ԿարևորՀասարակություն

Հորդորում ենք ուկրաինահայերին լուծել փաստաթղթային հարցերը․ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Ուկրաինայի հայ համայնքում տուժածներ և վիրավորներ չկան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին  հորդորում են լուծել փաստաթղթային հարցերը, հնարավորության դեպքում անարգել հայրենիք վերադառնալու համար։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատնից էլ հայտնում են՝ կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց քանի դեռ Ուկրաինայի օդային սահմանը փակ է, չեղարկվում են բոլոր չվերթերը։

Ռոբերտն ու ընկերը Կիևի իրենց բնակարանում հերթով են քնել․ անհրաժեշտության դեպքում պետք է արագ ինքնակազմակերպվել ու թաքստոց տեղափոխվել։ Պատմում են՝ արդեն 25-ի առավոտյան ուժեղ պայթյուններ են լսվել․

«Մարդիկ բոլորը տանն են կամ նկուղներում․ անորոշ, սպասողական վիճակ է»։

Ռոբերտը ծնվել ու մեծացել է Ուկրաինայում, երկրից դուրս գալու մտադրություն այս պահին չունի, չնայած, ասում է՝ հնարավորություն էլ չկա։

«Կիևի իշխանությունները խնդրել են՝ եթե շատ հրատապ ինչ–որ բան չի պատահել, ոչ մեկ քաղաքից դուրս չգա, ուղղակի մնա տանը։ Հիմա ամբողջ Կիևը վախեցած է, արդեն մի քանի անգամ օդային տագնապ է միացել, ու մարդիկ չգիտեն՝ հաջորդ պահին ինչ կլինի»։

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը ավելի հանգիստ է եղել՝ պատմում է Ռոբերտը։ Կիևում այս պահին չեն աշխատում բանկերը, մեծ խանութները։ Առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող  խանութները բաց են։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Հայաստանի քաղաքացիների հետ՝ ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Քաղաքացիներին կոչ էին արել լինել կապի մեջ և տեղեկություններ տրամադրել իրենց գտնվելու վայրի վերաբերյալ։ Գործում է դեսպանատան թեժ գիծը։

«Գիտեմ, որ հայերից նրանք, ովքեր ունեն Ուկրաինայի քաղաքացիություն, այն նույն վիճակում են, ինչ ուկրաինացիները։ Եթե 18-60 տարեկան տղամարդիկ են, նրանց արգելված է երկրից դուրս գալ։ Իսկ այն հայերը, որ Հայաստանի քաղաքացիներ են, դիմում են դեսպանատուն, որ իրենց ասեն, թե ինչ անել»,- ասում է ուկրաինաբնակ Ռոբերտը։

Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Ուկրաինայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների հետ մշտական կապի մեջ են, տեղյակ են, որ քաղաքացիները շատ են զանգում։

«Կան ընտանիքներ, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունեն և, օդային հաղորդակցության վերականգման կամ հնարավորության դեպքում, իրենք, գուցե, վերադառնան։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին Ուկրաինայում երկաթուղային և օդային հաղորդակցությունը ամբողջությամբ չի գործում, և երկրի ներսում կամ երկրից դուրս տեղափոխվելու միակ ճանապարհը ցամաքային հաղորդակցությունն է»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը։

«Եթե Հայաստան վերադառնալ ցանկացողները շատ լինեն, հնարավոր է՝ օդային հաղորդակցության վերականգնումից հետո հատուկ չվերթեր կազմակերպվեն»,– ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։ Շեշտում է՝ այս պահի դրությամբ հայ համայնքում տուժածներ, վիրավորներ և ավերածություններ չկան։

Գրասենյակից ուկրաինաբնակ հայերին հորդորում են կարգավորել բոլոր փաստաթղթերը, անձնագրային խնդիրների դեպքում դիմել դեսպանատուն՝ հնարավորության դեպքում առանց խոչընդոտի  հայրենիք վերադառնալու համար․

«Կիևում մեր դեսպանատան հեռախոսահամարներն են ակտիվ աշխատում, Օդեսայի հյուպատասարանում ունեցել ենք քաղաքացի, որը դիմել է իր փաստաթղթային հարցերը լուծելու համար։ Նույնը նաև Դոնի Ռոստովում։ Ուղղակի խնդրում և կոչ ենք անում․ ովքեր ունեն փաստաթղթային խնդիրներ, անպայման դիմել դեսպանատուն և լուծեն այդ խնդիրները»,– ասում է գրասենյակի ներկայացուցիչը։

Արդեն երկու օր՝ չեն գործում Կիև–Երևան և Երևան–Կիև չվերթերը, չեն կայացել նաև դեպի Կրասնոդար և Դոնի Ռոստով երկկրողմանի չվերթերը՝ «Ռադիոլուր»–ին հայտնել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ռուսական մյուս քաղաքներ իրականացվող չվերթերի հետ կապված խնդիրներ չկան։ Առաջիկա օրերի չվերթերին վերաբերող տեղեկատվությունը հստակ չէ․իրավիճակը ամեն պահի փոփոխվում է։

Back to top button