ԿարևորՀասարակություն

Վիրահայերը թթվածնային սարքեր ու դիմակներ ուղարկեցին Հայաստան

Վիրահայերն ակտիվորեն միանում են «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» նախաձեռնությանը՝ պատմական հայրենիքի հետ փակ սահմանների պայմաններում նույնիսկ կյանքեր փրկելու նպատակով։ Երկու օր առաջ հայտարարված դրամահավաքի արդյունքում 2000 լարի՝ շուրջ 670 դոլար գումար է հավաքվել: Արդեն Հայաստան է հասել 27 թթվածնային սարք ու 3000 պաշտպանիչ դիմակ։

Հայաստանում կյանքեր փրկելու նպատակով Վրաստանում հարյուրավոր քաղաքացիներ են միացել «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» ակցիային։ Շնչառական սարքերը հայթայթելու և Հայաստան հասցնելու գաղափարը Թբիլիսիում գործող «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովինն է։ Ասում է՝ միտքն առաջացավ, երբ տեսավ Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հերթական ռեկորդային բարձր ցուցանիշը՝ 697 դեպք, իսկ բուժահաստատություններն արդեն չեն կարողանում հոսպիտալացնել կարիք ունեցողներին․

«Հայաստանի ընկերների հետ խոսելով  պարզ դարձավ, որ այս պահին շնչառական սարքերի կարիք կա։ Օտարերկրյա մտերիմ ընկերոջս աջակցությամբ ձեռք բերեցինք սարքերը։   Հետագայում մեզ միացան բազմաթիվ հայեր ու վրացիներ։ Այսօր Բագրատաշենի անցակետում Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ 27 սարք փոխանցեցինք Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Հայաստանում արդեն կորոնվիրուսով ծանր երկու տասնյակ վարակակիրներ շնչում, թթվածին են ստանում այս սարքերի օգնությամբ։ 

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» վիրահայերի նախաձեռնած շարժումը փորձելու է մեղմել Հայաստանում համաճարակային վիճակի վատթարացումը։ Մայր Հայաստանն այսօր աջակցության կարիք ունի, միանանք «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» և ընդհանրապես, կորոնավիրուսի դեմ ուղղված ցանկացած բարի նախաձեռնության, նման կոչով է հանդես եկել ակցիայի համակազմակերպիչներից Գայանե Բոստանջյանը․

«Այս պահի դրությամբ հայերի և վրացիների նվիրատվությամբ ունենք մոտ 2000 լարի գումար։ Այս և դեռ փոխանցվող գումարով պաշտպանիչ դիմակներ ու շնչառական սարքեր կուղարկվեն Հայաստան։ Չնայած դրամահավաքի մասին գրառումը հասցեագրել ենք վիրահայերին, վրացիները ևս փոխանցումներ են կատարում, իրենց բարեմաղթանքները հղում հայ ժողովրդին։ Հաճելի է, մանավանդ, երբ գիտես, որ այս երկրի ժողովուրդը եւս սոցիալապես տուժել է համավարակից, բայց օգնության ձեռք է մեկնում։ Սա դրական երանգ է հաղորդում մեր դարավոր հարաբերություններին՝ հերքելով սոցցանցերում տեղ գտած հերյուրանքները»։

Բոստանջյանը վստահեցրել է` օգնությունը հասնելու է Հայաստան և տեղում,  Ալիք մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հանձնառությամբ բաժանվելու սոցիալապես անապահով խմբերին, բոլոր նրանց, ովքեր ստիպված են տանից դուրս գալ, օգտվել հանրային տրանսպորտից, լինել մարդաշատ աշխատավայրում ու կրել դիմակ՝ պաշտպանելով իրենց, ընտանիքը, շրջապատն ու վերջապես մեր բոլորի Հայաստանը: Որպես հաշվետվություն, արդեն ներկայացվել է Հայաստան հասած օգնության առաջին խմբաքանակը։

Հայաստանում վարակվածների առողջության, մայր հայրենիքի ու ազգի փրկության համար աղոթք են բարձրացնում Վիրահայոց եկեղեցիների հոգևորականները։ Ռուսթավիի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանն ասում է․ 

«Պիտի հասկանանք, որ մի շրջան պիտ զրկվենք ամեն ինչից, այդ թվում հարևանի ու հարազատի տուն գնալուց, որպեսզի վարակը դադարի Հայաստան աշխարհում»։  

Հայաստանին օգնության ձեռք մեկնելու նպատակով մինչ այս երկրի իշխանություններին կոչ էին արել նաև վրացի հասարակական ու քաղաքական գործիչները։ Վրաստանի իշխանությունները ևս մեկ անգամ հաստատել են, որ պատրաստ են Հայաստանին աջակցելու։

Վրաստանում մինչ օրս արձանագրվել է վարակի 818 դեպք, 13 մահվան ելքով։ Այս օրերին թեև մեղմացվել են գրեթե բոլոր կոշտ սահմանափակումները, այդուհանդերձ վարակի նոր դեպքերը հատուկենտ են:

Վրացի վարակաբանները, սակայն, չեն շտապում հայտարարել, որ հաղթահարել են վարակը։ Երկրի իշխանությունները հետևելով մասնագետների խորհրդատվություններին՝ պատրաստվում են հնարավոր երկրորդ ալիքին։

Իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․ «Կարևորը բոլորս միաժամանակ չվարակվենք։ Մենք կարող ենք 1200-1500 հիվանդի ընդունել միաժամանակ, ունենք մոտ 1500 տեղ վերակենդանացման բաժիններում և մոտ 2000 շնչառական ապարատ, ուստի Վրաստանի առաջադրանքն է ամեն ինչ անել՝ միաժամանակ քաղաքացիների հիվանդանալը բացառելու համար»։

Վրաստանի առողջապահական համակարգը թեև վերջին ամիսների համեմատ համալրվել է անհրաժեշտ պարագաներով, այդուհանդերձ ի վիճակի չէ դիմակայել կորոնավիրուսային ծանրաբեռնվածությանը։ Այստեղ կոշտ սահմանափակումներով վարակաբաններն ամեն ինչ անելու են, որ քաղաքացիները երկրորդ ալիքի դեպքում ևս միաժամանակ չվարակվեն։

Back to top button