ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Դը Գոլի մարտը»՝ Սիմոն Աբգարյանի վարպետությամբ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել է ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» կենսագրական դրամայի երևանյան պրեմիերան։ Ֆրանսիայից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ցուցադրվում է Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող այս ֆիլմը։ Գլխավոր հերոսին՝ Շառլ դը Գոլին, մարմնավորել է ֆրանսիական կինոյի և թատրոնի բարձրագույն «Մոլիեր» և «Սեզար» թատերական մրցանակների դափնեկիր, դերասան, բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։

1940 թվական: Ֆրանսիան կապիտուլյացիայի և սեփական ինքնությունը կորցնելու վտանգի առաջ է: Հենց այս անորոշության ու հուսահատության ֆոնին ծնվում է դիմադրությունը․ շատերին անհայտ գեներալը մեկնում է Լոնդոն՝ սկսելու «Ազատ Ֆրանսիա» շարժումը:

Ֆրանսիական կինոյի պատմության ամենաթանկարժեք նախագծերից մեկը՝ ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» պատմական էպոպեան, երևանյան էկրանին է: Ու թեև ֆիլմը ֆրանսիացի մեծագույն քաղաքական գործչի մասին է, էկրանից մեզ նայող գեներալ Շառլ դը Գոլի հայացքում հայկական խորություն կա. պատմական կերպարին մարմնավորել է ֆրանսահայ նշանավոր դերասան ռեժիսոր, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։

Ֆիլմի ռեժիսոր Անտոնեն Բոդրին ասում է՝ «Դը Գոլի մարտը» և «Դը Գոլ. ազատություն» ֆիլմերը կարող եք ողբերգություն և կատակերգություն համարել, սակայն այնտեղ գերակշռում է ողբերգությունը։

«Իրականում ֆիլմն այն մասին է, թե ինչ ենք զգում, երբ կանգնած ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ։ Ես ուրախ եմ, որ այս ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում, քանի որ հայերը, վստահաբար, գիտեն, թե ինչ է դիմադրությունը։ Ֆիլմն այստեղ ցուցադրելու երկրորդ պատճառը Սիմոնն է։ Երբ մեկնարկում էի նախագիծը, շատ լավ գիտեի, թե ինչ լուրջ մարտահրավեր է լինելու Շառլ դը Գոլի դերակատարին գտնելը»:

Անտոնեն Բոդրին հիշում է ժամանակին տարածված մի պատմություն։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշում է դը Գոլին նվիրված ֆիլմ նկարահանել։ Այդ նպատակով դիմում է երիտասարդ Ուիլյամ Ֆոլքներին, որպեսզի նա սցենարը գրի։ Ֆոլքները սցենարի մի քանի տարբերակ է գրում։ Մտածում են, որ սցենարը լավն է, սակայն պետք է հանվի դը Գոլի կերպարը, քանի որ հնարավոր չէ համապատասխան դերակատար գտնել․

«Սիմոնն ակնհայտ ընտրություն էր, կարծում եմ՝ նա բոլոր ֆրանսիացիներին, իմ ողջ ժողովրդին տվեց այն պատկերացումը, թե իրականում ով էր Դը Գոլը»։

Ի դեպ, շատ պրոդյուսերներ փորձել են այլ հայտնի դերասաններ ներգրավել, բայց ռեժիսորն արդեն գտել էր իր հերոսին։

Սիմոն Աբգարյանը դը Գոլի պատմությունը որպես լավ գրված ողբերգություն է ընկալել: Այն ֆիլմ է ազատության, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության ու հայրենիքի հանդեպ սիրո մասին։

«Երեք շաբաթ փակվել եմ արխիվների, հարցազրույցների ու վավերագրական նյութերի հետ, բայց մի օր որոշեցի կրկնօրինակում չի լինելու: Փակեցի համակարգիչս ու որոշեցի, որ իմ արվեստով եմ զբաղվելու, այն է՝ երևակայելը։ Վերցրի այդ ամբողջ նյութն ու այն իմը դարձրի, որպեսզի մարմին տամ, ձայն տամ»։

Սա Սիմոն Աբգարյանի կերտած արդեն երկրորդ պատմական կերպարն է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանից հետո:

Տաղանդավոր հայը վաղ 80-ականներին Ամերիկայից սկսված իր ճանապարհը հասցրել է համաշխարհային բարձունքների, բայց այսօր հայրենիքում խոսում է սեփական արմատների և մշակութային տեսլականի կարևորության մասին․

«Հայ ժողովրդի ու արվեստագետների համար ամենակարևոր թեման պետք է հենց այդ տեսլականը լինի։ Մեր ձեռքի տակ եղած նյութերը բազմաթիվ են. հստակ է, որ գանձի վրա ենք նստած ու մեր մշակույթով հարուստ ժողովուրդ ենք։ Պատմություն, գրականություն, պոեզիա, երաժշտություն․ լավ սերունդ ունենք, որին Հայաստանի ու Սփյուռքի մեծահարուստները պետք է օգնեն գրավելու այդ երևակայական դաշտը»:

Աբգարյանը երազում է Ջալալ ադ Դին Ռումիին կամ Պլատոնին մարմնավորել։ Ասում է՝ ժամանակն է՝ վերադառնալու հանգստության, որտեղ մարդիկ զրուցում են, վիճում, բայց, միևնույն է, նրանց երկխոսության հիմքում սերն էր։ Բոլորս սիրո պակաս ունենք՝ ասում է արտիստը։

Համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի և հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համար երևանյան պրեմիերայի ժամանակ Սիմոն Աբգարյանը պարգևատրվեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Սիմոն Աբգարյանին շնորհվեց նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր՝ «Վարպետ» մրցանակը։

Կարդացեք նաև

Back to top button