ԿարևորՀասարակություն

Կարողությունները չեն սահմանափակվում հաշմանդամությամբ. «Ես ուժեղ եմ»` նոր նախագիծ Արմավիրում

Արմավիրում կայացել է «Ես ուժեղ եմ»  մրցութային նախագիծը, որտեղ իրենց կարողություններն ու հմտություններն են  ցուցադրել հաշմանդամություն ունեցող մարդիկ:  Նախագծի հեղինակը Նաիրի Մանվելյանն է, ով արմավիրցի հանդիսատեսին  հայտնի է հումորային ու երաժշտական նախագծերով: «Ես ուժեղ եմ»  նախագծին մասնակցում են տարբեր մարզերից հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց առջև նոր դռներ են բացվելու

Երգ, երաժշտություն, հումոր, ակրոբատիկա և պար. բեմում հաշմանդամություն ունեցող մարդիկ են:  Նրանք Երևանից և Վանաձորից Արմավիր էին հասել՝ մասնակցելու «Ես ուժեղ եմ» նախագծին: ՄՆՆ արտադրության (production) հիմնադիր Նաիրի Մանվելյանն ասում է՝ ցանկացել է ստեղծել այնպիսի նախագիծ, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ունակությունները դրսևորել բեմում.

«Մեր նպատակն է մարդկանց ապացուցել, որ նրանք ոչնչով չեն տարբերվում ոչ հաշմանդամություն ունեցող մարդկանցից, հակառակը՝ ինչ որ տեղ նաև  գերազանցում են իրենց  տաղանդով»:

«Ես ուժեղ եմ» նախագծի մասնակիցները տեսողական, լսողական, հենաշարժական  խնդիրներ ունեն:  Քրիստինե Հովհաննիսյանն ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ստեղծագործական բաժինը, հեղինակային երգով մասնակցել տարբեր  փառատոնների.

«16 տարեկանից մասնակցել եմ մի շարք փառատոնների: Ես նաև ստեղծագործել եմ, բայց վաղուց արդեն չեմ ստեղծագործում: Իսկ երբ ստեղծագործում էի, իմ երգերով էի ելույթ ունենում»:

Քրիստինեն Երևանից է, տեսողությունը կորցրել է վաղ հասակում, չի աշխատում: «Ես ուժեղ եմ» նախագծի բեմում  նա հանդիսատեսի հետ խոսում է  երգով և  փոխանցում ասելիքը:

Սաքսոֆոնը Մանվել Բարսեղյանի անբաժան ընկերն է, որով կարողանում է  արտահայտել իր  սերն ու  հույզերը: Սաքսոֆոնի հնչյունների ներքո է  նա պատկերացնում  աշխարհի գույները: Մանվել Բարսեղյանը սաքսաֆոնահարների ավագ խմբի առաջին դափնեկիր է: 

Անվասայլակով պարերի ֆեդերացիան վերջերս է ստեղծվել, նախագահը Գոհար Նավասարդյանն է: Երևանից Արմավիր էր եկել  քաջալերելու  իր ընկերոջը՝  վանաձորցի Անի Խառատյանին: Գոհարը երկար տարիներ անվասայլակով պարելու փորձ ունի, ասում է՝ եթե ցանկություն կա պարելու, ապա անվասայլակը արգելք չէ այն իրագործելու համար:

«Սա մեր առաջին մեծ փորձառությունն է, որ այսպիսի նախագծի ենք մասնակցում և շատ կարևոր օր է մեզ համար»:

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը «Ես ուժեղ եմ» նախագծի ժյուրիի անդամ է,  չի թաքցնում հիացմունքը մասնակիցների  նկատմամբ, որոնց ելույթները լավատեսություն, հույս են ներշնչում և ապրեցնում: Բեմում ելույթներն անկաշկանդ էին.

«Մենք տարիներով մարդուն պատրաստում ենք բեմ բարձրանալ: Ֆիլմում նկարահանվելն ուրիշ է, իսկ բեմը շատ ուրիշ էներգետիկա ունի: Ինչքան ուժ պետք է ունենան մասնակիցները, որ  կարողացել են բեմ բարձրանալ ու մատուցել: Ես այսօր սովորեցի ուժեղ լինել և ապրեցնել»:

Ապրեցնող էր 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Թովմասյանի ելույթը:  Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի գնահատմամբ՝ միայն ուժեղ մարդը  կարող է հումորով ինքն իրեն ծաղրել.

«Եիտասարդը, որը հաշմանդամությունը ձեռք է բերել հերոսությունից հետո, իր կյանքի գնով, բոլորին ասում է՝ ես ուժեղ եմ, հետո  ծիծաղում ասելով՝ սա թերություն չէ, այլ պլատինե ամրություն»:

Լալա Մնացականյան.

«Տղան, որն անցել է պատերազմի գեհենի միջով,դժողքի միջով և հումոր է անում՝ էլ սրանից ավել ինչ ենք ուզում աշխարհից»:

Հայկի հետ մեր զրույցը սկսվեց հումորով, որն էլ նրան ուժ է տալիս վերականգնողական փուլում հաղթահարել հետպատերազմյան դժվարությոնները.

«Ես Հայկն եմ, 21 տարեկան՝ առանց ընդմիջումների: Հումորն ինձ ավելի շատ օգնել է պատերազմից հետո: Ինձ թվում է, եթե հումորս չլիներ՝ այս կարգավիճակին ընդհանրապես չէի հասնի: Առաջին հերթին մարդկանց պետք է օգտակար լինես հումորով, որպեսզի կարողանաս տրամադրություն բարձրացնել»:

Հայկ Թովմասյանին և մյուս մասնակիցներին  հաջողվեց փոխել դահլիճի մթնոլորտը, բարձր տրամադրություն ապահովել ու  բոլորին ասել՝  «Ես ուժեղ եմ»:

Back to top button