ԿարևորՔաղաքական

Պայքար Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության համար

ՀՀ վարաչպետը ՄԱԿ-ի ամբիոնից արված որոշ ձևակերպումներ կրկնել է թվիթերյան իր էջում, մասնավորապես հիշեցնելով, որ  իր ելույթում պարզ հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

«Եթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը, հստակեցնելով՝  ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ:

Այս ձևակերպումը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ո՞րն է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, ի՞նչ ասել է՝ խաղաղության պայմանագիր, ի՞նչ շեշտադրումներ կան դրանում։

Քաղաքագետներից ոմանք կարծում են՝ այսօր առաջնահերթը այսպես կոչված միանցքի խնդիրն  է, և բոլոր մյուս հարցերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

ՀՀ վարչապետի խոսքը ՄԱԿ-ի ամբիոնից օգնության կոչ էր՝ ուղղված միջազգային հանրությանը, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, իսկ Փաշինյանի թվիթերյան գրառումը ավելի քան պարզ է նրա համար՝ խոսքը այսպես կոչված միջանցքի մասին է։

«Ալիևի նպատակն է ստանալ միջանցք։ Ի՞նչ է նշանակում միջանցք, այսինքն՝ Հայաստանի կողմից չվերահսկվող բեռնափոխադրումներ և  մարդկանց տեղափոխում։ Այդ ճանապարհով Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են զինված բեռներ, նաև զինված խմբավորումներ անցկացնել, ինչն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ և ՀՀ ըստ էության չի ցանկանում կորցնել վերահսկողությունը իր տարածքի նկատմամբ»։

ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից ՀՀ վարաչպետը խոսեց խաղաղության պայմանագրի մասին՝ նշելով, թե դրա կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է, սակայն  դրա փոխարեն Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական են։

«Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը»։

Վարչապետը հստակեցրեց՝ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե տեսականորեն, այլ միջազգայնորեն ճանաչված 29․800 քառակուսի կիլոմետր տարածքով, կնշանակի, որ կարող են խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ասվածին ավելացել է նաեւ թվիթերյան գրառումը, որով Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ իր այս հարցերին ցավոք, դրական արձագանք, չկա և հարցն այն է՝ ինչո՞ւ։

Միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականություն ճանաչելու շեշտադրման վերաբերյալ քաղաքագետը նախ հարկ համարեց նշել, որ աշխարհում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ միջազգային կարգը փլուզված է և դա է պատճառը, որ օրինակ՝ Դոնեցկում  և Լուգանսկում հանրաքվե է անցկացվում։  Ըստ նրա, եթե միջազգային սահմաններ գոյություն չունեն, հարցականի տակ են բոլոր սահմանները, և աշխարհում առկա բոլոր հակամարտությունները հենց այս իրողության շրջանակներում են։

Խաղաղության պայմանագրի ու տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին խոսելով կարծես երկրորդական է դառնում Արցախի հարցը։ Այս առումով քաղաքագետը անհանգստանալու առիթ չի տեսնում, որքան վտանգ է տեսնում այսպես կոչված միջանցքի հարցում․

«Խաղաղության պայմանագրում կարևորը ձեւակերպումներն են։ Հայաստանի իշխող ուժը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ է ճանաչել, դեռեւս 1991 թվականից՝ ԱՊՀ պայմանագիրը կնքելով, և Արցախի հարցը անվտանգության հարց է, դրանից բխող ինքնորոշման հարց է։ Այստեղ որոշակի ձևակերպումների հարց է, թե ինչպես կձեւակերպվի այդ տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը։ Այստեղ կարելի է ինչ-որ լուծումներ գտնել, որ կլինի մեզ համար ձեռնտու»։

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ավելի կարևոր է Սյունիքով անցնող ճանապարհի հարցը։ Նրա խոսքով՝ այսօր Հարավայինն Կովկասում առկա վիճակը այսպես կոչված միջանցքի կամ ճանապարհի շուրջ է։ Ադրբեջանի թիկունքին, ըստ նրա, Մեծ Բրիտանիան  ու ԱՄՆ-ն են, որոնք իրենց խնդրիներն են լուծում ուղղված Իրանի ու ՌԴ դեմ։

«ՌԴ-ի խնդրին է պահել այդ միջանցքի վերահսկողությունը։ Արևմուտքի խնդիրն է, որ ՌԴ չունենա վերահսկողություն այս տարածաշրջանում։ Մեզ համար շատ ձեռնտու տարբերակ կլիներ՝ վիճակը ձգել մինչև գարուն, քանի որ գարնանը մեծ փոփոխություններ կարող են լինել՝ ԱՄՆ-ում ընտրություններ, Եվրոպայում տնտեսական ճգնաժամ, Ուկրաինական հարցում մինչև գարուն կարող է զինադադար լինել, Թուրքիայում հունիսի 18-ին ընտրություններ են լինելու։  Եվ այդ տարբեր հանգամանքներով է պայմանավորված։ Նաև, թե ինչ ավարտ կունենա միջուկային ծրագիրը Իրանի հետ»։

Ամեն դեպքում, քաղաքագետի կարծիքով,  ՀՀ համար առաջին պլանում ոչ թե Արցախն է, այլ Սյունիքի հարցը, և այդ ուղղությամբ են կենտրոնացած գերտերությունների հետաքրքրությունները։ Եթե ռուսները վերահսկեն այդ ճանապարհը, ռազամական բեռներ տեղափոխելու ռիսկը կնվազի, իսկ եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցի, լուրջ վտանգի տակ կհայտնվի Իրանը, քանի որ Արևմուտքի սլաքները կենտրոնացած են  Թեհրանի դեմ և  դա է պատճառը, որ, ըստ քաղաքագետի, օր-օրի խորանում են նաև Ադրբեջանի ու Իրանի միջև հակասությունները։   ՀՀ վարաչպետի հայտարարությունները Ստեփան Դանիելյանը համարում է Արևմուտքի ու ՌԴ-ի միջև հակասություններից բխող ձևակերպումներ կամ ավելի պատկերավոր ասած՝ խաղ։

Back to top button