ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ի՞նչ են քանդում ու վերանորոգում 80-ամյա «Հաղթանակ» կամրջի վրա

1940-ականներին գերմանացի գերիների կառուցած «Հաղթանակ» կամուրջը ամուր է ու սեյսմակայուն, բայց տարիների ընթացքում կառուցատարրերը քայքայվել ու մաշվել են, հատկապես՝ մայթերն ու կողային աստիճանները։

Կամրջի վերանորոգումը սկսվել է փետրվարին։ Շինարարները աշխատանքները սկսելուց հետո են պարզել, որ նախատեսված կոսմետիկ վերանորոգումից բացի, կամրջի որոշ հատվածներ հիմնովին ամրացվելու կարիք ունեն։

«Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ պարզապես պիտի սալիկապատենք աստիճանները, բայց երբ սկսեցինք մակերևույթը քանդել նկատեցինք, որ ամբողջ կանստրուկցիան վթարային վիճակում է, քայքայված է, ու քաղաքապետարանի հետ որոշում կայացվեց, որ պետք է ապամոնտաժենք ու նորից կառուցնեք, քանի որ ամեն վայրկյան կարող է քանդվել․ նույնիսկ հենց այս պահին, որ մենք կանգնած ենք»,– ասում է շինարարական ընկերության փոխտնօրեն Վիկտոր Քոսյանը։

Մի քանի օր է՝ շինաշխատանքները հիմնականում կամրջի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Աթենքի փողոց՝ Հրազդան մարզադաշտ գնացող ուղղությամբ են ընթանում։ Շինարարները խոստանում են՝ երթևեկելի գոտին կբացեն, հենց ավարտեն եզրաքարերն ապամոնտաժելն ու նորերը տեղադրելը։ Իսկ մյուս ուղղությամբ երթևեկելի գոտին արդեն բաց է։

«Մայթի ներքևի բետոնե ծածկը ամբողջությամբ ապամոնտաժել ենք, նորն ենք տեղադրել, արդեն սալիկապատում ենք մոտավորապես 200 քմ է մնացել, որ ավարտենք»,– ասում է Քոսյանը։

Քանի դեռ շինաշխատանքները չեն ավարտվել, կամրջով երթևեկողները տարբեր փորձությունների են ենթարկվում․ մայթեզրի գործող երթևեկելի գոտին ոչ միայն շիտեխնիկային, այլև հետիոտներին է ծառայում։ Հավելյալ ծանրաբեռնվել են առանց այդ էլ խիտ երթևեկությամբ աչքի ընկնող Իսակովի և Մաշտոցի պողոտաների սկզբնամասերը։

«Կամուրջը վերանորոգելը առաջնահերթություն է, բայց դրան զուգահեռ պետք էր նախօրոք կազմակերպել երթևեկության հարմարավետությունը»,-երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատրյանը թվարկում է այն քայլերը, որոնք կթեթևացնեին շինարարության պատճառած անհարմարությունները՝ լուսացույցների աշխատանքային ռեժիմի փոփոխություն, պարեկային ուժեղացված ծառայություն և ոչ միայն։ 

«Կարծում եմ, որ շինաշխատանքներին զուգահեռ պիտի լուսացույցերի աշխատանքային ռեժին փոփոխվեր, կամ պարեկներն ավելի ուժեղացված ծառայություն իրականացնեին։ Բացի դրանից, օրինակ, ձախակողմյան հատվածում շինաշխատանքները կատարել ավարտել են, բայց հետաշխատանքային գործընթացները, օրինակ մաքրման, ասֆալտապատման աշխատանքները չեն կատարել․ արդյունքում՝ առաջին երթևեկելի գոտին լիարժեք օգտագործել չի լինում, այդ գոտիով երթևեկողները առաջին ու երկրորդ շարքերի արանքով են երթևեկում, քանի որ այդ եզրամասի ասֆալտն ամբողջությամբ քանդված է՝ սուր անկյուններով, քարերով և այլն։ Հիմա հայտարարում են՝ մի մասն ավարտել ենք, անցել ենք մյուսին, չէ հավատացեք՝ չեք ավարտել»,-ասում է Արտակ Խաչատրյանը։

Մասնագետը դրական նկատառումներ էլ ունի․ վերջին տարիներին, ըստ նրա, քաղաքային իշխանություններն ավելի հետևողական են, փողոցների նորոգվող հատվածներն ավելի ճիշտ են կահավորում։ «Հաղթանակ» կամրջի դեպքում էլ շինտարածքը համապատասխան նշաններով կահավորված է՝  ասում է մասնագետն ու ընդգծում ՝ խնդիրը ժամկետների ու աշխատանքների կազմակերպման մշակույթի մեջ  է։

«Ինչո՞ւ են, օրինակ՝ Եվրոպայում երկու օրում՝ շաբաթ–կիրակի, էստակադա կառուցում։ Պատասխանը միանշանակ է՝ որովհետև երկուշաբթի առավոտյան շվեյցարացի ժողովուրդը պետք է անարգել աշխատանքի գնա։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում, շինաշխատանքները պարտադիր պետք է իրականացվեն երկուշաբթիից ուրբաթ ցերեկվա ժամերին, որ հնարավորինս ավելի շատ ծանրաբեռնեն ու անհարմարություն պատճառեն»։

«Հաղթանակ» կամրջի վերանորոգումն իրականացնող ընկերությունը լավ լուր ունի․ շինարարությունը նախատեսվածից ավելի շուտ՝ աշնան վերջի փոխարեն ամռան կեսին կավարտեն։ Վերանորոգումից հետո կամուրջը նաև նոր լուսավորություն կունենա, կմաքրվեն ու կներկվեն ճաղավանդակները։ Շինարարները վստահեցնում են՝ եթե երևանցիները մի քիչ էլ համբերեն, երկար ժամանակով կարող են մոռանալ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը համարվող՝ 200 մետր երկարություն, 25 մետր լայնություն, 34 մետր բարձրություն ու յոթ կամար ունեցող 80–ամյա պատմական այդ կառույցի վերանորոգման պատճառած անհարմարությունների մասին։

Back to top button