Մշակույթ

Այսօր Առնո Բաբաջանյանը կդառնար 95 տարեկան (լրացված)

լրացված 15.25-ին
alisagevorgyan
Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն այսօր կդառնա 95 տարեկան: Նա ծնվել է 1921 թվականին՝ Երևանում: Ծանր հիվանդությունից հետ նա մահացավ 1983 թվականի նոյեմբերի 11-ն: Առնո Բաբաջանյանի աճյունն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ծննդյան օրվա առիթով այսօր այցելել ու իրենց հարգանքի տուրքն են մատուցել ՀՀ մշակույթի փոխնախարարը, արվեստագետներ, Առնո Բաբաջանյան մարդու և արվեստագետի երկրպագուները:

 

 

Երաժշտական  բացառիկ տաղանդը նրա մեջ դրսևորվել էր դեռ մանկության տարիներին: Մանկապարտեզի ավարտական խմբում  փոքրիկ Առնոյի լսողությունը ստուգել ու լրջորեն երաժշտությանը նվիրվելու խորհուրդ էր տվել անձամբ ինքը՝ Արամ Խաչատուրյանը:

Առնո Բաբաջանյանի երաժշտական կրթության ուղին սկսվեց  Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցից, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: 1948 թվականին ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: Պրահայուկ կայացած երիտասարդական միջազգային փառատոնում «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը Առնո Բաբաջանյանին բերում է ստեղծագործական առաջին լուրջ հաջողությունը: Ավելի ուշ նրա երգերն արդեն հայտնի էին խորհրդային ողջ տարածքում:

Ստեղծագործում էր տարբեր ոճերում՝ պոպ, ջազ և դասական: «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,-խոստովանում էր Առնո Բաբաջանայնը:

«Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա». Խորհրդային ամենասիրված ֆիլմերից շատերում հնչում են Առնո Բաբաջանյանի երգերը: «Նա հսկա էր ոչ  միայն էստրադայում, այլև երաժշտության  մեջ ընդհանրապես, նաև փայլուն դաշնակահար էր, ամբողջությամբ տրված էր երաժշտությանը»,-ասում է Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ  Երզնկյանը:

Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգը  1970-ականների սկզբին մեծ ճանաչում բերեց Ռաիսա Մկրտչյանին՝ դառնալով երիտասարդ երգչուհու այցեքարտը: «Ռաիսան այն երգչուհին է, ում կարելի է վստահել ցանկացած երգի կատարում և համոզված լինել, որ այն կհարստանա, նոր գույներ ձեռք կբերի»,-ասում էր Առնո Բաբաջանյանը: Նրա հետ համագործակցության շուրջ 25 տարիները երգչուհին այսօր հիշում է սիրով և կարոտով:

Առնո Բաբաջանյանը կյանքից հեռացավ 1983 թվականին՝ շարունակելով միլիոնավոր մարդկանց մեջ ապրել իր երաժշտությամբ և հիշողություններով: «Առնոն մեծ մարդասեր էր, կատակասեր, ամեն ինչում ձգտում էր առաջնության: Նարդի, շախմատ խաղալու մեջ անգամ ոչ մի զիջում չէր ընդունում: Տաղանդավոր էր ամեն ինչում»,-պատմում են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել շփվել նրա հետ:

Back to top button