ԿարևորՄիջազգային

Ուկրաինայում հումանիտար միջանցքները երրորդ անգամ չգործեցին․ կողմերը երթուղիների հարցում համաձայն չեն

Ուկրաինայում «կանաչ», հումանիտար միջանցքները հերթական անգամ չգործեցին։ Արդեն երրորդ անգամ կողմերը պայմանավորվում են խաղաղ բնակչությանը ռազմական գոտիներից տարհանելու համար լռության ռեժիմ սահմանելու և հումանիտար միջանցքներ բացելու հարցի շուրջ, սակայն համաձայնությունից ժամեր անց մեղադրում են իրար՝ պայմանավորվածությունը խախտելու և կրակը չդադարեցնելու մեջ։ Անհամաձայնությունն այս անգամ միջանցքների երթուղիների հարցում  է։ 

Ռուսական կողմի նշած միջանցքները Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից մարդկանց դուրս էին բերելու Ռուսաստանի և Բելառուսի տարածք։ Ուկրաինական կողմը վերապահումներ ունի և երթուղիների փոփոխություն է պահանջում։ Անկախ բանակցությունների արդյունքներից՝ այս քաղաքների բնակիչները սպասում են միջանցքների բացմանը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ դեռ օրվա առաջին կեսին մոբիլիզացրել են համայնքի ամբողջ ներուժը, սակայն դեռ անորոշ է՝ միջանցքները կգործե՞ն, թե՞ ոչ, կամ կհաջողվի արդյո՞ք մարդկանց տարհանել։

«Դեռ ինֆորմացիա չունենք, այդ միջանցքները գործում են, թե ոչ, կամ մարդիկ կարողանում են քաղաքներից դուրս գալ, թե ոչ։ Մեր կամավորներն էլ կազմ պատրաստ սպասում էին որ մտնեին այդ քաղաքներ, բայց դեռ անորոշության մեջ սպասում են»,– պատմում է Դավիթ Մկրտչյանը։

Ռուսաստանի ՊՆ–ն հայտարարել էր, որ մարտի 7-ին Ուկրաինայի Սումի, Կիև, Մարիուպոլ և Խարկով քաղաքներից խաղաղ բնակչությանը տարհանելու համար հումանիտար միջանցքներ են բացվելու։ Մարիուպոլում «կանաչ գոտի» բացելու մասին հայտարարվել էր դեռ նախօրեին։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ հումանիտար միջանցքը հազիվ 1-2 ժամ գործեց։ 

«Մարիուպոլում երկու ժամ ուշացմամբ սկսեց գործել լռության ռեժիմը, բայց դա տևեց ընդամենը 1.5 ժամ։ Անգամ ոչ բոլոր ավտոբուսները հասցրին դուրս գալ և մարդկանց հասցնել նախատեսված վայրեր»,– ասումէ հայերի միության ներկայացուցիչը։

Ռազմական գործողությունների էպիկենտրոնում հայտնված  բոլոր քաղաքներում էլ հայ ընտանիքներ դեռ կան՝ ասում հայերի միության ներկայացուցիչը և շեշտում՝ չկա մի քաղաք, որտեղ խաղաղ բնակչությունը հումանիտար խնդիրների առաջ կանգնած չլինի։

«Մարիուպոլ քաղաքում արդեն քանի օր է ջուր և լույս չկա։ Խարկովում՝ նույնպես լույսի ու ջրի խնդիր կա։ Իհարկե, քաղաքային իշխանությունները փորձում են ինչ–որ բան անել, բայց միշտ չէ, որ հաջողվում է։ Փառք Աստծո, Կիևում դեռ նորմալ է վիճակը․ այստեղ ջրի, գազի, հոսանքի խնդիր չկա։ Օկուպացված քաղաքներում էլ սննդամթերքի խնդիրներ կա։ Կապի հետ խնդիրներ կան, սկսել են ոչնչացնել կապի կայանները և առաջարկել ռուսական կապ»,– մանրամասնում է Դավիթ Մկրտչյանը։

