ԿարևորՀասարակություն

Վարկ՝ վարկերը փակելու համար․ գտա՞ն հակաճգնաժամային գումարները իրական հասցեատերերին

Համավարակի բացասական հետևանքների չեզոքացման 25 հակաճգմաժամային ծրագրերի մեծ մասն ուղղված էր բիզնեսի աջակցմանը։ Դրանցով հիմնականում մատչելի տոկոսներով վարկեր էին տրամադրվում։ Կոնկրետ որքան գումար է ուղղվել բիզնեսին, դեռ հայտնի չէ, չկա նաև ծրագրերի արդյունավետության վերջնական գնահատական․ ծրագրերի մի մասը դեռ շարունակվում է։  Փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, սակայն, փորձագիտական գնահատականներ կան։ Համաձայն դրանց՝ փոքր ու միջին բիզնեսը վատ վիճակում է՝ կուտակված միջոցները սպառվել են, բանկերը խստացրել են վարկերի տրամադրման պայմանները։

Վարկ՝ վարկերը փակելու համար․ կառավարության՝ համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մեծ մասն այս խնդիրը լուծեց։ Գործադիրը դրանք ներկայացնում էր որպես մատչելի տոկոսադրույՔով վարկեր, որոնք նաև համաֆինանսավորում էին ենթադրում։

Որքանո ՞վ էին մատչելի ու հասանելի հակաճգնաժամային ծրագրերը, մասնավորապես ՓՄՁ–ի համար։  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն արձանագրում է՝ ծրագրերի հասանելիության ամբողջական պատկերը պետք է դիտարկել համավարակի ու պատերազմի, համաշխարհային տնտեսության զարգացման միտումների համատեքստում, իսկ դրանք բիզնեսի համար բարենպաստ չէին․

«Իհարկե, լավ է, որ կառավարությունը  նման ծրագրեր իրականացրեց։ Դրանք որոշ չափով մարդկանց օգուտ տվեցին։ Սակայն կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե դիտարկենք վարչարարությունը, դրված նպատակներն ու ստացված արդյունքները։ Վարկով պարտավորություն մարելը, կոպիտ ասած, բիզնեսին ավելի մեծ պարտքային ծուղակի մեջ է գցում»։

Միայն բանկերը 119 մլրդ դրամի վարկ են տրամադրել տնտեսավարողներին։Դրանց տոկոսադրույքները սուբսիդավորել է կառավարությունը։ Տնտեսագետ Արա Քառյանը  կարծում է, որ բանկերն աջակցության այդ ծրագրերից գերշահույթ են ստացել։

Բացատրում է․ «Կառավարությունն ասում է, որ իր վրա է վերցնում արտարժութային, ապահովագրության ու տոկոսադրույքի ռիսկերը։ Սա բանկերի համար շահավետ, եկամտաբեր ակտիվ է։ Դրա համար եմ պնդում, որ այս շղթայի վերջնական շահառուն բանկերն են»։

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հակադարձում է․ պետությունը վարկավորման ռիսկը չի երաշխավորել, միայն սուբսիդավորել է․

 «Վարկի վերադարձելիության  ռիսկը միշտ բանկի վրա է։ Եթե վարկը դառնա չաշխատող, նախ  սուբսիդավորումն է դադարում,  հետևաբար, ամբողջական ռիսկը մնում է բանկի վրա»։

Հայաստանում 400 տնտեսվարողի շրջանում անցկացված հարցումները  բացահայտել են՝  ծրագրերը, գուցե, արդյունավետ էին, սակայն, դրանցից օգտվելու համար հատկապես փոքր ու միջին բիզնեսը բավարար ռեսուրս ու ժամանակ չի ունեցել։ Հարցումները փետրվար- մարտ ամիսներին անցկացրել էր   միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը՝ Առևտրաարդյունաբերական պալատի հետ։  «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանն ընդգծում է՝  համավարակը ցույց տվեց՝ ամենախոցելին ՓՄՁ  ոլորտն է․

«ՓՄՁ-ն ամենախոցելին ու ամենաանտեղյակն էր։ Մեր հարցումների ժամանակ պարզեցինք, որ շատ հաճախ իրենք իրականացվող ծրագրերից տեղեկացված չեն կամ էլ այդքան ռեսուրս ու ժամանակ չունեն, օրինակ, հաշվապահ պահելու ու խնդիրները լուծելու համար, որ գնան ընկնեն աջակցության ծրագրերի հետևից։ Միգուցե մեծ ընկերությունները կարողանում են, բայց փոքրերը՝ ոչ»։

Թե  2020–ին համավարակի հետևանքով քանի փոքր ու միջին բիզնես է փակվել,  պարզ կլինի տարեվերջին։ Զուտ փորձագիտական մակարդակում վերլուծելով՝  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն արձանագրում է՝ ՓՄՁ-ն վատ վիճակում է, կուտակված միջոցները սպառվել են, բանկերը խստացրել են վարկերի տրամադրման պայմանները։ Ընդանրապես, այս փուլում զրուցակիցս կարծում է, որ հատկապես փոքր բիզնեսին պետք է  ոչ թե արտոնություն տրամադրել, այլ աջակցել  արտահանման հարցերում։

Back to top button