ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երկրորդը՝ տիեզերքում, առաջինը՝ Հայաստանում․ տիեզերական ի՞նչ ուղի է անցնելու առաջին հայրենական արբանյակը

2022թ․-ի մայիսի 25-ին ԱՄՆ-ից իսպանական SATLANTIS ընկերության հրթիռով Հայաստանը տիեզերք «գործուղեց» իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը։ Այս տարի արդեն տիեզերական ուղևորության է շտապում առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Ի տարբերություն առաջին արբանյակի՝ երկրորդը տիեզերք կհասնի տիեզերական գործունեությամբ զբաղվող մասնավոր հատվածի ջանքերով։ Խոսքը «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա և Գիտական նորարարության և կրթության կենտրոն (CSIE) հիմնադրամների համատեղ աշխատանքի մասին է։ Ի՞նչ բնութագիր ունի հայրենական առաջին արբանյակը, ո՞վքեր են «առաջնեկի կնքահայրերը», և ի՞նչ հեռանկարներ կարող է բացել հայկական միտքը տիեզերքում։ «Ռադիոլուրի» հարցերին պատասխանել են Հայասաթ-1 թիմի անդամները։

Այս պատմությունը սկսվել է ուղիղ 35 տարի առաջ՝ մեկ մարդու նախաձեռնությունից։ Նախաձեռնությունը արտադպրոցական խմբակ ստեղծելն էր՝ տիեզերքը սիրողների ու տիեզերքով ապրողների համար։ Նպատակը՝ ավիատիեզերական գիտելիքներ փոխանցելը, խայծը՝ օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության ամենահետաքրքիր հանելուկները։ Խմբակը ստեղծեց մասնագետներ, մասնագետները՝ «Բազումք» լաբարատորիան (2020-ի վերջին, «Բազումքը» երիտասարդ աստղախումբ է տիեզերքում): Տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր և տնօրեն, Հայասաթ-1 թիմի գլխավոր գիտնական Ավետիք Գրիգորյանն է պատմում․

«Այդ սերունդն իր հասկակիցներից տարբերվեց նրանով, որ շատ լավ գիտեին գիտական մոտեցումները, քննական, ստեղծագործական մոտեցում և ազատ մտածողություն ունեին, որ սահմանափակված չլինեն եղած գիտելիքներով և անպայման նորարարության միտված լինեն։ Այդյունքում՝ հենց այդ գործընթացից աճած մասնագետները, հատկապես նրանք, ովքեր պահպանեցին այդ սերը տիեզերագիտական ոլորտներում, հիմնեցին «Բազումքը»»։ 

Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE) հիմքերը դրվել են 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո։ Մի խումբ սփյուռքահայ գիտնականներ որոշեցին Հայաստանում զարգացնելու օդային ռոբոտաշինությունը։ Արդեն 2020-ի պատերազմից հետո հետո թիմը հասկացավ, որ պետք է աշխատանքներն ավելի ինտեսիվ դրաձնել, և այդպես 2021-ին ստեղծվեց «Գիտական նորարարության և կրթության կենտրոնը» (Center for Scientific Innovation and Education)։

Հայաստանում տիեզերական գործունեություն սկսելիս հիմնադրամն առաջին քայլը սեփական ուժերով արբանյակ ստեղծելն էր համարում։ Հենց այս գաղափարի շուրջ էլ սկսվեց Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի ու «Բազումք» լաբարատորիայի համագործակցությունը։ Արդյունքում՝ արդեն կազմ-պատրաստ է «Հայասաթ 1»-ը։ Լաբորատորիայի համահիմնադիր և հետազոտող, Հայասաթ-1 թիմի համակարգերի ինժեներ Վաչիկ Խաչատրյան․

«Սա, եթե համեմատենք, Հայաստանի համար նույնն է, երբ Խորհրդային Միությունն իր առաջին արբանյակը՝ «Սպուտնիկն» ուղարկեց տիեզերք: Այստեղ է հավաքվում, փորձարկվում, ծրագրավորվել, այսինքն` տեխնիկական բոլոր խնդիրներին Հայաստանի մասնագետներն են բախվել, չնայած կոմպոնենտները/բաղադրիչները գնվել են, բայց դրանց հետ կապված տեխնիկական խնդիրները բազմաթիվ էին։ Այսինքն՝ գործընթացը բավական բարդ է եղել, և դրա վրա ամբողջ թիմը շատ մեծ հենք է ձեռք բերել, որը կարող է օգտագործել հետագա նախագծերի մեջ»:

Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը բնականաբար տեխնիկապես համեմատելի չի ARMSAT-1 ի հետ քանի որ չունի կիրառական նշանակություն, սակայն որոշիչ դեր կունենա այս ոլորտում անկախացման ուղին բռնած պետության համար։ Ավետիք Գրիգորյանի դիտարկմամբ` կան արդիական խնդիրներ, որոնք հապճեպ լուծում են պահանջում և չեն կարող սպասել հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս իրավիճակում ճիշտ մոտեցումը միաժամանակ երկու ուղղությամբ աշխատանքներ սկսելն է։

«Մի կողմից՝ պետությունը հոգաց այն մասին, որ ունենանք այն, ինչի կարիքն ունենք և դրա հետ կապված փորձառությունը ձեռք բերենք։ Բնականաբար, գնվեց այդպիսի արբանյակ։ Փոքր արբանյակները ստանդարտ չափեր ունեն` 1, 2, 3, 8, 16 միավոր և այլն։ Կոնկրետ գնված արբանյակը 16 միավորանոց արբանյակ է, որն իր վրա փոքր աստղադիտակ ունի։  Այն հնարավորություն է տալիս երկրի մակերևույթի պատկերներ ստանալ 2-2,5 մետր լուծունակությամբ, ընդ որում՝ ուղղելով ցանկալի ուղղությամբ, հրահանգելով, թե որ ուղղությամբ նայի՝ երկրի մակերևույթը մեր ուզած հետագծով «շոշափելու» համար։ Սա այսօրվա մեր խնդիրների համար որակով բավարար էր, իհարկե ավելի լավն ավելի լավ կլիներ, բայց դա նաև գնի հարց է։ Ճիշտ որոշում կայացվեց, գնվեց այդ արբանյակը։ Բայց հարցն այն է, որ այդ արբանյակի վրա ոչ մի հայ մասնագետ չի մտածել, չի աշխատել, չի ստեղծել, չի փորձարկել։ Այն պարզապես գնվել է։ Սա առայժմ սպառողական մոտեցում է, որից խուսափել չենք կարող։ Պետք է հիմքից՝ դպրոցական կրթությունից, բերել–հասցնել այն հնարավորությանը, որ մենք ստեղծենք մերը և գնալով ավելի մեծ, ավելի լուրջ արբանյակներ։ Դրա համար մենք այդ ճանապարհով էլ ենք գնում»։ 

Ֆիզիկապես 1 միավորը 10 սմ խորանարդ է։ Հայաստանում հավաքված առաջին արբանյակի կշիռը 1 կգ է։ Դրա վրա աշխատել է մեկ տասնյակից ավելի մասնագետների խումբ: Արբանյակն արդեն պատրաստ է, մինչև տիեզերական ուղևորությունը նախ երկրագնդի վրա որոշակի ճանապարհ պետք է անցնի: Այն կգնա Եվրոպա` թեստավորում անցնելու, այնուհետև պետք է ինտեգրվի տանող հրթիռից անջատող տեղակայքի հետ, որից հետո կհասնի արձակման վայր: Նախատեսվում է  Space X ընկերության հրթիռով տիեզերք արձակել նոյեմբերի վերջին: Այնուհետև սկսվելու է արբանյակի գործարկման և շահագործման շրջանը․ ուղեծիր դուրս գալուց հետո այն բացելու է անտենաները  և պարբերական ազդանշաններ է  ուղարկելու, որոնց մեջ էլ կոդավորված ինֆորմացիան է` իր համակարգերի աշխատանքի վերաբերյալ: 

Արբանյակի համակարգչին ինֆորմացիա կհաղորդի նաև երկրորդային օգտակար բեռը` կողմնորոշման փոփոխությունները չափող իներցիոն սարքը։ Ամեն անգամ Հայաստանի վրայով անցնելիս արբանյակը Բազումքի վերգետնյա կայանքից համապատասխան հրահանգ կստանա, և տվյալների ողջ փաթեթը կհաղորդվի Երկիր ու կընդունվի  Բազումքի կայանքի կողմից: Երկկողմանի կապը հնարավոր է դարձնում կառավարումը: Ըստ նախատեսվածի` արբանյակը կգտնվի 550 կմ բարձրությանբ երկրաշուրջ ուղեծրում, ըստ էության՝ բարձր ու շատ նոսր մթնոլորտային շերտում, հասարակածի հետ ուղեծրի հարթության թեքությունը կկազմի 97.6 աստիճան: Սա Երկրային ցածր ուղեծիրն է (Low Earth orbit), որտեղ ուղարկվում են կարճատև գործունեություն իրականացնող արբանյակները: Թռիչքը ենթադրաբար կտևի տարիներ և, ամենայն հավանականությամբ, կավարտվի արբանյակի «ոչ բնական մահով»՝ աստիճանական արգելակում բարձր մթնոլորտային շերտերում, բարձրության անկում, ներխուժում մթնոլորտ և այրում: Ավետիք Գրիգորյան.

