Հասարակություն

Գեներալ Հյուսնունց. «Ոչ ոք իրավունք չունի մեզ համար այդքան թանկ հաղթանակը սեփականաշնորհել»

arminegevorgyan

«Երբ արցախյան պատերազմն սկսվեց՝ հայկական կողմն ուներ ընդամենը մի քանի տանկ, իսկ արդեն ավարտից հետո դրանք քառապատկվեցին»,- «Ռադիոլուրին» պատմում է արցախցի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը։ Նա 1992- 2006 թ-ին զբաղեցրել է   Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնը: Գեներալը պատմել է նաև, որ ռուս փորձագետներից մեկը մի անգամ նույնիսկ ասել է, թե  Ռուսաստանում տանկերի փողը վերանորոգում են հատուկ գործարաններում, իսկ ղարաբաղցիները՝ հենց ռազմի դաշտում։ Գեներալի հետ «Ռադիոլուրը» զրուցել է նաև ապրիլյան պատերազմի  սխալների ու ձեռքբերումների մասին:

 

Հյուսնունցների գերդասատանին ճանաչում են ոչ միայն Արցախի Մարտակերտ քաղաքում, այլև նրա սահմաններից դուրս: Վյաչեսալավ Հյուսնունցը նրանցից մեկն է, ով Արցախի բանակի կայացման գործում ունեցած անձնական նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Շուշիի ազատագրության համար», «Մայրական երախտագիտության» և ուրիշ մեդալներով:

Բանակի ակունքներում կանգնած գեներալը չնայած այս պահին ծառայության մեջ չէ, վաստակած հանգստի է անցել, բայց լիովին տիրապետում է իրավիճակին: Ասում է, որ մենք ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի խնդիր չենք ունեցել՝ ուղղակի թշնամին ավելի լավ է սպառազինված ու պատրստված եղել, մեր խնդիրները այլ տեղ են եղել: «Մենք կազմակերպչական խնդիր ունենք, պետք  ամեն ինչ լինի հասցեական ու մասնագիտական մոտեցում ցուցաբերվի»,- ասում է Վյաչեսլավ Հյուսնունցը:

Հիշեցնենք՝ Վյաչեսլավ Հյուսնունցը 1992- 2006 թթ.-ին զբաղեցնում էր  Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնը:  Նրա  հրամանատարության տակ գտնվում զրահատանկային եւ հրթիռահրետանային ծառայությունները։

Ապրիլյան պատերազմի օրերին, ու մինչ հիմա, մենք բազմիցս ենք անդրադարձել մեր զինվորների պատրաստվածությանը  ու մարտունակությանը՝ գիտակցելով, որ մեծ է  նաև  հրամատարական կազմի ներդրած ավանդը: Սակայն եղան դեպքեր, երբ հրամանատարներից ոմանք թերացան իրենց պարտականություններում Զրուցակիցս ասում է, որ նման դեպքեր յուրաքանչյուր բանակում լինում է, և լավ է, որ մեզ մոտ մասշտաբային դեպքեր չգրանցվեցին,այլ եղան առանձին դեպքեր, երբ «ոմանք իրենց ճիշտ չպահեցին»:

Գեներալի հետ խոսում ենք նաև հերոսների սինդրոմի մասին: Զարմանում է, թե ինչու պետք է լինեն մարդիկ, ովքեր արտոնյալ կարգավիճակում լինեն  պատերազմական գործողություններից հետո: «Կա օրենք ու օրենքի առաջ բոլորն են հավասար: Եթե սխալ քայլեր են կատարել, ապա օրենքի առաջ պետք բոլորը պատասխան տան,- ասում է գեներալ Հյուսնունցը ու մեկ անգամ ևս հիշեցնում,- հաղթանակը ոչ թե գլխավոր հրամանատարից մինչև վերջին զինվորն են կռել, այլ՝ ողջ հայ ժողովուրդը։ Այսօր ոչ ոք իրավունք չունի մեզ համար այդքան թանկ հաղթանակը սեփականաշնորհել»:

 

Back to top button