ԿարևորԿյանքին ասել այո՛

Նույնիսկ հարազատ եղբորդ դիակը պիտի թողնես, վիրավորին մարտադաշտից հանես․ Սարգիս Խեչոյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մարտը, կրակը  պիտի միայն չտեսնես, պիտի նաև լսես»․ հրամանատարի դասերից մեկը, որը Սարգիսի հիշողությունից չի ջնջվի երբեք, ինչպես հրամանատարի՝ մտքում ու սրտում դաջված կերպարը։ Սարգիսի հրամանատարը փոխգնդապես Արտակ Մարտիրոսյանն էր, որի ջոկատի կազմում էլ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել էր հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով  արցախյան առաջին պատերազմին, խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից ռազմաճակատում էր՝ Հադրութ-Ֆիզուլի հատվածում։

«Հոկտեմբերի 15-ին երկու դիվերսիոն խմբի հետ շպրտեցինք, եկավ երրորդը ու անհավասար մարտ սկսվեց։ Արդեն  շրջափակման մեջ էինք։ Հրամանատարը կանչեց ու ասաց, որ շատ արագ վիրավորներին հանեմ  կռվի դաշտից։ Ունեինք նաև զոհեր։ Ինձ կհասկանա միայն այն մարդը, որը  գիտի՝ ինչ է դա նշանակում․ նույնիսկ  հարազատ եղբորդ դիակը պիտի թողնես, վիրավորին մարտադաշտից հանես»։

Վիրավորներին հանելուց հետո Սարգիսը շտապ փորձում է վերադառնալ հրամանատարի մոտ, բայց․․․լսում է նռնակի պայթյունը։ Վիրավոր փոխգնդապետն իրեն պայթեցրել էր։   

«Ամենածանրը կռվի դաշտից դուրս գալու այդ պահն էր։ Մարտադաշտից մինչև «Թութակ» սարի գլուխ արցունքներն անկախ քեզնից գնում է։ Դու չգիտես՝ ինչ անես, չգիտես՝ որն է ճիշտը արդեն, որովհետև   մարդը, որը  քեզ ասում էր՝ որն է ճիշտը,  էլ չկա»։  

Սարգիսը պատմում է, որ փոքրուց միշտ ասել է՝ տղայի անունը Տիգրան է լինելու։ Պատերազմ գնալիս սիրած աղջկան՝ Մայային  տվեց Տիգրան մեծի դիմանկարով թանկագին վզնոցն ու ասաց․ «Եթե չգամ , կգտնես Տիգրան անունով  մի փոքրիկի ու վզնոցը կտաս նրան, մոտդ չպահես»։ Սարգիսը վերադարձավ, ամուսնացան ու վզնոցը ուրիշի  փոքրիկին  նվիրելու  կարիք   չկա, սպասելու են իրե՛նց Տիգրանին։ 

Սարգիս Խեչոյանը ծնվել է  1996 թվականին  Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում։ Որպես ժամկետային զինծառայող մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին։  Ջրականում էր։  

Տեսանյությում օգտագործվել են կադրեր Հանրային հեռուստաընկերության «Զինուժ» ծրագրից։

Back to top button