ԿարևորՎերլուծական

Հարաբերությունները չեն հաստատվում պարտադրանքով, ակադեմիկոսը` հայ-թուրքական գործընթացի մասին

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման առումով սկզբունքային քայլեր պետք չէ ակնկալել՝ կարծում է արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան թեև խոսում է առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու մասին, բայց անթաքույց նախապայմաններ է առաջադրում։ 

Հայաստանի ու  Թուրքիայի ղեկավարների՝ Պրահայում կայացած  հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ  Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:

Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման մասին է:

«Հիշում եմ, որ Հայաստանը սպասում էր, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեին մինչև օգոստոսի 31-ը։ Ըստ երևույթին Թուրքիան ձգձգում, չի անում այդ ու դրա համար անհրաժեշտություն է առաջացել մեկ անգամ ևս բարձ մակարդակով շեշտել այդ մասին։ Այժմ Թուրքիան ամենաբարձր մակարդակով է այդ խոստումը տվել։ Երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու հարցը ևս կարևոր սկզբունքային նշանակություն չունի։ Երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանն անցնելը զանգվածային բնույթ չի ունենա։ Այստեղ վտանգ կարող է լինել այն, որ Ադրբեջանի քաղաքացիները փորձեն օգտվել դրանից, այս հարցում էլ հատուկ ծառայությունները պետք է զգոն լինեն»:

Գագաթաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ի վերջո կհասնեն երկու երկրների հարաբերությունների լիակատար կարգավորման՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա:

Իսկ դրա համար նա նշել է, որ ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, ինչից հետո Անկարան  կբացի Հայաստանի հետ սահմանները:

«Թուրքիան շարունակում է բարձր մակարդակով Հայաստանի առջև նախապայմաններ դնել, ինչը կառուցողական ճանապարհ չէ։ Հնարավոր չէ աս ճանապարհով հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։  Երկկողմանի միջպետական հարաբերություններում պարտադրանք կամ նախապայմաններ չեն լինում, երկու երկրները սովորաբար գալիս են համաձայնության։  Իսկ այս դեպքում տեսնում ենք, որ Թուրքիան ճնշում է Հայաստանին, սա իմ կարծիքով չի կարող տանել հարաբերությունների կարգավորման»։

«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առանձնապես որևէ նշանակություն չունեն։ Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Հայաստանը Թուրքիայի համար նաև վտանգ չի ներկայացնում, այսինքն քաշային կատեգորիաները տարբեր են, դրա համար Թուրքիան հանգիստ է։ Թուրքիան վերջին 1-2 տարվա ընթացքում իր ռազմավարական նպատակն է դարձրել մեր տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանն է թուլանում, օգտվելով նաև այն հանգամանքից, որ ԱՄՆ մեծ ծավալով չի ներգրավվել տարածաշրջանում։ Այսինքն որոշակի վակում են տեսնում տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետները և փորձում են այդ վակումը լրացնել»։

Back to top button