Բնական ընտրություն

Ցավ զգացող արհեստական պրոթեզներ. բիոնիկայի արդի զարգացումներին մասնակցում են նաև հայերը․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Նյարդերի ուսումնասիրությունից ստեղծված տեխնոլոգիաներ»

Օգտագործել ուղեղի աշխատելու սկբունքը, կառուցվածքը, գործունեությունը և ստեղծել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք կհեշտացնեն մարդու կյանքը․ սա թերևս մի բանաձև է, որի վրա գիտնականներն աշխատում են դեռ նախորդ դարասկզբից։ Ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կնմանակեն մարդու օրգանիզմի նյարդային մեխանիզմը, խոսքը նեյրոբիոնիկայի մասին է։

Սա գիտություն է, որի զարգացման արդյունքում այսօր գոյություն ունեն այնպիսի պրոթեզներ, որոնք թույլ են տալիս մարդուն մոռանալ հաշմանդամության մասին, իսկ ապագայում հաշմանդամություն տերմինն կարող է առհասարակ դառնալ ժամանակավրեպ․ այս կարծիքին է արհեստական ձեռքեր ստեղծող հայկական ստարտափ ընկերության հիմնադիր Մարինա Դավթյանը․

«Մեր գլխավոր նպատակն է մարդկանց կյանքը բարելավել և կարողություններն ընդլայնել։ Անգլերեն հաշմանդամություն բառը disability բառն է, որը ժխտում է կարողություն բառը, և մենք ուզում ենք ցույց տալ, որ եթե մարդն ունի արհեստական վերջույթ, դա չի նշանակում, որ նա անկարող է։ Այսինքն` եթե մարդը պրոթեզավորված է, ինքը անկարող չէ, հաշմանդամ չէ, այսինքն` այդ եզրույթի իմաստը փոխելն է մեր նպատակը»,-ասում է Մարինա Դավթյանը։

Նեյրոբիոնիկայի զարգացումը որպես գիտական առանձին ճյուղ մեծ պոտենցիալ ունի, այս կարծիքին է իմ հաջորդ զրուցակիցը՝ բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանը։ Նրա խոսքով, եռափուլ իմպուլսների միջոցով են ստեղծվելու արհեստական կատարյալ վերջույթները․

«Գոյություն ունեն բժշկության մեջ նավիգացիոն համակարգեր, որոնք համակարգչային շերտագրության հիմքի վրա թույլ են տալիս բոլոր տեսակի հյուսվածքների ճիշտ դիրքը որոշել։ Զարգացումը եռափուլ իմպուլսի ուղղութամբ է գնում՝ առաջինը նյարդից, երկրորդը մկանից, իսկ երրորդը մաշկից ստացած իմպուլսն է»,- ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Նեյրոբիոնիկայի ապագան է՝ ժխտել հաշմանդամություն ունենալու գաղափարը։ Պրոթեզավորումից հետո մարդուն անգամ հասանելի է լինելու ցավի զգացողությունը, լսենք Բագրատ Բաղդասարյանին․

«Կա գաղափար, որ ապագայում հնարավորություն լինի օրինակ ցավային ազդակը, ջերմային ֆոնի փոփոխությունը փոխանցել պրոթեզին, այսինքն նաև զգացողությունը բնականության բերել, որպեսզի մարդուն հնարավորություն տրվի, որ ընդհանրապես նա չզգա, թե կորցրել է վերջույթը»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Զրուցակցիս դիտարկմամաբ՝ նեյրոբիոնիկայի զարգացման արագությունը ցույց է տալիս, որ ապագայում պրոթեզներ ունեցող մարդը կլինի ավելի կարող և որոշ ոլորտներում հնարավորություն կստանա իրեն դրսևորել այնպես, ինչպես հիմա պատկերացնել հնարավոր չէ․ օրինակ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ստորին վերջույթի հաշմանդամություն ուենցող մարդը լեռնագնացության ժամանակ զգա իրեն ավելի հարմար և լինել ավելի պատրաստված, քան հաշմանդամություն չուենցող մարդը․

