ԿարևորՀասարակություն

Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվեց Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ 46-ամյա Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և 33-ամյա  Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են  Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվում են Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի  3 հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները, զինված ընդհարումների ժամանակ սպանություն կատարելը), նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով  (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։ Պետական մեղադրողներն են  Գուրգեն Հակոբյանն ու Արշակ Մարտիրոսյանը։ Ամբաստանյալների շահերը պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Մուշեղ Վարդանյանը։ Ի դեպ, մինչ դատավարությունը փաստաբանը Ֆեյսբուքի  իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ «քրեական գործ, որի միջև ընթանում է հայրենասիրության և մասնագիտական երդման նուրբ գիծ…»։

Մուշեղ Վարդանյանը միջնորդեց դատավարությունն անցկացնել դռնփակ, քանի որ դրա ընթացքում կարող է պետական գաղտնիք հրապարակվել։ Դատարանը միջնորդությունն ընդունեց, և նիստն անցավ  դռնփակ։

Դատակոչված երկու վկաներից մեկը Արմեն Վաղունցն է: Սիրիացի վարձկանները հարձակվել են նրանց գյուղի վրա, 150 հոգանոց ջոկատի կեսը փախել է, 7 հոգի սպանվել է, իսկ 2-ը՝ վիրավոր, գերեվարվել են: Վաղունցը պատմում է. 

«Ուզում էին հարձակվել, ներխուժել գյուղ, մենք պաշտպանեցինք, կոտորեցինք իրանց,  գյուղի վրա չթողեցինք, հարձակումը հետ մղեցինք, կոտորեցինք, փախան»։

Արմեն Վաղունցը տիրապետում է թուրքերենի ու ադրբեջաներենի, և հեշտությամբ կռահել է, որ ամբաստանյալները սիրիացի վարձկաններ են: Ասում է.

«Նախ Ալլահ Աբգար էին գոռում, ու հետո նրանց՝ վարձկանների հագուստները տարբեր են։ Խոսում էին արաբերեն, ու մենք նրանց կենդանի թողեցինք, որ աշխարհին ապացուցենք, որ մեր դեմ սիրիացի վարձկաններ են կռվել»։

Դատալեքս տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ տեղադրված ինֆորմացիայից իմանում ենք, որ սիրիացի վարձկանները ամսական  2000 ԱՄՆ դոլարով պիտի մասնակցեին Հայաստանի և Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողություններին։ Ավելին՝ հայի կտրած գլխի ներկայացնելու դիմաց վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգևավճար: Հայերին գլխատելու նպատակով նրանց տրամադրվել են հատուկ, երկար սայրով դանակներ։

Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին 2020 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հայաստանի Սյունքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպել են ՀՀ  զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել են և հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին։ Մեղադրողները երկու ամբաստանյալների համար պահանջեցին ցմահ ազատազրկում։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը համակցելով առաջադրված հոդվածնեով նախատեսված պատժաչափերը՝ սիրիացի վարձկաններին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Պաշտպան Մուշեղ Պողոսյանը բողոքարկելու է դատավճիռը։

Back to top button