ԿարևորՔաղաքական

Ճանապարհի «գինը» Հայաստանի համար փորձում են բարձրացնել

Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանը հենց վաղը պատրաստ է բոլոր անհրաժեշտ գործողություններըն իրականացնել և աշխատանքների մեկնարկը տալ։ Ասում է՝ ձգձգումները Հայաստանի շահերից չեն բխում, և Հայաստանն է շահագրգռված, որ կոմունիկացիաները բացվեն։   

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացելու «գինը» Հայաստանի համար փորձում են բարձրացնել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ գոյություն չունեցող նոր պայմաններով՝ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացելով որոշ փակագծեր։

«Մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքները ունեն։ Սա է իրականում պատճառը։ Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու «գինը» մեզ համար ավելացնել։ Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք և այն, ինչ չենք գրել, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը։ Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքը ասաց, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետում «միջանցք» բառ չկա, դա ինքն է ներմուծել խոսույթ։ Սրանով ամեն ինչ ասված է»։

Մեկ այլ թեմա է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության տեղակայումը Հայաստանի սահմաններում։ Վարչապետի խոսքով՝ երկու կարևոր գործոն է ազդել Հայաստանի վրա այդ որոշումը կայացնելիս։ Միջազգային հարթակներում բանակցությունների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի նախագահը շահարկում է կոնկրետ հարցեր։

«Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում, տեղակայում Հայաստան–Ադրբեջանին սահմանին  և պատրաստվում է հայ–ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը։ Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան «դավադրության» մասնակից։ Ասեցինք՝ շատ լավ, եկեք դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»։

Այս դեպքում գործադիրի ղեկավարը նաև ունի բացատրություն, թե ինչու ընտրվեց ԵՄ-ն և ոչ թե ՀԱՊԿ-ը։ Կառույցն, ի դեպ, շարունակում է պնդել, որ Հայաստան առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է։

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր ու սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այսինքն՝ մեզ ասեն իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն։ Առանց այս տարածքի պատկերացման՝ դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ օկուպացված չէ։ Սա ամենակարևոր խնդիրն է»։

Հայաստանի անվտանգային խնդիրները նաև սեփական ուժերով լուծելու համար Հայաստանը ակտիվ աշխատանքներ է տանում գործընկեր երկրների, ինչպես նաև Սփյուռքի հայ գիտնականների հետ։ Թե ինչ կարող է դա տալ Հայաստանին, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանից փորձում էր պարզել պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Եթե մենք մեր ռազմավարական գործընկերների՝ նույն Հունաստանի, նույն Ֆրանսիայի  հետ կարողանում ենք համատեղ ծրագրեր, նախագծեր պլանավորել ու ընթացք տալ դրանց, և եթե աշխարհում հայտնի հայ գիտնականներին կարողանում ենք համագործակցության հրավեր ուղարկել, ապա ի՞նչ ծրագրեր կարող ենք ունենալ»։

«Այո, աշխատանքները կան, բայց քանի դեռ բանակցությունների պրոցեսը չի ավարտվել, այդ պատճառով բացահայտել երկրների կամ ընկերությունների անունները, կարծում եմ, գաղտնիության ինչ-որ սահմանափակում կա։ Բայց կարող եմ ասել, որ օրինակ, Հնդկաստանում մասնակցել ենք ցուցահանդեսի, որը դրական արդյունք տվել է, ինչ–որ աշխատանքներ արվում են»։

Առաջիկայում՝ փետրվարին, Հայաստանը պատրաստվում է մասնակցել նաև Աբու Դաբիում կազմակերպվող ցուցահանդեսին։ Ներկայանալու է առանձին տաղավարով։ Հույսեր կան, որ այդ ցուցահանդեսը ևս կոնկրետ արդյունքներ է ունենալու։

Back to top button