«Մեր արբանյակը, որը պատրաստվում ենք արձակել, ընդամենը 1 միավոր է՝ հիմնականում ստանդարտ հնարավորություններով, միակ ոչ ստանդարտ բանը երկրորդային օգտակար բեռն է, որը հայրենական չափիչ սարք է և պետք է կարողանա արբանյակի կողմնորոշման փոփոխությունները գրանցել ու հաղորդել մեզ, որ տեսնենք՝ ինչ ճշգրտությամբ է աշխատում, ինչպես է դիմանում տիեզերական ծանր պայմաններին։ Եթե տիեզերքում փորձարկվի և կարողանա աշխատել, ապա կարող է կոմերցիոն հնարավություններ բացել մեր առաջ։ Այդ առումով էապես տարբեր արբանյակի մասին է խոսքը, բայց շատ ավելի թույլ, փոքր, պարզ և էժան։ Մյուս կողմից՝ դա պոտեցիալ է, հեռանկար, ինքուրույն զարգացնելու, ինքնուրույն մտնելու տիեզերական ոլորտ և մեր արժանի և արժեքավոր տեղը զբաղեցնելու տիեզերական շուկայում»։ 

Սա, Ավետիք Գրիգորյանի դիտարկմամբ, Հայաստանում տիեզերական գործունեություն ծավալելու դեռևս «մանկական քայլն» է: Այս բնագավառն այս պահին խոպան հող է, որը մշակելու կարիք ունի: Մասնավոր կազմակերպությունները համագործակցում են ԲՏԱ նախարարության հետ ռազմավարություն մշակելու, օրենսդրական կարգավորումները բարելավելու ուղղությամբ: Եթե որևէ ճակատում ձախողեն, ապա կձախողվի ամբողջ գործընթացը: Մինչդեռ հաջողելու պարագայում տիեզերական բնագավառը հնարավոր է լոկոմոտիվ դարձնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտների և լայն պողոտա` պետության համար` կարծում է Գրիգորյանը: Իսկ այդ կետին հասնելու համար պետք է սկսել մարդկանց «ներքին շարժիչից»։ 

«Մինչև մարդու ներքին շարժիչը չաշխատի, ոչինչ չի աշխատի` ոչ ստիպելը, ոչ շահագրգռելը, ոչ էլ համոզելը: Ներքին շարժիչը երեխաների դեպքում հետաքրքրությունն է, հասուն տարիքում` առաքելությունը, ներդրումը քո երկրի, ազգի ճակատագրական խնդիրների լուծման մեջ: Մենք ուզում ենք, որ այս պատմական և ոգեշնչող իրադարձությունը, որ պետք է տեղի ունենա, այդ դերն էլ ունենա: Մարդկանց գաղափարը, պատկերացումը փոխի, որ կարող ենք, որ դրանք ֆանտաստիկ երազներ չեն: Եթե մեր ուժերին չհավատանք ու այդ պատճառով չանենք, 100 տոկոս չենք անի: Իսկ եթե հավատում ենք, կարող է հաջողենք: Մեծ շանսեր կան, որ մենք կկարողանանք սկսել , գնալ այդ ուղղությամբ ու չկանգնել այլևս: Գնալ և մեր տեղը զբաղեցնել տիեզերական տերությունների շարքում, անել այն, թեկուզ փոքր, ինչ աշխարհը դեռ չի արել, իսկ դու արեցիր, և դա պետք եղավ աշխարհին»։ 

Համաշխարհային տիեզերական շուկայում իրենց տեղն ամրապնդելու համար մասնավոր կազմակերպությունները մտածում են նորարարական լուծումների ուղղությամբ: Այժմ էլ որոշակի գաղափարներ կան, սակայն նախընտրում են այդ մասին խոսել իրականացումից հետո միայն: 

«Հայասաթ-1» անունն ընտրվել է հաշվի առնելով, որ մեր համար պատմական իրադարձությունը պետք է Հայաստանի հետ ասոցացվի (Հայա+satellite անգ.` արբանյակ): Արբանյակի տիեզերական ուղևորության մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի reArmenia հարթակի միջոցով: 

Back to top button