ԿարևորՀասարակություն

Խմելու ջուրը հասանելի է դառնում նորակերտցուն

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում տասնամյակներ շարունակ խմելու ջրի խնդիրը չէր լուծվում: Թեև գյուղը մեծ չէ, ունի 890  բնակիչ, սակայն խմելու ջուրը մինչև հիմա մատակարարվում է գրաֆիկով․ մի քանի օր գյուղի մի մասն է  ջուր ունենում, մի քանի օր՝ մյուս մասը:

Մեր այցի ընթացքում Նորակերտում ակտիվ աշխատանքներ էին ընթանում՝ ջրագծերն էին փոխվում, գյուղացիները նոր ջրատարից միացում էին անում:

««Ջրի հարցը կամաց-կամաց  լուծվում է: Մոսկվան հո միանգամից չի կառուցվել: Էս խեղճն էլ եկել, դատարկ բյուջեի վրա նստել է ո՞րն անի, գյուղում էնքան շատ խնդիրներ կան»:

«Ջուրը տալիս էին փողոց-փողոց, թաղամաս- թաղամաս: Հիմա էս երկու օրը նոր սկսել են ջրատարը փոխել, դեռ չգիտենք՝ մշտական ջուր կլինի՞, թե՞չէ»,-ասացին գյուղացիները:

Զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ:  Նա տեղեկացրեց, որ ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն երկու տարվա ընթացքում։ Այս պահին ներքին ցանցն են բարեկարգում.

 «Համայնքում ներքին ցանցը գրեթե 90 տոկոսով  վերանորոգվել է, շուրջ  4,5  կմ ջրագիծ է բարեկարգվել: Աշխատանքներն իրականացվում են  2019 թվականի ծրագրով: Իսկ 2020  թ.-ի ծրագրով ներառված է ևս 2,5 կմ, որից հետո միայն  գյուղում ջրի խնդիրը կարող ենք համարել լուծված:  Այս խնդրի լուծման համար համայնքից պահանջվում է 30  տոկոս, իսկ կառավարությունից՝ 70  տոկոս մասհանում»:

Գերասիմ Սարգսյանի փոխանցմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի առաջիկա օրերին, որից հետո կմեկնարկի շինարարությունը և կավարտվի երեք ամիսների ընթացքում: Ընդհանուր առմամբ՝  ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7150 մետր է:

«Գյուղի ջրի խնդիրը մինչև փոխելն էր կար, հիմա էլ կա, քանի որ գյուղը սնվում է 15 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից: Մինչև գյուղ հասնելը Ակունք  համայնքը և Վարդենիսի Սև հողեր թաղամասը նստած են այդ ջրագծի վրա, այդ իսկ պատճառով համայնքում կա ջրի խնդիր: Ակունք համայնքում պետք է կառուցվի ջրահավաք ավազան և դրա միջոցով դոտացիա տրվի մեր ջրագծին, որպեսզի կարողանանք ամբողջ գյուղը մատակարարել ջրով»:

Ակունք համայնքից սնվող  կարգավորիչ ջրամբարում վերակառուցման և ջրաքանակի ավելացման աշխատանքներ նախատեսում են   իրականացնել հաջորդ տարվա ընթացքում՝ սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը կանցնի շուրջօրյա ջրամատակարարման և խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի Նորակերտում:

Հավելենք նաև, որ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը 21 միլիոն դրամ է, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:

Back to top button