ԿարևորՀասարակություն

Հայագիտությունը՝ «փափուկ» ուժի տարբերակ

Հայոց լեզուն, պատմությունը, մշակույթը կարող ենք ներկայացնել աշխարհին՝ որպես «փափուկ» ուժի կիրառման արդյունավետ տարբերակ․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն է այսօր խոսել հայագիտության կարևորության մասին։ Այդ տարբերակը նպատակային օգտագործել, սակայն, առայժմ չի ստացվում։ Ֆինանսների խնդիր կա․

«Ցանկալի կլինի, որ Հայաստանը ունենա ցանկություն և հնարավորություններ՝ բացելու հայագիտության ամբիոններ։ Ես կարծում եմ, որ ցանկությունը ունենք, ֆինանասավորման հարցերը պետք է ձգտենք լուծել և հենց դրսում բացել հայագիտության ամբիոններն առավելապես, որովհետև կրկնում եմ, դա շատ արդյունավետ տարբեր է այսպես ասած «փափուկ» ազդեցությունը տարածել աշխարհով մեկ»,-ասում է Զարեհ Սինանյանը։

ԿԳՄՍ տվյալներով՝ աշխարհի ութ երկրում տասը հայագիտական կենտրոններ կան։ Տարեսկզբին նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է ևս 2 հայագիտական կենտրոնի բացում Ուրուգվայում և Մոլդովայում:

Հայագիտական հայտնի կենտրոններից մեկն էլ գործում է Գերմանիայի Հալլե քաղաքի մի համալսարանում՝ հայագիտական «Մեսրոպ» կենտրոնն է։ Կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանն ասում է՝ Գերմանիայում հայագիտական այս կենտրոնն արդեն 11 տարի՝ գործում է անկախ։ Տարեկան համալսարանի տարբեր ֆակուլտետներից մոտ 2 տասնյակ ուսանող է գալիս համատեղությամբ ուսանելու, իսկ հայագիտությունը որպես հիմնական մասնագիտություն ընտրում է տարեկան 5-10 ուսանող, հիմնականում՝ տեղի գերմանացիներ կամ Հալլե ուսանելու եկած հայ ուսանողներ։ Հայագիտության ամբիոնի ղեկավարի խոսքով՝ հայաստանյան կրթական գերատեսչությունը պարբերաբար աջակցում է իրենց, բայց մշտական, ամենամյա և ամբողջական աջակցություն ցուցաբերել չեն կարող։ Դրոստ-Աբգարյանը հավելում է՝ զուգահեռաբար, սեփական երկրի պատմությունն ու մշակույթը որպես գիտաճյուղ ներկայացնելն  այսօր ակտիվորեն ֆինանսավորում է Ադրբեջանը․

«Ադրբեջանը ֆինանսավորում է ադրբեջանագիտության ամբիոնների բացումը և, բնականաբար, բարձր է վարձատրում ամբիոնի պրոֆեսորներին»,-ասում է Դրոստ-Աբգարյանը։  

Հայագիտության ամբիոնները Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, Սփյուռքի թիկունքն են՝ ասում է Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ, քաղաքագետ Ազատ Օրդուխանյանը։ Նրա կարծիքով՝ այդ  ամբիոնների գործունեությունը պետք է ֆինանսավորի ոչ թե պետությունը, այլ հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնադրամները։ –Հայագետների պակաս Սփյուռքում չկա,– ասում է Օրդուխանյանը,–միայն թե պետք է նրանց հատուկ քաղաքականությամբ համախմբել․

«Մարդկային ռեսուրսների առումով պակաս անհանգիստ եմ, քան ինստիտուցիոնալ հարցերի առումով։ Եթե լինեն աշխատող ինստիտուտներ, հայագետները կհամախմբվեն։ Հայագիտության հիմնադրամներ պիտի ստեղծվեն Եվրոպայում, դրանք ավելի հեղինակավոր կլինեն, եթե այստեղ ստեղծվեն, ոչ թե Հայաստանում։ Եթե այդպես լինի՝ Ադրբեջանի պատկերը չենք ունենա։ Նրանց կենտրոնները քննադատվում են Գերմանիայում, որովհետև ոչինչ օբյեկտիվ չէ, և ֆինանսավորումն էլ տվյալ պետության կողմից է։ Եթե հայագիտության հիմնադրամներ ստեղծվեն, օրինակ, հենց Գերմանիայում, գերմանացիները չեն նայի մեզ կասկածով, ինչպես, օրինակ, հիմա նայում են ադրբեջանցիներին»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայագիտության կենտրոններից բացի, կարևոր է որակյալ հայագետների պատրաստումը, որոնք կդասավանդեն արտերկրի կենտրոններում։ Ազատ Օրդուխանյանի և Արմենուհի Դրոստ-Աբգարյանի դիտարկմամբ՝ այդ կենտրոնները հենարան են և, հարկ եղած դեպքում օգնում են, որ հայկական պատմությունն ու մշակույթը դրսում փաստարկված ներկայացվեն։

Back to top button