ԿարևորՀասարակություն

Հայ գիտնականները քաղցկեղի գենետիկական ատլաս են մշակում

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականներն աշխատում են քաղցկեղի գենետիկական ատլասի ստեղծման վրա։ Այն տարբեր քաղցկեղների դեպքում հանդիպող գենետիկական մուտացիաների յուրօրինակ շտեմարան է լինելու։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի  խոսքով՝ նման հետազոտություններ մեր երկրում մինչեւ օրս չեն կատարվել։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ գիտության կոմիտեի՝ առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային ծրագրի շրջանակում։

Ժամանակակից պատկերացումներով քաղցկեղը գենետիկական հիվանդություն է։ Հիվանդության ընթացքը վերահսկելու  ու բուժման արդյունավետությունը ապահովելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչպես են տարբեր տեսակի գենետիկական մուտացիաները կապված քաղցկեղի առաջացման հետ։ Հենց այս նպատակն են դրել իրենց առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները։ Նրանք աշխատում են քաղցկեղի գենետիկական ատլասի ստեղծման վրա։ Այն Հայաստանում տարբեր քաղցկեղների դեպքում հանդիպող գենետիկական մուտացիաների յուրօրինակ շտեմարան է լինելու՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Արդեն իսկ հայտնի են բավականաչափ մեծ քանակությամբ տարբեր մուտացիաներ, որոնք բերում են քաղցկեղների զարգացմանը՝ կախված քաղցկեղի տեսակից, հյուսվածքից։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է՝ այդ մուտացիաներն ինչպես են անդրադառնում ընդհանուր բջջի կենսագործունեության վրա, և արդյոք մենք կարող ենք տեսնելով մուտացիան հասկանալ, թե բջիջում ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են այդ գործընթացները բերում քաղցկեղի առաջացմանը»։

Քաղցկեղը ոչ միայն ժառանգական բնույթ կարող է կրել, այլև դրա առաջացման և զարգացման համար կարող է  նպաստավոր պայմաններ ստեղծել շրջակա միջավայրը։ Քաղցկեղը մի հիվանդություն չէ, այլ 100-ից ավելի ախտաբանական պրոցեսների համակցություն, որոնք տարատեսակ դեպքերում կարող են շատ տարբեր լինել։ Արսեն Առաքելյանի համոզմամբ՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մեծ գիտական փորձ է կուտակել նմանատիպ հետազոտության մեկնարկի համար։

«Ատլասն ավելի շատ կենտրոնացած է լինելու բջջի գենետիկայի վրա։  Դրա համար ենք մենք ասում, որ սա առաջին քայլն է լինելու ընդհանուր առմամբ Հայաստանում նմանատիպ հետազոտությունների։ Ծրագրի տևողությունը 5 տարի է։Առաջին տարում մենք հիմնականում զբաղվելու ենք լաբորատոր մեթոդների մշակմամբ, կատարելագործմամբ, 2-3 տարիներին կենտրոնանալու ենք բուն քաղցկեղային բջիջների սեկվենավորման վրա։ Վերջին տարիներին արդեն ստացված տվյալներն ենք ամփոփելու»։

Նմուշների  հետազոտման համար ինստիտուտը համագործակցելու է մի շարք հիվանդանոցների հետ։ Կուսումնասիրվեն և պարաֆինացված, և թարմ նմուշները։ Նպատակն է կազմել մի շտեմարան, որի մեջ հնարավորինս մանրամասն նկարագրված կլինեն քաղցկեղների ժամանակ տեղի ունեցող պրոցեսները։ Այս հավակնոտ ծրագրից մեծ սպասելիքներ ունի նաև Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։  Վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյան։

«Գաղափարը բավականին լավն է։ Կհասկանանք, թե մեզ մոտ որ մուտացիաներն են առավել տարածված։  Դա հետագայում մեզ հնարավորություն լավ սկրինինգային, կանխարգելիչ  ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա»։

Քաղցկեղը 21-րդ դարի չարիքն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ որոշ հետազոտությունների ՝Հայաստանը բավական ռիսկային և առաջատար դիրքերում է հիվանդացության և մահացության ցուցանիշներով։ ԱՆ տվյալներով՝ միայն  վերջին տարիներին ամեն տարի քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է  7000-8000 –ով։ Ամենառիսկային տարիքը 45-ից բարձրն է։ Որքան տարիքը բարձր է, այնքան էլ մեծ է մուտացիաների հավանականությունը։ Կա նաև թեզ հիվանդության երիտասարդացման մասին։ Զրուցակիցս խոսքով՝ նման հետազոտություն չի կատարվել, բայց ակնհայտ է նաև որ մեծացել է  դիմելիությունը։  Ի դեպ՝ շարունակում է բարձր մնալ նաև մահացության ցուցանիշը։ Սրտանոթային հիվանդություններից  հետո քաղցկեղը 2-րդ տեղում է։ Շուրջ 5000 մարդ է ամեն տարի մահանում քաղցկեղից։ Ամենատարածվածը կրծքագեղձի և թոքի քաղցկեղն է՝ ասում է Արևիկ Ստեփանյանը։

«Կանանց մոտ ամենահաճախը հանդիպում է կրծքագեղձը, տղամարդկանց մոտ՝ թոքը։ Եթե առաջին երեք տեղերը նայենք, կանանց մոտ՝ կրծքագեղձ, հաստ աղիք, արգանդի պարանոց։ Տղամարդկանց մոտ ամենատարածվածը թոքի, միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղն է։ Վերջին տարիներին Հայաստանում առաջին տեղում կրծքագեղձն է, ապա՝ թոքը»։

Քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ։ Մասնագետները հիշեցնում են՝ բժշկության զարգացման հետ, իհարկե,  մեծանում է բուժման հավանականությունը, բայց ամենամեծ երաշխիքը վաղ ախտորոշումն է, որը կարող է նույնիսկ կանխարգելել հիվանդությունը։

Back to top button