Ի՞նչ է իրականում պատահել նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի հետ. «Ռադիոլուրը» խոսել է նրա հետ


Նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի ծնողները չեն հավատում, որ որդին ինքնասպանության փորձ է արել, քանի որ դրդապատճառներ չկան, եղածն էլ բացատրում են գլխապտույտով։
Էռնեստի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Ռադիոլուրին» պատմում է` մի քանի օր էր, ինչ Էռնեստը մեկնել էր ծառայության ու զորամասից զանգահարել և ասել են, որ որդին չի համարվում ծառայությանը: Նրան հրավիրել են զորամաս զրուցելու, որպեսզի միասին քննարկեն Էռնեստի հետագա ծառայության ընթացքը։ Ու մինչ հայրը կհասներ զորամաս, դեպքը արդեն տեղի է ունեցել:
Զրուցակցիս հարցնում եմ՝ ինչը կարող էր ստիպել որդուն՝ Էռնեստին, նման քայլի դիմելու համար: Դժվարանում է պատասխանել: Նշենք, որ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետություն մի զորամասից Մուրացանի զինվորական հոսպիտալ էին տեղափոխվել նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանին, որը հունվարի 18-ին իրեն ցած էր նետել պատուհանից:
Դեպքի հետ կապված սպաները բացատրություն էին տվել ու պատմել էին, որ առաջին իսկ օրվանից Էռնեստը հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել ու չի հարմարվում բանակային կյանքին: Ես փորձում եմ այս հարցերի պատասխաններն ստանալ հենց Էռնեստից:
Մեր զրույցին միանում է Էռնեստի՝ մասնագիտությամբ ուսուչուհի մայրը՝ Մարիետա Շահինյանը: Ասում է, որ անընդհատ կապի մեջ է եղել որդու հետ, մտավախություն է ունեցել, որ որդին պարզապես չի հարմարվի բանակային ռեժիմին, բայց որ նման քայլի կդիմեր՝ չէր կարող պատկերացնել:
«Երեւի ուղեղի մթագնում է տեղի ունեցել, չգիտեմ»:
Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայությու մայոր Հակոբյանից էլ տեղեկանում եմ Էռնեստի առողջական վիճակի մասին: Հովհաննիսյանը ասում է, որ նորակոչիկը Ստեփանակերտի կայազորային հոսպիտալից Մուրացանի հոսպիտալ է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով:
Արդեն հանդիպման ավարտին Էռնեստի հետ պայմանավորվում եմ, որ վեց ամիս հետո այցելելու եմ իր զորամաս ու հենց այնտեղ ենք զրուցելու բանակային առօրյայի մասին: