Ստարտափ Հայաստան

Մալիշկա-Վարդենիկ տրանզիտ․ «Ստարտափ Հայաստան»

Արծվիկն ու Մարիան տարբեր բնակավայրերից են։ Մեկը Վարդենիկից է, մյուսը՝ Մալիշկայից։ Երկուսն էլ տեղափոխվել են Երևան` սովորելու։ Ուսմանը զուգահեռ աղջիկներն իրարից առանձին մտածել են, որ կարելի է ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվել, որը նաև կարող է գումար բերել։ Սկսել են թղթի վերամշակմամբ զբաղվել։

Համալսարանական տարիներին գրեթե բոլոր ուսանողները անչափելի գումարներ են վատնում պատճենահանման վրա։ Հետո այդ թղթերը պետք չեն գալիս, ստիպված թափում են կամ էլ, ինչը հազարից մեկ է պատահում, որպես թղթի թափոն են հանձնում։ Աղջիկները խնդրի լուծման հետաքրքիր և օգտակար հնար են գտել։ Նրանք թղթերը վերամշակում են և նաև գույներ տալիս, որպեսզի աչքին ավելի հաճելի լինի, գուաշ կամ ակրիլ են խառնում, բայց հիմա որոշել են, որ գույներն ավելի էկո տարբերակով պետք է ստանան, օրինակ՝ սոխի կեղևից։ Եթե մոտիկից նայենք այդ թղթերից պատրաստված նոթատետրերին, կնկատենք ինչ-որ տառեր, թվեր, որոնք այդպես էլ համառորեն չեն ձուլվել, բայց դա էլ է հետաքրքիր, այդպես երևում է՝ ձեռագործ է ամեն ինչ։

Արտադրական ընթացքը հետաքրքիր է անցնում։ Իրականում Մարիան է բացահայտել, թե ինչպես կարելի է սովորական թուղթը վերամշակել, բայց դա ավելի լավ Արծվիկի մոտ է ստացվում։ Քանի որ աշխատանքը «մաքուր» չէ, Արծվիկն էլ Մարիան էլ տանը զգուշավոր են, հանկարծ չկեղտոտեն, հանկարծ մաման չբարկանա, հանկարծ կատուն գունավոր ջրերից չխմի։ Ինտերնետից, տարբեր հավելվածներից դժգոհողներին մեր երիտասարդները ապացուցում են, որ աշխարհում ամեն բան էլ կարող է և դրական, և բացասական ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ այս պարագայում աղջիկներն իրենց գաղափարն իրականություն են դարձրել շատ քննարկված և քննադատված տիկ տոկի օգնությամբ։

Թղթի պակաս չեն ունենում։ Ընդամենը ինստագրամյան պատմության բաժնում գրում են, որ իրենց թուղթ է պետք, ու ընկերները հասնում են օգնության։ Իրենց գիտելիքներով կիսվում են բոլորի հետ։ Մի քանի անգամ իրենց մարզերում դասընթացներ են անցկացրել և հետաքրքրվող երիտասարդներին սովորեցրել, թե ինչպես կարելի է թղթից հետաքրքիր իրեր ստանալ։ Ասում են, որ տղաներն ավելի են հետաքրքրված և սիրով են մասնակցում դասընթացներին։

Այս թղթի տեսակը բոլորի համար է, իհարկե, բայց լինում են մարդիկ, ովքեր ասում են, որ դրա փոխարեն, օրինակ, կգնան և խանութից կգնեն պատրաստի թուղթ։ Բայց դա ոչ բոլորի համար է հետաքրքիր, պարզաբանում է Մարիան։ «Ռիսայքլ դիս» նախաձեռնությունը, որն արդեն դարձել է բիզնես, պատրաստ է ընդունել ձեր թղթերը, որոնք կարող եք հեշտությամբ փոխանցել աղջիներին։ Իսկ ապագա ծրագրերում գործն ավելի շատ մարդկանց ծանոթացնելն ու բիզնեսի զարգացումն է։

Back to top button