ԿարևորՀասարակություն

Քաղաքացիություն չունեցողների աճը՝ 23 անգամ 8 տարում

Այլ երկրի քաղաքացիություն ստանալու ցանկությունը հաճախ մարդկանց զրկում է անգամ սեփական երկրի քաղաքացիությունից՝ թողնելով նրանց առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի։ Արդեն պրակտիկա դարձած միտումը Ոստիկանությունում են նկատել։

Ասում են՝ մարդիկ հաճախ դիմում են քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ ներկայացնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության մասին։ Սակայն տարբեր պատճառներով ձեռք չեն բերում տվյալ պետության քաղաքացիությունը՝ փաստացի հայտնվելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում:

Որոշ դեպքերում Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ծնողները դադարեցնում են նաև երեխաների քաղաքացիությունը։

Սա մտահոգիչ հարցերից մեկն է, որի հիման վրա Ոստիկանությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։

Նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նախագահի քննարկումը, սակայն, մինչև 2 ամսով  հետաձգվեց։  Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ աշխատանքային քննարկումների արդյունքում պարզվել է, որ այն  լրամշակման կարիք ունի։

Վիճակագրությունը փաստում է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը վերջին 8 տարիներին աճել է շուրջ 23 անգամ կամ  2300 տոկոսով։ Եթե 2013 թ․ քաղաքացիություն չի ունեցել  38 անձ, ապա այժմ Հայաստանում այդ կարգավիճակն  ունի ավելի քան 900 մարդ։

Քաղաքացիություն չունեցող անձը Հայաստնից կարող է ապաստան խնդրել նույն կերպ, ինչպես, օրինակ, օտար երկրների քաղաքացիները։ Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը նշում է՝ հայցը բավարարվելու դեպքում քաղաքացիություն չունեցող անձը կհամարվի փախստական․

«Քաղաքացիություն չունեցող անձանց հետ Հայաստանի Միգրացիոն ծառայությունը առնչվում է այն պարագայում, երբ քաղաքացիություն չունեցող անձը դիմում է ապաստանի համար, նույն է թե փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Ինչպես գիտեք յուրաքանչյուր ոք ապաստան փնտրելու և ապաստանից օգտվելու իրավունք ունի և մեր օրենքը նախատեսում է օտարերացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն։ Ասել, թե շատ հաճախ է միգրացիոն ծառայությունը առնչվում քաղաքացիություն չունեցող անձանց հետ, չափազանցություն կլինի։ Կարող եմ նշել, որ վերջին 2 տարիներին չենք ունեցել քաղաքացիություն չունեցող անձից ապաստանի հայց, իսկ օրինակ 2018-ին կամ 17-ին մեկական նման հայցեր ենք ունեցել»։

Ոստիկանության մշակած  նախագծով  առաջարկվում է ամրագրել, որ  ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը, օրինակ՝ օտարերկրյա պետության անձնագիրը լիազոր մարմին ներկայացնելու պահից:

Օրինագծով  նախատեսվում է նաև կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն դառնալով 90 օր։

Փոփոխությունների նախագիծը, սակայն, դեռ լրամշակման կարիք ունի ու հենց այդ պատճառով էլ խորհրդարանից հետ է գնացել կառավարություն։ Թե որ դրույթներն են փոփոխության ենթակա, Ոստիկանությունը չի մանրամասնում։

Back to top button