ԿարևորՀասարակություն

Մոր տոնին արմավիրցի Արթուր Խաչատրյանը կդառնար 20 տարեկան

Այսօր արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արթուր Միսակի Խաչատրյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան: Ընտանիքի միակ տղա զավակը ծառայել է Սյունիքում, պատերազմի ժամանակ՝ Ջրականում: Սակրավոր էր: Նա տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, ընդունվել էր ու մեկնել բանակ: Զոհվել է հոկտեմբերի 9-ին Մեխակավանում։

Արթուրի ծնունդը լավագույն նվերն էր Աննային՝ մայրության օրվա առթիվ, նա 14 տարի երազել էր տղա ունենալու մասին: Սուրբ Աստվածածնի ավետման օրը նրա  երազանքը կատարվեց: Արթուրը հոգատարության ու խնամքի պակաս  չէր զգացել, բայց առիթն էլ չէր օգտագործել: Որդու մասին խոսելիս մոր աչքերն են ավելի շատ բան պատմում։

«Խելոք ու համեստ տղա էր Արթուրս, կյանքում ցուցադրվել չգիտեր, բոլորը սիրում էին նրան: Կյանքն ակնթարթ էր, չհասցրեցի Արթուրիս շատ վայելել»:

Համեստ էր, օժտված անսպառ հումորով: Գյումրեցու թոռ էր, գյումրվա կոլորիտը չէր  միահյուսվել արմավիրյան մթնոլորտում: Արթուրը նկարվել չէր սիրել: Եղած նկարները ընտանեկան ալբոմում են, որը տիկին Աննան հաճախ է թերթում, տղայի լուսանկարները սեղմում կրծքին, կարոտը խեղդում։ Մասունքի պես են տեսագրությունները, որտեղ Արթուրը կա։

Տղան դպրոցն ավարտել էր կոտրված սրտով, վերջին զանգից օրեր առաջ ավտովթարից զոհվել էր հայրը:  Արթուրը  մոր միակ հենարանն էր:  Սյունիքի դարպասներն էր պահել, իսկ պատերազմից օրեր անց տեղափոխվել  Ջրական: Արթուրը մորից ու ավագ քույրերից  գաղնի էր պահել իր գտնվելու վայրը։

«Հոկտեմբերի 8-ին խոսեցի իր հետ, ինքն էր զանգել, հարմարեցնում զանգում էր: Զգացի, որ վազում է, հարցրեցի՝ Արթուր ջան, ոնց որ վազում ես, ինչ է եղել, ասաց՝ ուղղակի արագ եմ քայլում, բայց ես չգիտեի, որ պատերազմի դաշտում է»:

Արթուրը չէր հասցրել բացել տնտեսագիտական  համալսարանի դուռն ու մտնել լսարան, բայց արդեն մտահոգված էր ուսման վարձի վճարմամբ: 9 ամիս էր մնացել զորացրվելուն: Պլանավորել էր անելիքը.

«4 ադրբեջանցի գերի էին վերցրել, հանձնել ղեկավարությանը: Խոսում էինք, Արթուրս ասաց՝ մամա, մի հատ էլ սխրանք գործեմ՝ ուսմանս վարձը կկրճատվի: Ես էլ զարմանում էի, թե ինչ սխրանքի մասին է խոսում: Ասում էի՝ Արթուր ջան, ինչիդ է պետք, առանց այդ էլ միակողմանի ծնողազուրկ ես, ինչ կրճատման մասին է խոսքը: Ամեն ինչի մասին անհանգստանում էր, որ կարողանա ինձ օգնել»։

Մայրը չէր էլ ենթադրել, որ տղան ռազմական գործողությունների թեժ կետում է, իսկ Էմման ավելի ուշ էր իմացել ու լռել: Եղբոր նկատմամբ գորովանքը զգուշություն էին հաղորդել ավագ քրոջը․ հեռախոսով խոսել էր բառախաղով, ու հասկացել էին իրար։

Դա վերջին խոսակցությունն էր: Ժամեր անց Արթուրը զոհվել էր:  Անօդաչու  թռչող սարքը  հարվածել էր նրանց տեղափոխող մեքենային:  19 հոգուց միայն մեկ զինվորի կյանքն էր փրկվել։

Արթուրի մայրը՝ Աննա Իվանյանը,  երաժիշտ է, հաճախ ստեղծագործում է, երբեմն՝ ամուսնու գրած խոսքերով: Չհասցրին համատեղ գրված երգերը գործիքավորել: Ամուսնու մահից հետո նոր երգ էր գրել նրա հիշատակին, զանգել էր տղային ու կարդացել։

Այսօր արմավիրցի Արթուր Միսակի Խաչատրյանը կդառնար 20 տարեկան: Հերոսների երազանքները չեն մեռնում։

Back to top button