ՀաղորդումներՄտքի ուժը

«Կյանք փրկող» պատրաստուկներ կարտադրվեն նաև Հայաստանում․ «Մտքի ուժը»

Աշխարհում կար, բայց այն, ինչ առաջարկում են ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանության լաբորատորիայի գիտաշխատողները, ռազմավարական նշանակություն ունի։

Այս պատրաստուկներն իրականում աշխարհում համարվում են «կյանք փրկող»։ Այս դեղմիջոցների պահանջարկն աշխարհում ավելի շատ է, քան առաջարկը։  ՀՀ ԳԱԱ  Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի  թունաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գայանե Կիրակոսյանը պատմում է․

«Մարդու արյունից ստացվող պատրաստուկներն ամբողջ աշխարհում համարվում են «կյանք փրկող» պատրաստուկներ։ Գնալով դրանց պահանջարկը մեծանում է։ Դրանք իրենց փոխարինող ոչինչ չունեն։ Մարդու արյան պլազման այժմ ամենաթանկ հումքն է ամբողջ աշխարհում, իսկ դրանից պատրաստվող դեղերն անփոխարինելի են բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման ժամանակ»։  

Արտադրանքն արդեն կա։ Թե՛ իմունոգլոբուլինը, և թե՛ շիճուկային ալբումինը ներարկման համար են նապատեսված։ Հետազոտական աշխատանքները մեկ տարուց ավելի է, ինչ իրականացվում են։ Գիտական խմբին երկար ու դժվար ճանապարհ է սպասվում.

«Այստեղ մեր խնդիրն է, որպեսզի մենք ցույց տանք, որ մեր արտադրությունը ոչնչով չի զիջում միջազգային դեղորայքին։ Դրա համար պետք է ցույց տանք, որ իրենց բոլոր պարամետրերով համապաատսխանում ենք եվրոպական ֆարմակոպիայում գրված ցուցանիշներին»։  

Փորձերը նախ կենդանիների վրա են կատարվում։ Բայց մինչ դրանք սկսելը, երկար ճանապարհ են անցնում։ Նախնական հրահանգն են ստանում, ապա հասկանում, թե ինչ ուղղությամբ են շարժվելու, ինչ արդյունք են ստանալու ու ինչ են կիրառելու այդ ընթացքում։ Հետո արդեն՝ ամեն ինչ ըստ բաժանված հերթականության։ Թունաբանության լաբորատորիայի կրտեսեր գիտաշխատող Գևորգ Ղուկասյան.

«Փորձերը սկսենք փոքրերից դեպի մեծ՝ մկների, առնետների, նապաստակների վրա։ Ունենք նաև մեր սիրելի ոչխարիկը»։  

Փորձերը սկսում են՝ պահպանելով անվտանգության պարզ կանոնները, մասնագիտական անհրաժեշտ պարագաներ կիրառելուց ու քայլերի ճիշտ հերթականությունից՝ ասում է Գևորգը։ Նա փորձերի ժամանակ կենդանիների հետ դեռ չի խոսում, բայց Գայանեն զրուցում է․  

Օրինակ նապաստակները վախկոտ են, ես միշտ շոյում եմ, ջերմ խոսքեր եմ ասում։ Փորձում եմ հանգստացնել կենդանուն, որպեսզի մինիմալ սթրես ապրի։ Մենք կենդանիների վրա փորձեր շատ ենք դնում, բայց մենք կենդանասեր ենք։ Դա մեր մասնագիտությունից է գալիս»։

Գիտություն-տնտեսություն կապը կարող է  այս դեպքում ամուր լինել։ Հետազոտական աշխատանքներն իրականացվում են գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհի միջոցով։ Գումարի մեծ մասը՝ 24 մլն կոմիտեն է տրամադրել, 6 մլն-ը համաֆինանսավորել է  մասնավորը։ Որ կառույցն ի վերջո պետք է զբաղվի գիտական ռազմավարական նշանակություն ունեցող առաջարկը արտադրական ծավալների հասցնելու գործում։ ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի  թունաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գայանե Կիրակոսյանը կարծում է, որ ինչ-որ մի փուլից իրենց պետք է պետությունը միանա։

Գայանե Կիրակոսյանը 20 տարուց ավելի է գիտությամբ է զբաղվում․ հիշում է՝ 90-ականների  դժվար տարիները, այժմ ավելի հեշտ է՝ ասում է։ Վստահ է՝ առանց դրամաշնորհների գիտություն զարգացնել հնարավոր չէ։

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանության լաբորատորիայում նաև կենդանական ծագման մոնովալենտ յուրահատուկ հակաթույն են մշակում։ Այն այժմ Հայաստանում շատ արդիական է։ Հայկական իժի դեմ  հայկական հակաթույն չկա։ Տեղական շուկայում ուզբեկականն է, որը իհարկե առաջին բուժօգնության դեպքում տալիս են, բայց ավելի շատ են կողմնակի, քան օգտակար ազդեցությունները։ Այս լաբորատորիայում արտադրել են հայկական իժի դեմ հակաթույնը, որն այժմ փորձարկման փուլում է։

Back to top button