ԿարևորՀասարակություն

Կապույտ եթերի ուժը․ Հայկական հեռուստատեսությունը 66 տարեկան է

Արդեն 66 տարի կապույտ էկրանը խոսում է հայերեն։ Հայկական հեռուստատեսությամբ առաջին հեռարձակումը 1956-ի նոյեմբերի 28-ին էր։ 6 տասնամյակների ընթացքում Հանայինը վավերագրել է Հայաստանի պատմության բոլոր կարևոր դրվագները ու նաև պատմություն կերտել։

Հեռուստատեսային առաջին եթերից երկու օր առաջ Նառա Շլեպչյանի հորը՝ Սուրեն Շլեպչյանին է այցելում «հատուկ» պատվիրակություն՝ աղջկա «ձեռքն ու ձայնը» խնդրելու։ Նառա Շլեպչյանը հեռուստատեսություն մտավ ժամանակավոր, մնաց մինչ օրս։

«Ես հիմա երբեմն  զարմանում եմ, որ 65 տարի ես աշխատանքի մեջ եմ։ Հեռուստատեսությունը ոնց որ իմ զավակը լինի՝ փայփայելով, սիրելով»։   

Ամեն օր՝ բոլորի տանը։ Այս մարդիկ տասնամյակներով ձեր տուն են մտել անգամ առանց դուռը թակելու։ Արդեն 66 տարի կապույտ էկրանը խոսում է հայերեն։ Հայկական հեռուստատեսությամբ առաջին հեռարձակումը 1956-ի նոյեմբերի 28-ին էր։ Էկրանը՝ սև ու սպիտակ։ Շլեպչյանի ժպիտը՝ լայն։

«Բարի ձեզ,  սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր տոնական օր է, բացվում է Հայաստանի հեռուստատեսությունը, և մենք համոզված ենք, որ նա ունենալու է կանաչ ճանապարհ և հարուստ եթեր։ Եվ այսպես, սկսում ենք փորձնական հաղորդումները»։

Հանրային հեռուստաընկերության տասնամյակների եթերի ամենօրյա աշխատանքն արխիվացված է։ Ցանկացած պատկեր որքան ներկայից հեռանում է, այնքան ավելի հետաքրքիր է դառնում  եւ արժեւորվում․ Մարատ Օրդյանի ամենշաբաթյա «Մեր արխիվը» հաղորդաշարը հենց սրա մասին է։

«Գիտե՞ք՝ հանրայինում  հարուստ արխիվներ ունենք։ Ռադիոյի արխիվներից ոչ պակաս։ Ձայնը պահելն ավելի հեշտ է եղել, քան պատկերը։ Առհասարակ, պատկեր պահելու ձև գոյություն չի ունեցել, միայն կինոժապավենով։ Բայց կինոժապավեններով ինչ ունեցել ենք, պահել ենք, հետո տեսաժապավեններով ինչ ունեցել ենք՝ դա ենք պահել։ Այնպես որ՝ հետ չենք մնում ռադիոյի արխիվից»։

Հանրային հեռուստատեսությանը սահմանադրական առաքելություն է վերապահված։ Այն նաեւ այլ կարեւոր անելիք ունի՝ կուտակված հսկա փորձը փոխանցել ապագա սերունդներին։

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյան. «Առաջին ալիքը առաջինն է, բայց այլևս միակը չէ։ Այսինքն՝ առաջինը 1956թ–ից, բայց արդեն ոչ միակը 2021թ–ից։ 2021–ից մենք ունենք ևս մեկ՝ լրատվական ալիք կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարմիր Հանրայինը։ Աշխատում ենք արդեն նոր ուղղությամբ ալիքների վրա, որոնց մասին կհայտարարենք այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջնական փուլում լինի»։

66 տարի անց կապույտ էկրանը տնից տեղափոխվել ու տեղավորվել է մարդու ափի մեջ։  Այսօր տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են։ Նոր ենթաշրջանում 66–ամյա Հանրայինը երիտասարդներինը դառնալու և երիտասարդանալու խնդիր է իր առջև դրել։

«Այս եթերաշրջանը մեզ համար հատկապես կարևոր է, քանի որ ժամանցային և ավելի երիտասարդական բովանդակության վրա ենք ուշադրություն դրել, որպեսզի երիտասարդ հեռուստադիտողների ներգրավենք։ Կարծես թե ստացվել է։ Շեշտը հենց դրա վրա է, որ այս եթերաշրջանում կարողանանք երիտասարդների ներգրավել, իհարկե մյուս ուղղությունները, որը հանրայինն ունեցել է ավանդաբար, ևս պահպանվում են»։

Նոր եթերաշրջանում Հանրայինում 10–ից ավելի նոր նախագիծ է մեկնարկել, վերափոխվել են հները։  Պատասխանատուները վստահեցնում են՝ հինը համադրվել է նորի հետ ու դարձել ավելի ընկալելի։

Back to top button