ԿարևորՀասարակություն

Տարածաշրջանի միակ դիակիզարանը` Հայաստանում․ տեղը որոշված է

Հայաստանում նախատեսվում է դիակիզարան ու մասնավոր գերեզմանատուն կառուցել։ Օտարերկրյա ու տեղացի ներդրողները ծրագիրն արդեն մշակել են, գործընթացը պատկան կառույցների հետ համաձայնեցման վերջին փուլում է։ Թե որտե՞ղ կկառուցվի դիակիզարանը, ներդրողներն առայժմ չեն բացահայտում, բայց վստահեցնում են՝ այն լինելու է եվրոպական չափանիշերին համապատասխան տարածաշրջանում դեռևս միակ գերեզմանատունն ու դիակիզարանը։

Հայաստանում մինչև հաջորդ տարի նախատեսվում է մասնավոր  գերեզմանատուն ու դիակիզարան բացել։ Ոլորտի պատասխանատուներն ասում են՝  դրա պահանջարկը կա, մասնավոր ներդրողներին այս հարցը հետաքրքրում է: Մասնավոր գերեզմանատուն ու դիակիզարան ունենալու պահանջարկն ավելի ակնառու է դարձել համավարակից հետո ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀԱՈԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանը։  

«Հայաստանում դիակիզարան ունենալն անհրաժեշտ է։ Պանդեմիան ցույց տվեց, որ էպիդեմիական  իրավիճակում մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում՝ չունենալով համապատասխան կառույցներ, իսկ  դիակիզարանը էպիդեմիայի պարագայում անհրաժեշտ կառույց է»։

Նոր  գերեզմանատունը կկառուցվի Երևանից դուրս՝ ասում է Արման Իսկանդարյանը՝ չհստակեցնելով դրա կոնկրետ վայրը։ Ասում է ՝ մանրամասների հրապարակումը  կարող է խանգարել գործընթացին։ Ներդրողների մի խումբը դրսից է՝ ոլորտին քաջատեղյակ մարդիկ, մյուսները տեղացիներ են։  Կառուցումը դեռ չի սկսվել, մի քանի հարցերի  համաձայնեցման փուլում են, ասում է Իսկանդարյանը։

«Եվրոպական,  ամերիկյան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան գերեզմանատուն է լինելու՝ գազոնապատ, այգիներով, ծառուղիներով, ցանկապատված, ամբողջովին լուսավորված, տեսախցիկներով։ Աշխարհում գոյություն ունեցող  ամենաբարձր մակարդակի գերեզմանատուն է լինելու»։  

Մասնավոր գերեզմանատուն և դիակիզարան ունենալու նպատակը գերեզմանատների ընդհանուր՝ 530 հա տարածքն ավելի չմեծացնելն է՝ ասում է Արման Իսկանդարյանն ու հավելում՝ Հայաստանի  նման փոքր երկրի համար սա մեծ խնդիր է: Մեր հողերը նպատակային չեն օգտագործվում, մայրաքաղաքում գործող 21 գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

Մասնավոր գերեզմանատներ ունենալու հնարավորություն տալիս է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատներ ու դիակիզարանների շահագործման մասին»՝ դեռևս 2006 թվականին ընդունված օրենքը։ Ըստ դրա պահանջների՝ ցանկացած մասնավոր գերեզմանատուն պետք է դիակիզարան ունենա կամ պայմանագիր կնքի գործող դիակիզարանի հետ։

«Քանի որ այս պահին Հայաստանում դիակիզարան չկա, մասնավոր գերեզմանատուն հիմնել ցանկացողը պետք է նաև դիակիզարան կառուցի։ Ով պրոյեկտը տեսնում է, միայն երկու ձեռքով ողջունում է։ Իսկապես շատ լավ պրոյեկտ է»։

Մինչ ոլորտի պատասխանատուները նախագիծը կարևոր են համարում,  Հայ առաքելական եկեղեցին  մնում է իր դիրքորոշմանը։ Դիակիզումը  չի համապատասխանում մեր ժողովրդի ընկալումներին ու մեր քրիստոնեական վարդապետությանը՝ «Ռադիոլուրին» ասում է Տեր Ասողիկ քահանան Կարապետյանը։

«Հողի մեջ մարմնի ամփոփվելն ունի խորհրդանշական իմաստ։ Հայրենիքի սրբազնությունը նաև նախնյաց ոսկորների  առկայությամբ է։ Եվ դա դարեր շարունակ արտահայտվել է։ Փավստոս Բյուզանդը հրաշալի մի պատմություն ունի հայոց արքաների ոսկորների հետ կապված և դրանով արտահայտվում է մեր ժողովրդի վերաբերմունքը ննջեցյալի ամփոփման կերպի վերաբերյալ»։  

Դիակիզման դեպքում եկեղեցական արարողակարգը պետք է  փոխվի։ Դիակիզումից առաջ հոգեհանգստյան կարգ  կլինի, իսկ հուղարկավորության կարգը կմատուցվի միայն այն դեպքում, երբ ննջեցյալի աճյունը խունկով, աղոթքով կամփոփվի հողում։  

Back to top button