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչնչով չեն զիջի հաշմանդամություն չուենցող մարդկանց, ընդհակառակը որոշ ոլորտներում հակառակ գործընթացն է գնալու, օրինակ լեռնագնացության ոլորտում, հիմա ստեղծվում են այսպիսի վերջույթներ, որոնք ադապտացված կլինեն տվյալ լեռնային պայմաններին և ավելի հարմար կլինեն և դիմացկուն, քան` մարդու բնական ոտքը։ Առհասարակ, հիմա գիտությունը շատ զարգացում է ապրում, վերջերս գրանցված դեպքերից մեկն էլ մի բալետի պարուհու թաթի վերջույթի պրոթեզի տեղադրումն է, որով նա հնարավորություն ստացավ շարունակելու պրոֆեսիոնալ բալետը, այսինքն հաշմանդամություն ունենալը չխանգարեց»,- ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Նեյրոբիոնիկայի շնորհիվ այսօր հնարավոր է նաև մասամբ բուժել էպիլեպսիայով հիվանդ մարդկանց։ Ի դեպ, այդպիսի վիրահատություններ Հայաստանում արդեն 3 տարի է, ինչ իրականացվում են։ Վիրահատությամբ հեռացվում է էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը։ Էպիլեպտոիդ օջախը ոչնչով չի տարբերվում գլխուղեղի մյուս` առողջ հատվածներից, պարզապես օժտված է էպիակտիվությամբ: Մինչև վիրահատությունը գլխուղեղի մեջ տեղադրվում են հատուկ, շատ բարակ էլեկտրոդներ, որոնցով, նախ, որսվում է էպիլեպտոգեն օջախը․ Բագրատ Բաղդասարյանին լսենք․

«Նավիգացիոն համակարգը հնարավորություն է տալիս վիրասրահում տեղորոշել էլեկտրական օջախը, նեյրոբիոնիկան այստեղ շատ է պետք գալիս, այսպիսով`լիարժեք կյանք կարելի է տալ օրինակ էպիլեպսիայով տառապող մարդկանց»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Գլուխ 2

«Հիշողության մեխանիզմը որպես արհեստական բանականության շարժիչ»

Ունիվերսալ ռոբոտ Ռոսսոմի մասին չեխ գրող Կարել Չապեկը գրում էր դեռ այն ժամանակ, երբ գաղափար չկար ստեղծելու արհեստական բանականություն կամ ռոբոտներ։ Արհեստական ինտելեկտը որպես գիտաճյուղ ծնվել է 1956 թվականին. Դորտմուդի քոլեջի վորքշոփի ժամանակ։

Մասնակիցները՝ Ալեն Նյուելը (Կարնեգի Մելոն համալսարանից), Հերբերտ Սայմոնը (Կարնեգի Մելոն համալսարանից), Ջոն Մակկարտին (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտից), Մարվին Մինսկին (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտից) և Արթուր Սամուելը (IBM), դարձան արհեստական ինտելեկտի հիմնադիրներն ու հետազոտողները։ Այսօր արհեստական բանականությունը դարձել է մի շարք ոլորտների անբաժան մաս, խելացի ռոբոտների կարելի է հանդիպել տարբեր վայրերում աշխատելիս․ կենսաբան Նորայր Գաբրիելյանին լսենք․

«Եթե առաջ աշխարհում կար ընդամենը ռոբոտ, որն ունակ էր միայն խոսելու, այսօր հայտնի ռոբոտներ կան, որոնք հիանալի պարում են կամ աշխատում են սպասարկման ոլորտում, և նրանց հաջողվում է հիանալի կերպով հաճախորդներին սպասարկել»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Նեյրոբինոիկայի ուղղություններից մեկն էլ հենց արհեստական բանականությունն օգտագործելով ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ևս կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։ Հայաստանում այսպիսի նախատիպ ևս կա, խոսքը՝ ՄետաԳեյթ ընկերության մասին է, որի թիմն այժմ աշխատում է հաշմանդամություն ունեցողների համար վիրտուալ տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Վիրտուալ ակնոցներ կրելով և կանգնելով քայլասարքին՝ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է տեղափոխվել, օրինակ, Տաթևի վանք։ Սա հիանալի հնարավորություն է, ասում է Բագրատ Բաղդասարյանը․

«Տարատեսակ հարթակներում՝ վիրտուալ իրականության բնագավառում, արհեստական բանականության շնորհիվ մոդելավորել տարատեսակ իրականությունում հայտնվելու հնարավորություն ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ քայլասարքի և հատուկ վիրտուալ ակնոցների շնորհիվ, կարող ենք գնալ այնտեղ որտեղ կների երևակայությունը»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։  

Կիբեռնետիկայից՝ նյութագիտություն, ճարտարապետությունից՝ կենսաբանություն, չկա գիտական մի ոլորտ, որտեղ հայտնագործության նախատիպը կամ գործող մեխանիզմը հնարավոր չլինի գտնել բնության մեջ։

Back to top button