ԿարևորՀասարակություն

Երեսնամյա երկրի 30 ամենակարևոր օրացուցային հանգրվանները

Ինչ ենք ապրել և տեսել 30 տարվա ընթացքում․ 30 քայլ անկախ Հայաստանի «օրացույցով»․ «Ռադիոլուրը» շրջել է ամենակարևոր պատմական իրադարձություններով, անկախ Հայաստանի օրացույցից առանձնացրել ենք 30 առանցքային իրադարձություն, որոնք բեկում են մտցրել երկրի կյանքում։ Այս անգամ այս ձևաչափով ենք փորձել հասկանալ պատմական քայլերի արժեքը, ճիշտն ու սխալը և այլընտրանքները։

Արամ Մանուկյան` ԳԽ պատգամավոր. «Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանարպետություն։ Կրճատ՝ Հայաստան»։

Այն պահից սկսած, երբ Հայաստանը սկսեց անել իր առաջին անկախ քայլերը, փոքր պետության կյանքում խոշոր շատ իրադարձություններ տեղի ունեցան։ Համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումների մեջ գուցե դրանք աննշան թվան, բայց 3 մլն-անոց երկիրը 3 տասնամյակում հասցրեց տեսնել քաղաքական և պատերազմական ամենալուրջ ցնցումները։ Անկախության պատմության մեջ առաջին սեպտեմբերի 21-ից հետո շատ կարճ ժամանակում ստեղծվեցին պետության հիմնական համակարգերը՝ ժողովրդավարական սկզբունքներով տարանջատված իշխանության մարմիններ, դիվանագիտական կորպուս և ազգային բանակ։ Հաջորդիվ՝ դրոշի, զինանշանի, օրհներգի ստեղծում, առաջին նախագահի ընտրություն և Սահմանադրության ընդունում։  

Անկախ, ինքնիշխան պետության հիմնական սիմվոլները կան, բայց դրանց հանդեպ պատշաճ վերաբերմունք ձևավորելու կարիք է տեսնում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Համոզված է՝ դա է ամեն ինչի հիմքը․

«Ժողովրդի մեծ մասն անմիջականորեն անկախության հետ կապված արժեքային համակարգին չի առնչվում, այսինքն՝ առօրյա կյանքի վրա ադեցությունը չի զգում։ Այստեղ մեծ աշխատանք ունեն անելու այն մարդիկ, ովքեր իրենց համարում են էլիտայի մաս։ Պետք է քաղաքացիների գիտակցության մեջ ամրապնդեն անկախության, պետականության, ինանիշխանության նկատմամբ հարգանքը, վստահությունը։ Առաջին հերթին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր անձնական անվտանգության, իր անձնական բարեկեցության երաշխավորը պետությունն է և անկախ ու ինքնիշխան պետությունն է։ այդ դեպքում, դրա հետ միաժամանակ կգա նաև հարգանքը խորհրդանիշերի նկատմամբ, կգա նաև հարգանքը հենց այդ պետության պետականության նկատմամբ և ի վերջո կստանանք այն արդյունքը, ինչի մասին բոլորս երազում ենք»։

Արդեն 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանն իր աշխատանքի ընթացքում ընդունեց հազարից ավելի որոշում, 185 օրենք և վավերացրեց 148 միջազգային պայմանագիր։ 1993–ին հայկական դրամը դարձավ անկախության նյութական խորհրդանիշը։ 8-րդ գումարման խորհրդարան հասնելու ճանապարհին փոխվեցին քաղաքական ուժերը։ Առաջին և 3-րդ նախագահների հրաժարականները բեկում մտցրին երկրի կյանքում։ Թվում էր՝ հաջորդող զարգացումները պետք է բերեին ժողովրդի պատկերացրած փոփոխությունները, սակայն հաջորդած իրադարձությունները պետք է ցույց տային, որ երկրին դեռ նոր ու ավելի ուժգին ցնցումներ են սպասվում։ Պատմության «օրացուցային հանգրվաններով» մեզ հետ «շրջող» քաղաքագետը սխալներ է մատնանշում, բայց և վստահ է՝ դրանք չէին կարող չլինել։

«Դա առաջին հերթին բացատրվում է թե մեր ժողովրդի՝ անկախությանը պատրաստ չլինելով, թե պատմական հիշողության խնդիրներով։ Պետությունն առաջին քայլերն էր կատարում, բնական է, որ սխալներ կլինեին և շատ սխալներ եղան։ Ցավոք սրտի, հետագայում այդ սխալներից դասեր քաղելու փոխարեն մենք շարունակեցինք ընթանալ անկախությունը չգնահատելու, անկախությունը չարժեվորելու, ՀՀ քաղաքացիներին այլ պետությունների նկատմամբ սեր ներշնչելու, տարբեր պետությունների քաղաքացիություն տալու գործընթացներին ոչ միայն չխանգարելու, այլ՝ խրախուսելու ճանապարհով։ Այդ ամենը չէր կարող իր բացասական հետևանքը չունենալ մեր հավաքական գիտակցության վրա»։

30 առանցքային քայլերից թերևս ավելին է արվել անկախության 30 տարվա ընթացքում՝ անկախությունը հաստատելու, ամրապնդելու և պահելու համար։  Ամեն ինչի սկիզբը դրվեց 1991-ի հանրաքվեով։ Հայաստանի չափահաս բնակչության 95%-ը մասնակցեց եւ 99.5% ձայնով «այո» ասաց։ Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

