Հասարակություն

Անօթևանության խնդրի լուծմանը սպասելով…

Երկրաշարժից 30 տարի անց էլ Գյումրիում  դեռ վագոն-տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներ կան՝  մոտավորապես 300 ընտանիք դեռ բնակվում է  տնակային ավաններում՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ «Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանը:

Նա կարծում է, որ եթե 1500 բնակարան կառուցվի Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում կլուծվի անօթևանության խնդիրը:

«Ռադիոլուրի» հաղորդումը վագոն տնակում ապրող ընտանիքներից մեկի պատմությունն է նաև, այն ընդհանրական է այս թաղամասում ապրող բոլոր ընտանիքների համար:

12 տարի ամուսնական կյանքի ընթացքում ամուսնուն 12 ամիս է տեսել: Նաիրա Դարբինյանին հանդիպեցի Գյումրու տնակային ավանում: Այստեղ է բնակվում երեք անչափահաս երեխաների ու սկեսրոջ հետ:  Տարվա ամենասիրելի ու սպասված ամիսը դեկտեմբերն է: Հենց այս ժամանակ է ամուսինը մեկ ամսով  վերադառնում արտագնա աշխատանքից:  Ո՞րն է ամենամեծ դժվարությունն  ամուսնու բացակայության ժամանակ՝ հարցնում եմ: Պատասխանն ավելի քան անկեղծ է.

«Ամեն ինչն էլ դժվար է, թեկուզ ջուր կրելը, դպրոց  տանել-բերելը։ Մեր դպրոցը շատ  հեռու է, մինչև կռուգ»:

33-ամյա կինը երազում է, որ տարին 12 ամիս Գյումրիում աշխատանք լինի։ Կարևոր չէ, թե որքան կվաստակի ամուսինը, կարևորը՝ միասին լինեն, երեխաներին մեծացնելու պատասխանատվությանն ավելանում է կարոտը:


«Փոքրին համարյա չի տեսել, հունվարից դրսում է: Փոքրս արդեն 1,7 տարեկան է: Մի ամիս է տեսել»:

Երեք երեխաներին մեծացնում  է վագոն տնակում: Ապագան մշուշոտ է, թվարկում է արտագնա աշխատանքի դրական ու բացասական կողմերը:

«Դրական կողմն է, որ կօգնե, ընտանիքը պահելը, բայց որ կողքդ չէ, կարոտը, երեխեքի առանց ծնող մեծնալը»:

Ամուսիններն այնքան քիչ են իրար տեսնում, որ չեն էլ հասցնում վիճել. «Պատկերացրա, որ չենք էլ վիճվի: Մինչև կուգա, կարոտցած, էլ ինչ վիճվինք»:

1988թ  երկրաշարժից հետո այս ընտանիքն արդեն 30 տարի վագոն տնակում է ապրում: Նարիայի ամուսնու մայրը՝ Մարգարիտ Դարբինյանն է թվարկում խնդիրները, ամենակարևորը երեխաների առողջական վիճակն է.


«Երեխեքս շատ կհիվնդնան: 30 տարի կապրիմ էս դոմիկի մեջ: Հետո իրեք երեխիս ամուսնացրել եմ, արդեն թոռներ ունիմ: Հնարավոր չէ  իրեք երեխեքին պահի, մեջքի ցավ ունի ահավոր, մեկ կերպ աշխատի, իրա ընտանիքը պահի: Դժվար էղնի, չեղնի, պըտի աշխտի, օր երեխեքիս պահի: Մենակ  իմ խնդրանքս է մե տունըմ, ուրիշ ոչ մի բան: Ես դոմիկի մեջ ապրա, երեխեքս չապրին, ուրիշ հեչ  բան: Մենք կաշխատինք, մեր ուժերով կպահինք ընտանիքը»:

Կիսախոնավ վագոն-տնակ՝ զուրկ տարրական կենցաղային պայմաններից։ Եղանակների ցրտելուն զուգահեռ  կենցաղային հոգսերը ավելի են շատանում.

«30 տարի է, մենք ջուր չունենք: Տղես փոս է փորել, որ էդտեղից վերցնենք: Ձմեռն էլ զուգարանն էլ կը սառի, կանալիզացիան էլ կսառի: Մենք երկուսով էդ ծանրությունը կը տանինք»:

Երկուսով ավելի հեշտ ենք հաղթահարում դժվարությունները՝ ասում է զրուցակիցս:

«էս պայմաններից իմ աղջիկս հիվնդացավ: Պոլը բիտոն է, Մեկ էլ պեչքը, էս երկու սենյակը կը տաքացնինք: Ընդե վաբշե փակենք գը, ընդե ապրելու տեղ չէ: Կռիսներ, մկներ: Կռիսի ձագ ենք քցեր, չենք բացեր դռները, որ երեխա են չը մտնին»:

Երկրաշարժից 30 տարի անց էլ մոտավորապես 300 ընտանիք դեռ բնակվում է  տնակային ավաններում՝ ասում է «Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ  Վահան Թումասյանը: Նա կարծում է, որ եթե 1500 բնակարան  կառուցվի Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում  կլուծվի անօթևանության խնդիրը: Այստեղ կա մի բայց. Խնդիրը պետք է այնպես լուծել, որպեսզի մարդիկ արհեստականորեն  չվատացնեն իրենց պայմանները՝ նոր բնակարան ստանալու ակնկալիքով:

Back to top button