ԿարևորՎերլուծական

Բնական աղետը լրջորեն սասանել է Թուրքիայի տնտեսությունը և ջրի երես հանել թաքնված խնդիրները

Առաջիկա մեկ-երկու տարում Թուրքիայի քաղաքական ու տնտեսական կյանքում զգալի կլինեն բնական աղետի հետևանքները՝ համոզված են տնտեսագետները։ Դրանք հաղթահարելը Անկարայից մեծ ջանքեր ու ներդրում կպահանջի անգամ միջազգային մեծ օժանդակության դեպքում։ Վերլուծաբաններն ասում են նաև, որ աղետի հետևանքները ջրի երես են հանել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության թաքնված խնդիրները։

Թուրքիային պատուհասած բնական աղետի հետևանքների մասին վերլուծությունները լրջորեն սասանում են այդ երկրի՝ ուժեղ ու հզոր տնտեսություն ունենալու պնդումն ու հեռանկարը։ Տնտեսագետները մատնացույց են անում նորակառույց շենքերի հիմնովին փլուզվելու հանգամանքն ու նկատում, որ միֆ էր նաև Թուրքիայի՝ արագ և որակյալ շինարարություն ունենալու թեզը։ Ուշագրավ է փաստը, որ այս ոլորտի  հիմնական դերակատարներից մեկը  Էրդողանի որդին է՝ Բիլալ Էրդողանը։

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը թուրքական տնտեսության տխուր վիճակին ավելացնում է թուրքաքկան արժույթի՝ լիրայի գահավիժումը, որը բնական աղետից շատ ավելի շուտ էր սկսվել։ «Բոլոր բացասական կանխատեսումները ճիշտ են»,- ասում է վերլուծաբանը։

«Իրականում ակնհայտ  են երկրաշարժի վնասները։ Արդեն հայտնի է, որ Bloomberg-ի գնահատականներով վնասներն  ընդհուպ ՀՆԱ-ի մինչև 10 %-ին կհասնեն։ Oxford Economics-ը կանխատեսում է ՀՆԱ-ի մինչ 0.4 % վնաս։ Դա վերաբերում է աղետի գոտու 10 շրջանների վնասաներին»։

Սրանք ընթացիկ վերլուծություններ են, ամբողջական վերլուծություն դեռ հնարավոր չէ անել՝ ասում է զրուցակիցս։ Աղետի գոտու 10 շրջաններում կենտրոնացված է Թուրքիայի աշխատուժի 15 տոկոսը։ Երկրաշարժն այդ շրջանների արդյունաբերությանը վնաս չի հասցրել, սակայն այդ շրջաններն, ըստ տնտեսագետի, կարևոր էին արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքների  տեղափոխման շղթայում։  Հաղորդակցության ուղիների փլուզումը լրջորեն հարվածել է Թուրքիայի տնտեսությանը՝ համոզված է տնտեսագետը։

«Երկրաշարժի հետևանքների վերացման, սոցիալական օժանդակությունների հատկացման հանգամանքով պայմանավորված՝ թուրքական պահուստներն ավելի կկրճատվեն։  Պետք է հիշեցնեմ, որ թուրքական պահոցները 2021 թվականից սկսած, իսկ 2022-ին ավելի շատ, կրճատվում էին,  և այդ միջոցներն ուղղվում էին լիրայի որոշակի դիրքի պահպանմանը, և ինչպես տեսնում էինք, ոչ այնքան արդյունավետ։ Թուրքիայի տնտեսությունը մինչ երկրաշարժը լուրջ խնդիրների առաջ էր կանգնած պայմանավորված իշխանությունների վարած դրամավարկային քաղաքականության հետ»։

Թուրքիայի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է, որը նույնպես, ըստ տնտեսագետի, լուրջ վնասներ է կրել բնական աղետի հետևանքով։ Անվստահությունն ու անվտանգային խնդիրներն, ըստ նրա, ամենահիմնական խոչընդոտներ են այս ոլորտի համար։

«Թուրքական տնտեսության համար զբոսաշրջությանը մասնաբաժինը ՀՆԱ-ի 10-11% է կազմում, ինչը բավականին լուրջ թիվ է ։ Այս ամենը դեռ ընթացիկ գնահատականներ են, բայց ակնհայտ է, արդեն, որ այս ամենը լուրջ  հարված է Թուրքիայի տնտեսության համար»։

Թեև իշխանությունները վստահեցնում են, որ արագ կհաղթահարեն երկրաշարժի հետևանքները,  սակայն այս հարցում թերահավատ են հենց թուրք տնտեսագետները։ Նրանք դա անհնար են համարում՝ մատնանշելով, որ ամբողջական շրջաններ պետք է քանդվեն։ Բացի դրանից՝ բնական աղետի հետևանքնով  ի հայտ եկած խնդիրները  մեծացրել  են իշխանություններից հասարակական դժգոհությունը, ինչն ուղիղ հարված է Էրդողանի վարկանիշին։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ երկրաշարժի հետևանքները փոփոխություններ մտցնեն Անկարայի վարած քաղաքականության մեջ։

«Ավերիչ երկրաշարժը տարբեր հաշվարկներով 13-15 մլրդ դոլարի վնաս է հասցրել թուրքական տնտեսությանը, որը մինչև այդ էլ այնքան էլ լավ վիճակում չէր։ Այս ամենը զսպիչ գործոն կհանդիսանա Էրդողանի համար և մի փոքր կսթափեցնի նրան, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում հայտարարություններ չանի և  այդ տեղերում իր ներկայությունը չապահովի»։

Հաշվի առնելով Էրդողանի՝ ոչնչի առջև կանգ չառնելու քաղաքականությունը՝ չի բացառվում, որ վարված սխալ տնտեսական քաղաքականության ողջ մեղքը բարդվի բնական աղետի վրա՝ նկատում են վերլուծաբանները։

Back to top button