4 նախագահ, 16 վարչապետ, 2 նախագահների հրաժարականներ, բազմաթիվ ընտրություններ և քաղաքացիական բազում ընդվզումներ՝ խորհրդարանի շենքի գրավման փորձերից մինչև «էլեկտրիկ Երևան»,  հետընտրական զարգացումներ, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավում և «Թավշյա հեղափոխություն»․ սրանք դրվագներ են 30-ամյա Հայաստանի ներքաղաքական կյանքից, որոնք նաև ողբերգական էջերում գրվեցին։ Դա այն էր, ինչը կարող էր շեղել Հայաստանն իր ուղուց։

Ռոբերտ Ղևոնդյան․«Այդ իրադարձություններից ամենահայտնիները 1999 հոկտեմբերի 27 և 2008-ի մարտի 1-ի իրադարձություններն էին, երբ առաջին դեպքում գլխատվեց մեր պետության ղեկավար մի հատվածը,  և Հայաստանն ընկղմվեց բավական երկար լճացման մեջ, որից փորձում ենք դուրս գալ 2018 թվականից սկսած։ Երկրորդի դեպքում Հայաստանի անկախ քաղաքացին ուղղակի իր երկրի մայրաքաղաքի փողոցում գնդակահարվեց իր պետության ղեկավարության հրամանով։ Երկուսն էլ բնորոշ չեն անկախ իրավական պետությանը, երկու դեպքն էլ կամակերպված էին և իրագործվեցին Հայաստանի անկախության և Հայաստանի ինքնիշխանության թշնամիների կողմից»։

3 պատերազմ, հրադադարներ և տարբեր տարիների հարևանների հետ հարաբերություններ հաստատելու փորձեր։ 2009-ին Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ գործի դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», հետո կողմերի միջև կնքվեց հայ-թուրքական արձանագրությունները։ 2021-ին Հայաստանը կրկին փորձում է հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ Զրուցակիս իրավիճակի և դրական, և բացասական կողմերն է դիտարկում։ Նախկինում էլ առևտրային շփումներ կային Թուրքիայի հետ, բայց միջնորդավորված՝ ասում է։ Այդ ձևաչափով հարաբերություններին նախընտրում է ուղիղ՝ առանց միջնորդների հարաբերությունները, ինչը, համոզված է, օգուտ կլինի բոլոր կողմերի համար։ Բայց և միաժամանակ պնդում է՝ պատմական հիշողությունները կարևոր են։

«Ցավոք սրտի մենք պետք է հաշվի առնենք, որ մենք գտնվում ենք թշնամական միջավայրում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ ռազմական միջոցներով փորձենք հարաբերվել թշնամիների հետ։ Նույնիսկ թշնամական պետության հետ հնարավոր է հարաբերություններ ստեղծել, հարաբերություններ արագացնել, դա չի նշանակում՝ բարեկամություն անել, որովհետև առաջին հերթին բարեկամության հնարավորություն չկա, քանի որ դիմացի պետությունը քեզ համարում է թշնամական։ այդ պատճառով բարեկամություն անելը այս իրողությունների պայմաններում հնարավոր չէ, բայց հարաբերություններ ստեղծել հնարավոր է, այդ հարաբերությունների ստեղծման համար պետք է անել քայլեր։ Հայաստանի տարաբեր կառավարություններ տարբեր քայլեր են արել, փորձել են հարաբերությունները նորմալացնել, փորձել են ինչ-որ կերպ խոսել, դեռևս մինչև հիմա չի ստացվել»։

Ի՞նչ եղավ Հայաստանի անկախության հետ պատերազմից հետո՝ հարցին քաղաքագետը պատասխանում է իր բանաձևով՝ օգտվելով սպարապետի խոսքերից։ Պնդում է՝ ոչ կորցրել ենք անկախությունը, ոչ էլ նվաճում ենք․   

«Մենք անկախությունը ունենք։ Այն վերաժևորելու և ճիշտ հունով տանելու խնդիր ունենանք այս պահին։ Շատ կարևոր են առաջիկա քայլերի իմաստով Հայաստանի սուբյեկտայնության վերականգնումը հնարավորի սահմաններում, որովհետև պատերազմից հետո մենք բավականին թույլ սուբյեկտայնություն ունենք, Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, համաշխարհային քաղաքական գործընթացներում Հայաստանի շահերին համաձայն ինտեգրվելու միջոցները, չնայելու քաղաքակրթական տարբեր կենտրոններին, այլ այդ շահերի մեջ հայկական շահը փնտրելը։ Պետք է երկրորդեմ Սպարապետին անկախությունը բացարձակ արժեք է և որևէ հաղթանակ, պարտություն կամ որևէ իրադարձություն՝ բոլորը ենթակա են անկախության գերագույն նպատակին և հենց այդ պատերազմում նահատակված զինվորներին հիշելը պետք է մեզ մղի նշել անկախությունը, քանի որ իրենք զոհվել են հենց այդ անկախությունը իրենց սրտում և իրենց մտքում ունենալով»:

Շա՞տ ենք տեսել, թե՝ քիչ անցած 30 տարվա ընթացքում։ Անկախ Հայաստանի օրացույցով մեզ հետ շրջած քաղաքագետը հուշում է՝ ապրում ենք բարդ տարածաշրջանում, որը խառնարան է հիշեցնում և շահերի բախման կենտրոն։ Պարտությունները հնարավորություն են՝ դասեր քաղելու, գործողություններն ավելի ճիշտ իրականացնելու և հետագա հաղթանակների համար հիմքեր ստեղծելու։ Ամենակարևորը՝ պետք չէ պարտության հետևանքով անկախության կամ պետականության կամ ինքնիշխանության վերաբերյալ մոտեցումներ փոխել։ Սա պետք է բանաձև լինի՝ ասում է քաղաքագետը։

Back to top button