ԿարևորՔաղաքական

Փաշինյանը բացատրեց, թե ինչու սահմանադրական փոփոխություններ չեն նախաձեռնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը: Այս մասին Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, և այսօր էլ չունենք: Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար «ձևել» այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարևոր է, որ Հայաստանում լինի սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ասել է, որ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետև 1996 թվականից սկսած ՍԴ-ն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կար վստահության ճգնաժամ Սահմանադրական դատարանի նկատմամբ, ուստի, որոշվել էր ունենալ նոր Սահմանադրական դատարան:

ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իրեն ուղղակի ցնցել է, որովհետև այդ նամակը կարդալով, հասկացել է, որ 2017 թվականի տրանսֆորմացիայի շրջանում կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, չեն նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում:

«Երբ Սահմանադրական դատարանի փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ դա ամբողջական ինստիտուտների բարեփոխման համակարգ է: Ասվում էր, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական ՍԴ-ն, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա կարիքներին, որովհետև ՍԴ-ն այսօրվա ամենավարկաբեկված ինստիտուտներից է, որովհետև այն 1996 թվականից սկսած՝ վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները: Եվ, ըստ էության, կար վստահության ճգնաժամ նաև ՍԴ-ի նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության հեղինակները ՍԴ-ի իրենց տեսլականն էին ներկայացնում. «Նրանք ասում էին, որ նոր ՍԴ-ն պիտի լինի այսպիսին, ՍԴ դատավորները պիտի լինեն ոչ թե ցմահ, այլ ընտրվեն 12 տարով, որ ՍԴ նախագահը պիտի ընտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ ամեն 6 տարին մեկ պետք է ունենա ՍԴ նախագահի ընտրություն: Ունե՞նք մենք այդպիսի Սահմանադրական դատարան, որը նկարագրված է մեր Սահմանադրության տեքստի մեջ։ Մենք չունենք»:

Վարչապետի գնահատմամբ՝ այս ամենի պատճառը ներիշխանական գործարքն է:

«Նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, ինչպես հետո պարզվեց՝ ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Եվ նրա փոխարեն ՍԴ անդամ, հետագայում նաև ՍԴ նախագահ առաջադրվեց և Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հրայր Թովմասյանը, մինչդեռ նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ՍԴ-ն»,- պարզաբանեց նա:

«ՍԴ-ն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա, սա իմ քաղաքական գնահատականն է»: 

Back to top button