Սփյուռքի ձայնը

Սեփական սխալների վրա սովորելու ժամանակը. Սփյուռքի իրավաբանները Երևանում են. «Սփյուռքի ձայնը»

Ինչպե՞ս մասնակցել Հայաստանի օրենսդրական դաշտի զարգացման գործընթացին և միջազգային իրավունքի ոլորտներում հայկական հարցերի բարձրաձայնմանը․ սփյուռքահայ իրավաբանները Հայաստանին օգտակար լինելու գործողությունները սկսվում են միմյանց ու Հայաստանի խնդիրները ճանաչելուց, և շարունակվելու են տարբեր ատյաններում հայանպաստ աշխատանքներով։

Ինչպե՞ս մասնակցել Հայաստանի օրենսդրության մեջ բարեփոխումներ իրականացնելուն՝ ծանոթ լինելով այլ երկրների հարյուրամյա փորձին․ այսօրվա հաղորդման ընթացքում շարունակելու ենք անդրադառնալ  օտարաբնակ հայ իրավաբաններին, նրանց անցած ճանապարհին ու Հայաստանի, Արցախի ու արցախցիների հետ կապված ծրագրերին։

Բրիտանահայկական իրավաբանների ընկերակցության համանախագահ, դատական և միջազգային արբիտրաժի փաստաբան Անդրե Եղիազարյանը, որը ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, նշում է, որ յուրաքանչյուր հայ իրավաբան, որն ունի փորձ ու մասնագիտական պատրաստվածություն, կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը։ «Պարզապես պետք է մեր հայրենիքը մեզ հուշի, թե ինչի կարիք ունի, որոնք են այսօրվա առաջնահերթությունները»,- նշում է փաստաբանը։

Շվեյցարական փորձն իրավական և հատկապես բանկային ոլորտում, աշխարհում համարվում է լավագույններից։ Հնարավոր է վերցնել  շվեյցարական փորձը և այն կիրառել մեր երկրում․ շվեյցարական խոշոր բանկերից մեկում աշխատող իրավաբան Դավիթ Մուրադյանը համոզված է, որ անհնարին ոչինչ չկա, պետք է պարզապես աշխատել  համակարգի զարգացմանը ի նպաստ՝ դա անելով երկրների փոխգործակցության շնորհիվ։

Սլովակիան, որը թե՛ տարծքային, թե՛ բնակչության թվի առումով շատ նման է Հայաստանին, տարիներ շարունակ փոքր-փոքր քայլերով փորձում է առաջընթաց ունենալ՝ իր աշխատասիրության ու նպատակային գործողությունների շնորհիվ, ասում է Սլովակիայում  կայացած միակ հայ փաստաբանը՝ Գևորգ Այրումյանը։ Գևորգը, այս հանդիպումը լավ հնարավորություն համարելով, համոզված է, որ եթե հայ իրավաբանների հետ ֆորումին մասնակցեին նաև օտար մասնագետները, ապա այլ երկրներում աշխատանքների արդյունավետությունն ավելի մեծ կլիներ։ «Միջազգային իրավական հարթությունում դրական արդյունքների հասնելու համար պետք է նախ մենք մեր սխալների մասին խոսենք»,- համոզված է:

Back to top button