ԿարևորՔաղաքական

Նոր սկանդալային բացահայտումների հետքերով


Իրավական- քաղաքական անցուդարձն այսօր հագեցած էր աղմկահարույց բացահայտումներով եւ տեղեկություններով: Ամենաուշագրավը թերեւս 2008-ի մարտի 1-ի գործով շրջադարձն  է՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա այսօր որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մեղադրյալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Վաղ  առավոտից ՊԵԿ եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություն են իրականացրել <<Սպայկա>> ընկերությունում: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը,  որի անունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, 2007-ից զբաղվում է թարմ մրգի ու բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա:

Իսկ լրատվական օրը սկսվեց մեկ այլ իրադարձությամբ՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ այլ պաշտոնյաներ հայտնվել են նոր սկանդալի կիզակետում: Ձերբակալվել է Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, ԱԻ նախարարը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Քննչական կոմիտե: Այս ֆոնին առաջ է եկել նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրը: Իսկ դեպքը որեւէ կապ չունի ոչ ապօրինի հարստացման, ոչ էլ յուրացումների բացահայտումների հետ. ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ տեղի է ունեցել սովորական ծեծկռտուք:

Դեպքը հաստատում են նաեւ ոստիկանությունից: Ընդ որում՝ հաստատում են նաեւ լուրը, որ տուժողին առաջին հարվածը հասցրել է պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Հայտնի է տուժողի անունը՝  բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովի հայրն է ՝ Վյաչեսլավ Հարությունովը: <<Օլիմպավան>> մարզական համալիրում հրավիրված ժողովին հանդգնել է հակաճառել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Տուժողի խոսքով՝ որդին Ռուսաստանի քաղաքացի է: Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգեւներ էր խոստացել, մինչդեռ որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Լսենք տուժողին.

<<Օլիմպավան>> մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ>>,- օրվա վերջում այս տեղեկությունը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց Սոնա Տռուզյանը՝ հավելելով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ Հայաստանի Քննչական Ծառայություն ուղարկելու մասին:

<<Որովհետեւ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հատուկ սուբյեկտների, այդ թվում պատգամավորների վերաբերյալ քրեական գործերի քննությունը վերապահված է ՀՔԾ-ին>>,- պարզաբանում է Տռուզյանը:

Միջադեպը բուռն քննարկումների առիթ է դարձել ֆեյսբուքում: Գնահատականները տարբեր են՝  հիասթափությունից մինչև ոգևորություն:  Օգտատերերի մի մասը  չի վստահում տարաշված տեղեկատվությանը, պնդում է՝ տեղի է ունեցել պատվեր, սադրանք քաղաքական նպատակներով: Այսպես մտածողներից է օրինակ՝ Սաբա Աղազյանը.

<<Չեմ հավատում, որ Ծառուկյանը ձեռք բարձրացնի որեւէ մեկի վրա։ Երեւի մի անշնորհք բան է արել ու ասել այս մարդը, որ ծեծ է ստացել։ Ես չեմ արդարացնում ծեծողներին, սակայն պետք է սպասել ավելի մանրամասն տեղեկատվության Ծառուկյանի կողմից>>:

Ֆեյսբուքյան գրառումով դեպքին արձագանքել է նաեւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը.

<<Ուզում եմ հիշեցնել, թե որքան ծանր վնասներ է կրել Հայաստանի հասարակությունը օլիգարխների թիկնազորերից։ Նրանք կարող էին մարդկանց ծեծի ենթարկել փողոցում, տանել իրենց տերերին պատկանող տների նկուղներ ու խոշտանգել, կամ՝ տերերին պատկանող օբեկտներում ծեծելով սպանել։ Այս ամենաթողությանը պետք է վերջ տրվի։ Ես այդ քայլերը տեսնում եմ>>:

Իսկ ինչպես են միջադեպը մեկնաբանում  Ծառուկյանի կողմնակիցներ.  ողջ օրվա ընթացքում <<Ռադիոլուր>>-ին չհաջողվեց կապ հաստատել Ծառուկյան խմբակցության որևէ պատգամավորի հետ: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանի հեռախոսազանգերը մնում են անպատասխան, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը վկայակոչում է զբաղվածությունը:

Կան տեղեկություններ, որ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ՝ Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը <<Արմենիա>> ԲԿ-ում փորձել են տեսակցել ծեծկռտուքից տուժած քաղաքացուն: Հիվանդասենյակի մոտ հսկողություն իրականացնող  ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել:

Back to top button