ԿարևորՀասարակություն

Վանաձորի ավագանու հերթական նիստը տապալվեց. քաղաքական խնդիրները՝ քաղաքի հարցերից վեր

Վանաձորի ավագանուն 2-րդ անգամ չհաջողվեց արտահերթ նիստ գումարել։ Օրակարգում դարձյալ համայնքի զարգացմանն ուղղված 2,5 մլրդ. դրամի սուբվենցիոն ծրագրերի հաստատումն էր: Նիստն իրավազոր չէր, քվորում չկար: «Մամիկոն Ասլանյան» դաշինք ու «Հայրենիք» կուսակցության խմբակցությունները շարունակում են բոյկոտել նիստերը:

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք ու «Հայրենիք» կուսակցության խմբակցությունները շարունակում են բոյկոտել նիստերը: 2-րդ անգամ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը տապալվեց: 33 անդամներից ներկա էին 15-ը: 30 րոպե սպասելուց հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հայտարարեց՝ նիստը չի կայանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հերմինե Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ․

«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ այսօրվա նիստի օրակարգում դրված էր Վանաձոր համայնքի ևնրա ենթակառույցների զարգացմանն ուղղված 2.5 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի հաստատումը: Ցավում եմ, որ մեր գործընկերներն իրենց շահերն ավելի վեր դասեցին Վանաձոր համայնքի շահերից»:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանի դիտարկմամբ՝ պետք չէր նիստը քաղաքականացնել, այն ընդամենը քաղաքի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու նպատակով էր գումարվում: Իսկ իրենք դեռ ելքեր են փնտրելու՝ դրանք իրականացնելու համար: Ունե՞ն քննարկումներ այլ խմբակցությունների հետ կամ ծրագրեր՝ քաղաքն օր առաջ կարգի բերելու՝ հետաքրքրվեցինք։

 Վանաձորի ավագանու Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար

Արմեն Հարությունյան. «Չունենք, բայց ձգտումը կա, շատ ենք ուզում, որ մեր բնակիչ-ընտրողների վրա չանդրադառնան այս քաղաքական զարգացումները: Ձգտումը կա, հիմա ձևերն ենք մտածում»:

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ասում է՝  ծրագրերից կխոսի, երբ պաշտոնավարման 100 օրը լրանա, մինչ այդ հորդորում է՝

«Անհոգ եղեք, հանգիստ ապրեք, 100 օրը չի անցել, երբ կանցնի՝ կգաք: Ուզում են գան, ուզում են չգան: Ում հետ քննարկել եմ, քննարկել եմ՝ ինչ տարբերություն»:

Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող մասնակցել նիստի, որովհետև եռամսյա հավաքների գծով բուժզննության է, ինչ մնում է նիստի չգալուն, իրենց դիրքորոշումն անփոփոխ է. կմիանան գործընկերներին օրինականության հաստատման դեպքում։

«Մեր պահանջը նույնն է. մենք ուզում ենք, որ ընտրվի օրինական քաղաքապետ, կապ չունի, ով կընտրվի, և օրինականության դեպքումմենք պատրաստ ենք աշխատել»:

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն էլ, դարձյալ ընդգծելով բյուջեի մասով անհամաձայնությունները, նկատում է՝ մի կողմ են դրել քաղաքական նպատակահարմարություններն ու եկել նիստի։

«Մեր ներկայանալն ամենևին չի նշանակում, որ մենք կողմ ենք քվեարկելու բյուջեին, մենք հայտարարել ենք, որ դեմ ենք քվեարկելու, որպեսզի չշահարկեն այս 2,5 մլրդ.-ի հարցը»:

Ալավերդյանի պնդմամբ՝ ՏԻՄ ճգնաժամը Վանաձորում գնալով խորանում է, ավագանին լիարժեք չի գործում, իսկ քաղաքական տարակարծությունների ֆոնին տուժողը Վանաձորն ու վանաձորցին են:

Մայիսի 13-ին ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտելու է ավագանու նիստերը։ Հայտարարությունը հաջորդեց Արկադի Փելեշյանին Վանաձորի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու՝ Փաշինյանի որոշմանը: Մինչ քաղաքական հարցերը չեն հանգուցալուծվում, Վանաձորում անհանգստանում են՝ հետաձգվում է քաղաքի համար խոշոր, որոշ բնորոշումներով՝ «պատմական» բյուջեով ծրագրերի հաստատումը, որոնք կարող են բարեփոխել քաղաքի կյանքը։

Back to top button