ԿարևորՔաղաքական

3+3 ձևաչափը հակամարտության կարգավորման հետ կապ չունի․ Դավիթ Բաբայան

Կա մի կարմիր գիծ, որը չի խախտվելու՝  Արցախը երբեք  չի լինելու Ադրբեջանի կազմում, «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր ևս մեկ անգամ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում Արցախի հարցի կարգավորման մասին։

Այսօր Երևանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ դեմ հանդիպումը։ Կողմերը շեշտել են՝ Արցախի կարգավորումը տեսնում են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում՝  ԼՂ–ի հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմամբ, կարգավիճակի ճշգրտմամբ, և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի հարցի կարգավորումը պահանջում է հաստատակամություն: «Եթե մենք մտածենք, որ ինչ–որ մեկը կամ միջազգային հանրությունը պետք է հարգի մեր իրավունքը, առաջնորդվի բարոյականության նորմերով՝ մի կողմ թողնելով իր շահը, հաշվարկները, ասեմ, որ այդպես չէ։ Մենք չպետք է թույլ տանք, որ խախտվի այդ կարմիր գիծը, և այդ ճանապարհից չենք շեղվելու»,–ասում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Կա՞ արդյոք այս պահին նման վտանգ: «Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար են այդ մասին խոսում։ Մենք էլ ասում ենք դա ընդունելի տարբերակ չէ։ Մենք պետք է հարցը բարձրացնենք մի քանի ուղղությամբ՝ քաղաքական,  պետականաշինական, բարոյահոգեբանական։ Թշնամու նպատակը սա է, որ մենք ինքներս համաձայնենք, բարոյալքված ձևով մտնենք նրանց  կազմ, ամբողջովին կորցնենք մեր ինքնությունը։ Հասարակությունը նույնպես գիտի թշնամու նպատակը, և նման տարբերակը թույլ չենք տալու, անընդունելի է։ Այն կբերի Արցախի հայաթափման և նոր արյունահեղության», – ասում է Դավիթ Բաբայանը։

Փորձագիտական շրջանակները պնդում են, որ համանախագահ երկրների բանագնացները սպասում են մինչև Հայասատանը և Ադրբեջանը սահմանային հստակեցումներ անեն, որից հետո կայցելեն տարածաշրջանան և կվերսկվեն Արցախի հարցով  բանակցությունները։ Դավիթ Բաբայանը ընդգծում է՝ դրանք երկու տարբեր գործընթացներ են։  «Սպասենք, տեսնենք ինչպես է գործընթացն ընթանալու, մոտեցումները չեն փոխվել»։

Հնարավոր է արդյո՞ք 3+3 ձևաչափը վիժեցնի խնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ  տարածաշրջանային զարգացումներից ելնելով նման հարթակներ ստեղծվեն, բայց ԵԱՀՄ ՄԽ–ի ձևաչափին դրանք չեն փոխարինի։

«Եռանախագահությունն է զբաղվելու Արցախի հարցի կարգավորմամբ»,– շեշտում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Back to top button