ԿարևորՏնտեսական

Բերքի ավելցուկը՝ ապրուստի միջոց․ կրեատիվությունը գործ է ստեղծում

Հայաստանում աղքատությունը աշխատանքով հաղթահարելու ծրագրեր են իրականացվում․ նախաձեռնությունը անհատական է, միջոցները՝ նույնպես։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցները անհատական, փոքր բիզնես փաթեթներ են առաջարկում այն գյուղացիներին, որոնք ունեն բերք, սակայն, չգիտեն՝ ինչ անել  դրա ավելցուկի հետ։ Գումարը տրամադրում են ընկերները, ծանոթներն  ու անծանոթները, հիմնադրամները։ Այս պահին ֆինանսավորման համար բանակցում են Ամերիկյան Buy Armenian և HaySatar հարթակի հետ։ Ապագայում նախատեսում են ստեղծել պարենային ապահովության հարթակ, որը կընդգրկի անհատական, ոչ արդյունաբերական սննդամթերքի վերամշակմամբ զբաղվողներին:

Ի՞ նչ անել ավելցուկ կարտոֆիլի հետ․ թափե՞լ, ցածր գնով վաճառե՞լ, տալ անասունի՞ն,  թե՞ մտածել մեկ այլ  տարբերակ։  Այդ տարբերակը գտնվել է մտքի սրությամբ ու կրեատիվությամբ։ Հեղինակները Ռուզաննա Պապիկյանն ու Ռուբեն Մարտիրոսյանն են։ Նրանք հիմնադրել են «Ապրի կուշտ» ծրագիրը, որը հետո կփոխեն ու կդարձնեն «Ապրի, գյուղ» կամ «Ապրի, viliage»:

Ռուզաննա Պապիկյանն արձանագրում է․ «Մեզ հարկավոր էր ավելցուկը, որը թափվում է, օգտագործել, դարձնել արժեք։ Մենք առաջարկեցին մի քանի ձևեր, որը  հնարավորություն կտա այդ կարտոֆիլը, բացի վաճառքից, օգտագործել։ Անցյալ տարի մենք  երևի առաջինն էինք, որ շուկա հանեցինք վաղահաս պահածոյացված կարտոֆիլ։ Շատ զարմանալի էր արձագանքը։ Ուտելու համար պատրաստի կարտոֆիլ է, դուք իրեն կարող եք տապակել, կարող եք ավելացնել ճաշի մեջ։ Տարբեր ձևերով կարող եք օգտագործել»։

Ամեն ինչ կազմակերպվում է համաձայն վերամշակման պայմանների և սննդամթերքի անվտանգության տեխնոլոգիաների։ Սա անհատական փոքր-բիզնես առաջարկի  միայն մեկ օրինակն է։ Եվ այսպես, գյուղ առ գյուղ  զրուցակիցներս շրջում են, ծանոթանում մարդկանց ու գյուղական հոգսերին, զրուցում  ու վերադառնալով՝  նոր առաջարկներ մշակում։ «Ապրիր կուշտ»-ը պատրաստի բիզնես մոդել է այն գյուղացու համար, որը ունի բերքի ավելցուկ, չի կարողանում այն իրացնել, չի ուզում, որ բերքը փչանա, սակայն չունի առաջին քայլերն անելու հնարավորություն։

«Փաթեթները տարբեր են՝ ըստ գյուղերի»,- ասում է  Ռուզաննա Պապիկյանը։

«Մենք էքսպերիմենտի միջոցով կարողացանք տասը տեսակի մսի պահածոներ ստանալ՝ հավից մինչև ոչխար։ Այսինքն, երբ գյուղացին մորթելով կենդանուն կարող է մսի իրացման խնդիր ունենալ, մենք նրանց առաջարկում ենք վերամշակել այն, նախ իր ընտանիքի համար, հետո նաև՝ վաճառքի։ Մեզ համար կարևոր է, որ իրենց ընտանիքների կարիքները կարողանան հոգալ»։

Երբ ընտանիքում խոսում է կինը, լռում է ամուսինը։ Հարցազրույցի ընթացքն էլ այդպիսին էր մինչև այն պահը, երբ խոսակցությունը  խոհանոցից  ու կրեատիվ  պահածոներից փոխվեց դեպի բիզնես-պլան, փաթեթներ ու ներդրումային առաջարկներ։

Ռուբեն Մարտիրոսյանն ընդգծում է․ «Մենք առաջարկում ենք պատրաստի փաթեթ, որով ցանկացողը կարող է իր սննդամթերքն արտադրել։ Մենք իր տեղն ամեն ինչ պատրաստում ենք, տալիս ենք, որպեսզի ինքը արտադրի։ Մեր անհատական մշակած փաթեթների ֆինանսավորման հարցերը մի քանի փուլերից են բաղկացած։ Կան մարդիկ, որ պատրաստ են գումար դնել։ Առաջարկները թանկ չեն, այն առաջարկները չեն, որ 15-20 հազար դոլար արժեք ունենան։ Այն ընտնաինքներն են, որոնք առաջին քայլերը անելու հնարավորություն չունեն։ Մենք փորձում ենք օգնել, որպեսզի այդ ընտանիքները առաջին քայլերն անեն։ Մենք այդ առաջին քայլերի կարիքն ունեցել ենք, ու նրանց շատ լավ հասկանում ենք։ Փաթեթները մոտավորապես 1500-1600 դոլար արժեն։ Մեր առաջարկը նրանով է հետաքրքիր, որ սարքավորում տրամադրողները նաև պատրաստ են դրանցով պատրաստվածը արտահանել»։

Գումարը տրամադրում են ընկերները, ծանոթներն  ու անծանոթները, հիմնադրամները։ Այս պահին ֆինանսավորման համար բանակցում են Ամերիկյան Buy Armenian և  HaySatar հարթակի հետ։ Ապագայում նախատեսում են ստեղծել պարենային ապահովության հարթակ, որը կընդգրկի անհատական, ոչ արդյունաբերական սննդամթերքի վերամշակմամբ զբաղվողներին։ Նախաձեռնության նպատակը՝ գյուղացուն տալ ոչ թե սննդի գումար, այլ՝ օգնել ու աջակցել, որ հոգա ընտանիքի հոգսը, ու չթողնել որ բերքը փչանա։ Կարևոր է նաև կոոպերացիայի զարգացումը։ Ռուզաննա Պապիկյանը, գյուղերում շրջելով, մեկ ընդհանրություն է նկատել․   

«Մենք անհատական մտածող ենք։ Երբ դու ասում ես, որ կա բիզնես, որը դու կարող ես ավելի արդյունավետ կատարել ընդհանուրի հետ, լարվածություն է ստեղծվում։ Ուզում է մենակ անել։ Մենք առաջարկում ենք, որ անհատական անեն։ Բայց նաև ասում ենք, որ մտածեք կոոպերատիվ անելու մասին։ Անհատական մտածողությունը կարմի գծով գնում է բոլոր մարզերով ու գյուղերով։ Կուզենայի հասնել այն օրվան, երբ նույն մարզի տարբեր գյուղերն անգամ մրցակցեն, իրենց արտադրանքի փառատոններ կազմակերպեն»։

2021 թվականին հատկապես աղքատ երկրները կկանգնեն պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով պարենային շուկայում արձանագրվող գնաճով։ Աշխարհում պարենային ճգնաժամը  խորանում է, սննդամթերքի գները ՝ թռիչքաձև աճում։ Ուստի խնդիրը կարելի է լուծել միայն համախմբվելով ու շատ աշխատելով։ Զրուցակիցներս առաջին քայլերն արդեն արել են։

Back to top button