ԿարևորՀասարակություն

Ռազմարդյունաբերության ոլորտն «ապառիկ վստահության» կարիք ունի

Կառավարության 2021թ-ի պետբյուջեով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար նախատեսված էր շուրջ 4 մլրդ 574 մլն դրամ։ Սակայն ծրագիրը լիարժեքորեն չի իրականացվել։ Տարեվերջին կառավարության երկու որոշումներով (2070-Ն, 2156-Ն) բյուջեում վերաբաշխում է կատարվել և կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ։ «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյան․

«Տարվա  վերջում նման նվազեցումը կարելի է ենթադրել, թե ինչի հետ է կապված։ Այսինքն, չեն հասցրել յուրացնել ծրագրերը, հետևաբար, փոփոխություններ են արել, բայց այս տարի ապրիլին ևս բյուջեում նվազեցում է տեղի ունեցել, այս անգամ 295 մլն դրամ։ Կառավարության ապրիլի 7-ի որոշումը դժվար է բացատրել նրանով, որ ծրագրերի յուրացում տեղի չի ունեցել , չեն կարողանում համապատասխան ծավալի ծրագրեր գտնել, հետևաբար, նվազեցվում է»։ 

Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ կրճատումները ռազմավարական հորիզոնի բացակայության հետևանք են, այն դեպքում, երբ երկրում ռազմական ուժերի արագ վերախոխման անհրաժեշտություն կա։  «Firo» ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի խոսքով՝ տպավորություն է, թե գիտության ֆինանսավորումը 10 մլրդ-ով ավելացնելուց հետո կառավարությունն այլևս գնդակը գիտնականների դաշտում է տեսնում։

«Խնդիր ունենք համակարգ ստեղծելու, ոչ թե կեսքայլ անելու, որը գուցե հնչեղ է, բայց ոչ հիմնական գործընթացի սկիզբ, ոչ էլ հիմնական համակարգի ստեղծելու քայլ։ Շատ կարևոր է, որ կառավարությունը հստակեցնի մեր ռազմավարությունը, ի՞նչ համակարգ ենք ուզում ստեղծել և ինչպե՞ս ենք ստեղծելու։ Ռազմավարություն ասելով հերթական սևացրած, մի քանի հարյուր հազար արժեցող փաստաթուղթ նկատի չունենք, որը փոշոտվելու է պահարաններում։ Ռազմավարությունը գրվելու պահին պետք է հստակեցվի՝ ինչպես ենք դա իրականացնելու»։

Հայաստանի տեխնոլոգիական բնագավառի զարգացումը հնարավորություններ է տալիս արագ և ոչ  թանկ լուծումներ ունենալ։ Դրանք, սակայն, պետք է պահանջարկված լինեն։ Կարևոր է վերացնել սեփական ուժերի նկատմամբ կասկածամտությունը՝ կարծում է  «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար պետք է «վստահության ապառիկ» տալ ոլորտին։

«Ռազմաարդյունաբերության պատվերի ոլորտում կարծես թե գործում է մեղավորության կանխավարկածը։ Մարդիկ կասկակածամությամբ են պատվերներ ստանում և ի վերջո նաև քրեական գործեր են  ստանում։ Կարծես պատվերը տրվում է ոչ թե որպես գիտահետազոտական աշխատանքների, այլ պրոդուկտ գնելու համար, ։ Ռիսկի որոշակի մակարդակի թույլատրում չկա։ Իսկ մենք գիտենք, որ նորարարությունն առանց ռիսկի չի լինում։ Պետք է որոշակի վստահության «ապառիկ  տալ» այդ ոլորտին, որ կարողանա զարգանալ»։  

Ռազմավարության մշակման անհրաժեշտություն կա ոչ միայն ռազմարդյունաբերության բնագավառում, այլև արհեստական բանականության, հայագիտության, տիեզերական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում։ «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով՝ մոտեցումը, թե չենք կարող համաշխարհային մակարդակի ռազմարդյունաբերական արտադրանք ստեղծել, ընդունելի չէ, քանի որ այլ ոլորտներում արդեն իսկ կարողանում ենք։ Մինասյանը պետության կողմից անհրաժեշտ քայլերի հաջորդականությունն է նշում ։  

«Պետք է ունենալ ա)հստակ ռեսուրսների գնահատում, բ) հստակ նպատակներ, գ)կազմել ռազմավարությունը, իջեցնել պատվերներ, աշխատել արդյունբերության ոլորտի ընկերությունների հետ, նաև իջացնել ռիսկի գործոնը, այսինքն, այնպես չլինի, որ այդ մարդիկ գիտահետազոտական աշխատանք անելու համար պատասխանատու լինեն ընդհուպ մինչև քրեական գործերով»։

Կառավարության կողմից պայմանների ստեղծումը և գումարի հատկացումը բավարար չէ  որևէ բնագավառ «ծաղկեցնելու» համար։ Առանց պետության միջամտության շարժը կարող է դանդաղել կամ առհասարակ կանգնել։

««Գիտուժ»-ն առաջին օրվանից ասում է, որ պետք է ամրագրել օրենքում գիտությանը բյուջեի 4 տոկոսի հատկացումը, որպեսզի ով էլ լինի կառավարության ղեկին, չկարողանա  իր քմահաճույքով կանգնեցնել այս գործընթացը»։

Ասպիրանտների տարեկան պետական պատվերը շուրջ 200 է, իսկ արտասահմանից գիտնականների ներհոսքի ծրագրերում խոսքը 10-15 մասնագետի մասին է։ Արամ Փախչանյանի դիտարկմամբ` Հայաստանում գիտությունը վերակենդանացման բաժնում է։ Այն փրկելու  և միջազգային մակարդակի հասցնելու հնարավորություններից մեկն էլ  մեր արտաքին ռեսուրսն է՝ Սփյուռքում կայացած գիտնականները։ Արամ Փախչանյան․

«Մեկ տարվա համար մարդը չի թողնի իր տունը, աշխատանքը, որ գա Հայաստան։   Իրենք պետք է հասկանան, որ Հայաստանում նաև այլոք, ումից կախված է գիտությունը, պատրաստ են ծառայել գիտությանը։ Պետությունն այս երկրում , ոչ թե իշխանությունը, այլ պետությունը հանձնառություն է վերցրել երկար տարիներ զարգացնել գիտությունը, այլապես դա չի լինի, իսկ եթե դա  չլինի նաև երիտասարդները չեն գնա այդ ոլորտ»։ 

2021-ին կառավարության որոշումներով գիտության ուղղված հատկացումները շուրջ  2 միլիարդ դրամով ավելացել են, իսկ 2022-ի բյուջեում նախատեսվում է 10 մլրդ-ի ավելացում։ Գիտության այս տարվա բյուջեից՝ 25 մլրդ դրամից միայն 1 միլիարդն  է ուղղվելու նոր ծրագրերին։

Back to top button