ԿարևորՔաղաքական

Հետընտրական–նախընտրական զարգացումներ Արցախում

Արցախում նախագահական ընտրություններից հետո յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել: Երկրորդ փուլին մասնակցելու իրավունքն ունեցող թեկնածուներից մեկը՝ Մասիս Մայիլյանը,   իր համակրներին կոչ է արել չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

Այս հայտարարությանը զուգահեռ  «Նոր Արցախ» դաշինքի նրա կողմնակիցները մասնակցել են Արցախի հեղափոխական կուսակցության նախաձեռնած ցույցին, որին չեն շտապում միանալ  Մասիս Մայիլյանի մյուս թևի աջակիցները՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»

Երեկ Ստեփանակերտի կենտրոնում հրավիրված բողոքի ակցիայի մասնակիցների շարքում նաև Մասիս Մայիլյանին աջակցող «Նոր Արցախ» դաշինքի անդամներն էին:

Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն էին հայտնում ընտրությունների ընթացքից և արդյունքներից՝ պահանջելով չեղարկել դրանք:  Ակցիային զուգահեռ տարածվեց  Մասիս Մայիլյանի հայտարարությունը, որով նա  կոչ է անում իր համակիրներին    չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:  Թեկնածուն նշում է, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից,  և ինքը պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո   ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

«Նոր Արցախ» դաշինքի անդամ կուսակցություններից Արցախի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Բարդուղ Գալստյանը «Ռադիոլուր»–ին ասել է, որ հարգում են  Մասիս Մայիլյանի հայտարարությունը և իրենք ևս իրենց կողմնակիցներին կոչ են անելու չգնալ քվեարկության:  

Մասիս Մայիլյանին ընտրություններում աջակցած մեկ այլ քաղաքական ուժի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը «Ռադիոլուր»–ին ասաց, որ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան արդյունքների վերջնական ամփոփումից հետո: Դրանք  հրապարակվելու  են  ապրիլի 7-ին: Ըստ նախնական արդյունքների՝ «Միասնական հայրենիքը» խորհրդարանում 9 մանդատ կունենա:

Մինչ այդ Անուշ Դոլուխանյանն անդրադառնում է ընտրություններում իրենց քաղաքական դաշնակիցների բողոքի ակցիային. «Երբ տղաները կձևակերպեն իրենց պահանջի վերջնական տարբերակը, այն ժամանակ գնահատական կտանք»:  

Փողոցում,  ցույցերի միջոցով պայքարը  ճանապարհներից մեկն է՝ ասում է «Ռադիոլուր»–ի մյուս զրուցակիցը՝ Բարդուղ Գալստյանը: Ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով նաև դատարան են դիմելու, թեև արցախյան արդարադատությանը չեն հավատում:

Գերագույն դատարանի միջոցով ընտրությունների չեղարկման հնարավորություն նախատեսված է Ընտրական օրենսգրքով: Այլ հարց է, թե Մասիս Մայիլյանի հայտարարությունից հետո ինչպես են  կազմակերպվելու ընտրությունները: Բարդուղ Գալստյանի խոսքով՝ քվեաթերթիկում Մասիս Մայիլյանի անունը կլինի: 

Այս դեպքում,  երբ, թեկուզ և ձևական,  քվեարկվելու է երկու թեկնածու։ Երկրորդ փուլում ընտրված է համարվելու այն թեկնածուն, որին  կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Back to top button