ԿարևորՔաղաքական

Երեւանն ու Թեհրանը թարմացնում են էներգետիկ ծրագրերը

Հայ-իրանական գործարար համաժողով, վարչապետի խորհրդականի գործուղում՝ Իրան, ապա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի այց․ վերջին շրջանում հայ-իրանական բարձրաստիճան փոխայցերն ակտիվացել են, ընդ որում՝ օրակարգում առավելապես էներգետիկ հարցեր են։ Փորձագետները նկատում են՝ Երեւանն ու Թեհրանը փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ դաշտում գործակցությունը եւ սկսված, սակայն անավարտ ծրագրերը վերջնական տեսքի հասցնելու համար երկարաձգում են դրանց ժամկետերը։ Խոսքը, մասնավորապես, «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի  կառուցման մասին է, որի վերջնաժամկետն արդեն երկրորդ անգամ հետաձգվում է։

Երևանը Թեհրանի հետ պայմանավորվել է ավելի շատ իրանական գազ ներմուծել․ համաձայնագիրը նախատեսվում է ավարտին հասցնել այս օրերին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի Իրան այցի ընթացքում։
Հայաստանն Իրանից գազ ստանում է իր կողմից տրվող էլեկտրաէներգիայի դիմաց։ Սակայն ծրագրով ամրագրված պայմանավորվածությունը ողջ ծավալով չի իրագործվում, քանի որ դեռ 2006 թ.-ից դեպի Իրան  բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումն այդպես էլ ավարտին չի հասել։ Մինչդեռ այդպիսով բազմապատիկ կմեծանան «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները։ Փորձագիտական շրջանակներում այս ծրագիրը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն հավասարազոր են համարում, շեշտում՝ ռազմավարական նշանակությամբ այն պակաս կարևոր չէ։ Այս ծրագրով Հայաստանն Իրանից ներկրում է գազ, դրա դիմաց Իրան արտահանում էլեկտրաէներգիա` փոխհամաձայնեցված ծավալներով և ռեժիմներով:

Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ երկկողմ գործակցության փաստաթղթային բազան արդեն ամուր է, նորերի կարիքը, թերեւս, չկա։ Բայց դրանք կյանքի կոչելու, Իրանից գազի ծավալները ավելացնելու համար Հայաստանը պետք է 3-րդ բարձրավոլտի կառուցումն ավարտի։ Արմեն Մանվելյանի կարծիքով՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» մեծ ներուժ ունեցող ծրագիրը դեռ ընդամենը 15 տոկոսով է իրագործվում. 

«Մեծ պոտենցիալով ծրագիր է, այն իրականություն դարձնելու համար հարկավոր է բարձրավոլտը կառուցել, սկսել համակարգված գործակցել, նման ծրագիր պետք է իրականացնել նաև հարևան Վրաստանի հետ` փորձելով օգտագործել  Իրան-Հայաստան-Վրաստան  ռազմավարական էներգետիկ հնարավորությունը» ։

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին հիշեցնում է՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող համաձայնության ժամկետն ավարտվում է 2026թ.-ին, նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2030թ.-ը, նաև ավելացնել ներկրվող իրանական կապույտ վառելիքի ծավալը. ներկայում տարեկան ներմուծվում է 365 միլիոն խորանարդ մետր։

«Հիմա կա պայմանավորվածություն, որ այդ ծավալը մեծանա մինչև 600 մլն խորանարդ մետր տարեկան, մինչև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի պատրաստ լինելը, իսկ դրանից հետո արդեն 1.5-ից 1.8 մլրդ խորանարդ մետր։ Երբ որ մենք զուտ ենթակառուցվածքներ կունենանք, հնարավորություն՝ դիմացը հոսանքով վճարելու համար, այսինքն` մենք այսօր արտադրության գեներացիայի խնդիր չունենք մեծ հաշվով, բայց ունենք այդ արտադրությունը տեղ հասցնելու ենթակառուցվածքային խնդիրներ», — մանրամասնեց փոխնախարարը:

Եթե ավելի վաղ  «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի  կառուցման վերջնաժամկետ էր նշվում 2018-ը, ապա 2021-ի  վերջին նախանշվեց 2023 թվականը: Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման հիմնական կապալառուն իրանական Sunir ընկերությունն է: Նախագծի ընդհանուր արժեքը 107,9 մլն դոլար է, որից 77 տոկոսը կտրամադրի Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ 23 տոկոսը՝ Sunir ընկերությունը:

2006-ին  մեկնարկած էլեկտրագծի կառուցումն ավարտին չհասցնելու պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են․ էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյան.

«Բարձրավոլտի կառուցման համար կան տեխնիկական և ֆինանսական խնդիրներ, պայմանագիրը ֆինանսավորում է իրանական կողմը։ Հետագայում Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով ծրագիրն առկախվեց, 2018 թվականից հետո Իրանի հետ ոչ գրագետ քաղաքականության հետևանքով  որոշ խոչընդոտներ ևս առաջացան, ինչի պատճառով  ծրագիրը չիրականացավ։  Երրորդ բարձրավոլտը պետք է 2019-ին շահագործման հանձնվեր»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հարցին այդ դիտանկյունից է նայում։

«Կարող եմ փաստել, որ շինարարությունն ակտիվ փուլ է մտել 2018 թվականի փետրվարից։ Մինչև այդ  կատարվել էր աշխատանքների շուրջ 10 տոկոսը։ 2017թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել  ակտիվացնելու շինարարությունը»։

Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտի կառուցումից հետո մեր մատակարարած հոսանքի դիմաց Իրանի տրամադրած գազը զգալիորեն կավելանա։ Հայ-իրանական էներգետիկ քննարկումներում այս փուլում շրջանառվում է նաև հայ սպառողին իրանական գազ վաճառելու, անգամ՝ Հայաստանի տարածքով այլ երկրների մատակարարելու տարբերակը։ Ներկայում իրանական գազն արդյունաբերական նպատակներով է սպառվում մեր երկրում, մինչդեռ փորձագետները նկատում են, որ իրանական գազն ավելի էժան է ու կարող է ավելի արագ տեղ հասնել։ Սակայն պառողներին իրանական գազ մատակարարելու մասով Մանվելյանը թերահավատ է.

«Չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ սպառողներին տրվող գազը և ամբողջ  ցանցը վերահսկվում է Գազպրոմ Արմենիայի կողմից, «Գազպրոմ ընկերության սեփականությունն է, և հենց նրանք են որոշում, թե ինչ գազ պետք է մատակարարվի սպառողներին։  Այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի»։

Դատելով վերջին շրջանում հայ-իրանական բարձրաստիճան փոխայցերի ակտիվացումից՝ էներգակիրների հարցերն այսօր օրակարգում են։ Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի ձեւակերպմամբ՝ երկկողմ էներգետիկ ծրագրերն, ըստ էության, այսօր վերաթարմացվում են։  

Back to top button