ԿարևորՀասարակություն

Երբ երջանկությունը կշիռ, հասակ ու անուն ունի․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Վարդանյանի եղբայրը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Վարդանյանի եղբայրը։ 18-ամյա Արտյոմը Մարտունիում է ծառայել, այնտեղ էլ անմահացել։ Որդու զոհվելուց հետո զավակ ունենալու ցանկությունն անչափ մեծ էր, բայց դժվար են հանգել այդ որոշմանը։ Որ երեխայի են սպասում՝ իմացել են էկոյի՝ արհեստական բեղմնավորման դիմելուց առաջ, երբ երեխայի մայրը՝ 40-ամյա Սիման, արդեն էլ հույս չուներ։

Երբ երջանկությունը կշիռ, հասակ ու անուն ունի՝ 2 կգ 940 գրամ, 46 սմ, անունը՝ Արեն։ Նոր Կեսարիայից Վարդանյանների տան ծուխը նորից կվառվի։ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Վարդանյանի եղբայրը։ Փոքրիկը ծնողների ապրելու նոր բանաձևն է, կյանքին նոր երանգ տվողը։

«Մի անսպասելի զգացողություն էր, որ իմացա բալիկի եմ սպասում։ Աննկարագրելի էր»։

Արտյոմի երկվորյակն է, եղբոր «քթից թռած․ այնքան նման են իրար՝ ասում է մայրը՝ 40-ամյա Սիրանը։ Վերապրում եմ 20 տարի առաջ ապրած մայրական բերկրանքը՝ ասում ու երեխային կրծքին է սեղմում մայրը։

«Արենիս գրկելով՝ ես գիտեմ Արտյոմիս եմ գրկում։ Ոչ մի տարբերություն չեմ զգում։ Ես գիտեմ՝ Արտյոմիս եմ գրկում։ Արտյոմիս կորուստը անբացատրելի է, որ ես չեմ կարող ամբողջ կյանքի ընթացքում դա ամոքել։ Մենակ ես գիտեմ՝ դա ինչ է։ Էնքան եմ կարոտել, որ չգիտեմ ոնց էդ զգացողությունը կոտրեմ։ Քս փոքրիկին եմ գրկում, որ մի քիչ թեթևանամ»։

Վարդանյանների որդին երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ 18-ամյա Արտյոմը Մարտունիում ծառայել է, այնտեղ էլ անմահացել։ Ծնողների հետ զոհվելուց երեք օր առաջ է խոսել։ Քաջալերել է նրանց ու մարտի դաշտից ուժ տվել։ Շատ ծրագրեր ուներ՝ պատմում է մայրը։ Երազում էր զինվորական դառնալ։  Հարազատները զոհվելու նույն օրն են իմացել մահվան լուրը, մորը՝ Սիմային, երեք օր անց ասել։

«Արտյոմս զինվորական էր ուզում դառնալ, շատ էր սիրում զինվորական կյանքը։ Ասում էր՝ մեծանալու եմ, մեծ մարդ դառնամ, որ միշտ հպարտանաք։ Ես միշտ էլ հպարտացել եմ իմ տղայով, որովհետև ինքն առանձնահատուկ էր։ Ամեն ինչով էր առանձնահատուկ»։

Արտյումից բացի եւս երկու դուստր ունեն։ Որդու զոհվելուց հետո զավակ ունենալու ցանկությունն անչափ մեծ էր, բայց դժվար են հանգել այդ որոշմանը։ Հասկացել են՝  կյանքին նոր իմաստ տալու միակ ճանապարհը դա է։ 40-ամյա Սիման չի էլ պատկերացրել, որ նորից կկարողանա զավակ ունենալ։ Դիմել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների։ Սակայն երջանկությունը եկավ առանց դրանց։ Որ երեխայի են սպասում՝ իմացան էկոյի՝ արհեստական բեղմնավորման դիմելուց առաջ։  

«Հետազոտվել էի, բայց հույսեր չունեի, որ կհղիանամ, որովհետև ինձ հույս չէին տվել, ուղղակի բուժման մեջ էի»։

Բարեհաջող հղիություն ու կեսարյան հատումով ծննդաբերություն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանի գնահատմամբ՝ մայր ու որդի լավ են։

«Երկուսն էլ լավ են, առողջական խնդիր չունեն, կգնան տուն առաջիկա օրերին։ Մի փոքր շուտ է ծնվել, սակայն լավ են, ինտենսիվ թերապիայի կարիք չի եղել։ Մամայի հետ է։ Մի փոքր քաշ հավաքի, կգնա տուն»։   

Արենի անվան ընտրունուը զոհված եղբոր՝ Արտյոմի հուշումով է։ Հղիության ընթացքում որդին մորը երազում հորդորել է եղբորն Ա տառով սկսվող անուն տալ։

«Երազումս Արտյոմս հուշեց՝ մամ, եղբորս անունը Ա տառով սկսվող անուն կդնեք։ Հետո հիվանդանոցից տուն էի գնացել, ինքը ուրախացել էր, որ ես տանն էի։ Գրկել էր ինձ, համբուրում էր ու ուրախ Արեն, Արեն էր ասում։ Որոշեցինք, որ Արեն էլ պետք է դնենք»։  

Արենի հայրը՝ Վարդան Վարդանյանը, որդուն առաջին անգամ էր տեսակցության եկել։ Լուսանկարներով ու օնլայն էր միայն տեսել։ Առաջին հայացք ու առաջին արձագանք՝ լրիվ Արտյոմս է։

«Ու՞մ եք նմանացնում։ Իմ Արտյոմն է»։

Ինչ կդառնա Արենը, կորոշի ինքը՝ ասում են ծնողները։ Որդուն հիմա միայն իրենց մաղթանքներն են պետք։  Դրանք հիմա ավելի են արժեւորվում։

«Առողջություն ամենակարևորը։ Անհոգ մանկություն ունենա ու երկար տարիների կյանք»։

Վահանին երկու օրից տանը կդիմավորեն քույրերը՝ պատրաստ օգնելու խնամքի հարցում։ Փոքրիկի սենյակն արդեն պատրաստ է։

Back to top button