ԿարևորՀասարակություն

Հայ-թուրքական սահմանի բացում․ ռիսկերն ու հնարավորությունները

Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, և դրա կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ է պատվիրել։ Որոշման նախագիծը  ներառված է կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում։ Մաքսակետի կառուցման, նախագծային աշխատանքների ու անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 733 միլիոն դրամ։

Մարգարայի կամուրջի գորժարկման մասին այսօր խոսվել է նաև խորհրդարանում, իսկ ավելի վաղ  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել, որ «հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա»։

Գործադիրի առաջիկա նիստում կքննարկվի հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, մաքսակետ կառուցելու հարցը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ժամկետները սուղ են, և անհրաժեշտ է աշխատանքները կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Հաշվարկներն արդեն արված են՝ նախագծային ածխատանքների համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերումը  գնահատվում է  շուրջ 733 միլիոն դրամ։ Նախագծումն իրականացնելու է «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն, իսկ շինարարության կապալառուներ «Արտկոն» և «Սահակյանշին» ընկերություններն են։

Մինչ գործադիրը կանդրադառնա հարցին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանում հայտարարում է, որ կամուրջը պատրաստ է գործարկման։ Այլ խնդիր է, թե որքանով այն պատրաստ կլինի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։

«Կամուրջը պատրաստ է սպասարկելու, կարող է համապատասխան բեռները, ծավալները իր վրա կրել։ Եթե ձևակերպենք, ապա կամրջի խնդիրն այն է, որ նեղ է, միակողմանի երթևեկության համար է, լայնությունը այնպիսին է,որ կարող է մեկ մեքենա անցնել»։

Գնել Սանոսյանի կարծիքով՝  ապրանքաշրջանառության ծավալների ավելացման  դեպքում   նպատակահարմար է ոչ թե գործող կամուրջը լայնացնել, այլ երկրորդը կառուցել։ Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն  Թաթուլ Մանասերյանը նկատում է՝  ոչ բարեկամական երկրների հարաբերությունների աստիճանական ջերմացումը սկսվում է դիվանագիտական հարաբերություններից ու  սպասարկման՝ այս դեպքում զբոսաշրջության ոլորտից։  Բայց  այս դեպքում ակնկալվում է, որ Հայաստանից ավելի շատ կգնան, քան կգան՝ Հայաստանով հիանալու։ Ավելին՝ ստվերային առևտրաշրջանառությունը Թուրքիան տարիներ շարունակ զարգացրել է։   

«Հիմնականում մենք ներմուծում ենք, այլ ոչ թե արտահանում։ Նույնը կարող ենք ասել նաև զբոսաշրջության վերաբերյալ։ Տարիներ շարունակ չունենալով դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիան, իր տնտեսական շահը գերադասելով, բացառություն է անում, որպեզի հայ զբոսաշրջիկները գան ու գումարները թողնեն, այսպես ասենք, բարեկամ Թուրքիայում»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծում է՝  թուրքական շուկան փակ է հայկական ապրանքների համար, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմվում է միայն ներմուծման հաշվին։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Աննա Փախլյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝  2022-ն Թուրքիայից Հայաստան ներմուծումը 263 մլն դոլար է կազմել, արտահանումը՝ մի քանի անգամ պակաս՝ 61 մլն դոլար։

«Հիմնականում հունիս-հուլիս ամիսներին ոսկու արտահանման ծավալների հաշվին է արտահանումը կատարվել։ Մինչ այդ  Հայաստանից ոսկի չի արտահանվել։ Ներմուծման կառուցվածքը գրեթե չի տարբերվում մինչև սահմանափակումների կիրառումը նկատված միտումներից։ Հիմնականում ներմուծվել են տեքստիլ արտադրանք, շինարարական նյութեր։ Եթե գործվածքի ու կտորի  դեպքում դրանք տեղական արտադրության համար հումք են հանդիսանում, ապա պատարստի արտադրանքի, հատկապես շինանյութի այն տեսակները, որոնք մրցակցում են, արդեն խնդիրներ են ստեղծում տեղական արտադրողների համար»։

Տնտեսագետն արձանագրում է՝ սահմանների  վերաբացման արդյունքում  տրանսպոտային ծախսերի կրճատման ու առևտրային ուղիղ հարաբերությունների հաշվին ապրանքաշրջանառության ծավալները մոտ 50 տոկոսով կարող են ավելանալ։ Կախված այն համգամանքից, թե որ նավահանգստից ապրանքները կհասնեն Հայաստան, պարզ կդառնա, թե որքանով կնվազեն ապրանքների գները։

«Ներկայումս այլ երկրներից կոնտեյներային փոխադրումներ իրականացնելու համար մենք օգտվում ենք  Վրաստանի Փոթի (Երևանից հեռու է 591 կմ) ու Բաթումի (Երևանից հեռու է մոտ 455 կմ) նավահանգիստներից։ Թուրքական չորս խոշոր կոնտեյներային նավահանգիստներից Երևանին ամենամոտը Ամբառլի նավահանգիստն է, որի հեռավորությունը 405 կմ է»։

 Սահմանները բացելիս  եթե ոչ թվային հաշվարկներ, ապա գոնե գործոնային վերլուծություն պետք է ներկայացվի՝ ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոն Թաթուլ Մանասերյանն ու ընդգծում։

«Իրականում մենք տնտեսական էքսպանսիայի շատ լուրջ, բացասական հետևանքներ կունենանք։ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ։ Կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է   հաշվի առնենք։ Հայաստանի տնտեսությունն իր չափերով փոքր է, և մասշտաբի էֆեկտը, որ ունի Թուրքիան, նույն ապրանքների արտադրությւոնն ավելի խոշոր մասշտաբով ինքնարժեքն է իջեցնում ու գինն ու մրցունակությունն է բարձրացնում։ Թուրքական ապրանքների հետ մենք այսօր բառացիորեն մրցել չենք կարող, դա անհնար է»։

Տնտեսագետը հիշեցնում է՝ Թուրքիան 80 միլիոնանոց սպառողական շուկա է, տարածաշրջանի ամենազարգացած երկիրը, ՀՆԱ-ում պատրաստի արտադրանքի ծավալով  ավելի մրցունակ, քան ՌԴ-ն, որտեղ գերիշխողը նավթն ու գազն են։

Back to top button