Խարկովի հայ համայնքի ներկայացուցիչ Համլետ Հովհաննիսյանի խոսքով՝ տեղի բնակչության ամենամեծ խնդիրը տարահանման հետ կապված հարցերն են։ Նկատում է՝ վառելիքի խնդիր կա, ճանապարհներն էլ ապահով չեն, բայց, չնայած վտանգներին, քաղաքը լքող մարդկանց հոսքը չի դադարում։

«Այդ հոսքը անընդհատ եղել է։ Եվ ճանապարհներին էլ բավական մեծ խցանումներ են։ Մարդիկ 3-4 օր ճանապարհ են գնում դեպի արևմտյան շրջաններ, Լվով, դեպի Եվրոպա։ Վառելիքի մեծ խնդիր կա, դժվար է հայթայթվում։ Բայց կա նաև գնացք, որը մարդկանց տեղափոխում է։ Ճանապարհներին անվտանգության տեսանկյունից վտանգներ, իհարկե կան, ի վերջո պատերազմական իրավիճակ է»,– պատմում է Համլետ Հովհաննիսյանը։

Խարկովում կան մարդիկ, որոնք քաղաքը լքելու մասին չեն մտածում՝ ասում է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանություններն ու համայնքային կազմակերպությունները փորձում են հնարավորինս լուծել հումանիտար խնդիրները։

«Խարկովի մասով կարող եմ ասել, որ լարվածությունը չի դադարում, չի նվազում, կրակոցներ պայթյուններ անընդհատ հնչում են։ Մարդիկ մինչև այսօր տագնապով լարվածության մեջ գտնվում են իրենց թաքստոցներում։ Խնդիրներ, իհարկե, կան, բայց քաղաքային իշխանությունները, համայնքային իշխանությունները փորձում են լուծումներ գտնել, պարբերաբար հումանիտար օգնություն է գալիս քաղաք։ Հնարավորինս օգնում ենք բնակչությանը հաց, ջուր, սնունդ հասցնելու համար»,– ասում է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը։

Հայ համայնքի ներկայացուցիչները նկատում են՝ մարդիկ  հիմնականում շարժվում են դեպի Ուկրաինայի արևմուտք, օրինակ՝ Լվով, այնտեղից էլ Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրներ։

Բոլոր հնարավորությունները ստեղծված են, որ  Հայաստան վերադառնալ ցանկացող ուկրաինահայերը հայրենիք գան․ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով` Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի հետ։

«Այս պահին մեր դեսպանատունը Կիևից տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը շարունակում է ակտիվ ռազմական գործողությունների կենտրոններից մեկը լինել։ Հայ համայնքի ներկայացուցիչների համար, որոնք ցանկություն ունեն Ուկրաինան լքելու,  դեսպանատան միջոցով ստեղծված են բոլոր հնարավորությունները Ուկրաինայի արևմտյան շրջաններից Եվրոպա տեղափոխվելու և այնտեղից էլ Հայաստան վերադառնալու համար»,– ասում է Համլետ Պետրոսյանը։

Ռուս–ուկրաինական հակամարտության սրման 2-րդ օրը՝ փետրվարի 26-ին, ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք պատերազմական գործողությունների պատճառով ցանկանում են լքեր երկիրը, կարող են Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրների սահմաններն հատել առանց վիզայի։ Հարցը, թե հակամարտության սրման օրվանից քանի հայ է հեռացել Ուկրաինայից, կամ նրանցից քանիսն է վերադարձել Հայաստան, հստակ պատասխան դեռ չունի։  Պատկան կառույցների ու հայկական համայնքների ներկայացուցիչներն ասում են՝ պատերազմական իրավիճակում նման վիճակագրություն վարելը գործնականում անհնար է։

Back to top button