա: Երբեմն ձևական բնույթ է կրում հանրայնացման կամ հասարակության քննարկման մեջ, որի արդյունքներից մեկը Արամ Մանուկյանի արձանն է»:
Վերջին շրջանի քանդակներն էլ գնահատում է անհաջող շարք: Ճարտարապետն ավելացրեց նաև արձանի տեղի ընտրության հարցը:
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Մարկ Գրիգորյանն էլ Արամ Մանուկյանի արձանի մասին խոսելով ասում է, որ այդ արձանը լցրեց հասարակության համբերության բաժակը:
«Հիմա ես ձեզ հավաստիացնում եմ, որ ցանկացած արձան Երևանի կենտրոնում արժանանալու է շատ նեգատիվ ընդունելության»:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշեց իր հավանած արձանները: Նալբանդյանի արձանը, Հրաչյա Քոչարի բոլոր գործերն ու նաև որպես ճարտարապետ իր հեղինակած Առնո Բաբաջանյանի արձանը: Արամ Մանուկյանի արձանի մասին կարծիքը հետևյալն է:
«Նենց բաներ կան, որ ինձ համար դա նորություն է: Իմ կարծիքով շնորհալի գործ է եւ քանի որ ամեն նման գործը բարդ խոհանոց ունի, ես կողմ եմ եղել այդ արձանին»:
Մայրաքաղաքն ունի՞ արձանների կարիք. հարցին Լևոն Իգիթյանը պատասխանում է՝ արժանի մարդկանց արձանները միշտ պետք է տեղադրվեն և լավ գործեր պետք է լինեն: Իսկ Ալբերտ Զուրաբյանի կարծիքով՝ վերջին շրջանում արձաններ տեղադրելով չափն անցնում ենք: Քաղաքներ կան, որտեղ արձաններն ավելի շատ են, սակայն դրանք ճարտարապետական հզոր գործեր են: Իսկ մեզ մոտ անհաջող գործեր են ստեղծվում: