ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՍպորտ

Երկու լեգենդների լուսանկարը, սպիտակ պաստառը կանաչ խաղադաշտում ու «կանխատեսելի» եզրափակիչը․ Մունդիալ-2026

Նոր սկանդալներ, քաղաքական հայտարարություններ խաղադաշտում, 2007-ին արված լեգենդար լուսանկար ու եզրափակիչ, որը կարող է ֆուտբոլի վերջին քառամյակի լավագույն դիմակայությունը դառնալ։ Մունդիալ-2026-ի մեծ մասն արդեն պատմություն է, մինչդեռ դրա ուշագրավ դրվագներն ու պատմությունները միջազգային մամուլի գլխագրերում են․ աշխարհը սպասում է մեծ եզրափակչին։

Սա կարող էր հոլիվուդյան դրամայի կամ Նեթֆլիքսի ամենադիտված սերիալի սցենար լինել, բայց այն իրական, 19 տարի առաջ արված նման ֆոտոշարքերից ոչնչով չտարբերվող շարք է։ 2007-ին մեծ ֆուտբոլի նոր ծագող աստղը՝ 20-ամյա Լեոնել Մեսսին մասնակցում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական ծրագրին և պետք է լուսանկարվեր որևէ երեխայի հետ։ 5 ամսական Լամին Յամալի ընտանիքը, որն այդ ժամանակ ֆինանսական դժվարություններ ուներ, մասնակցել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակախաղին և ընտրվել։ Տարիներ անց՝ 2024-ին, երբ լուսանկարում ճիշտ Մեսսի ժեստով՝ լեզուն դուրս հանած ժպտացող երեխան՝ Լամին Յամալը, Իսպանիայի հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի գավաթը, դարձավ Եվրոյի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, նրա հայրը Ինստագրամում հրապարակեց Մեսսիի և Յամալի առաջին հանդիպման լուսանկերներն ու գրեց․ «Երկու լեգենդների սկիզբը»։

Այսպես, առանց ռեժիսորական հնարքների, ուղղակի նախախնամությամբ ստեղծվեց ժամանակակից ֆուտբոլի ամենասրտառուչ պատմություններից մեկը։

Լուսանկարիչ Ջոան Մոնֆորտը նկարագրում է ճակատագրական հանդիպման մանրամասները․

«Մեսսին իսկապես ինտրովերտ տղա է, շատ ամաչկոտ։ Նա մտավ հանդերձարան, որտեղ պետք է լուսանկարվեր մի փոքրիկ երեխայի հետ։ Երիտասարդ տղամարդու համար դժվար էր, բայց Լամինն ուրախ ու ժպտերես փոքրիկ էր։ Նրա մայրիկը՝ Շեյլան, օգնում էր մեզ։ Նրանք անապահով ընտանիք էին, բայց նրանց հետ աշխատելը շատ հաճելի էր»։

Տարիներ անց ֆուտբոլասերները պիտի Յամալին անվանեին Մեսսիի իրական ժառանգորդ։ Ինքը Մեսսին խոստովանել է՝ Յամալի խաղը հիշեցնում է իր երիտասարդ տարիները, նրան համարում է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որին մեծ ապագա է սպասում։

Ֆուտբոլի գիտակները թվերով են համեմատել երկու ֆուտբոլիստներին։ BBC-ն գրել է, որ 19-ամյա Լեոնել Մեսսին 11 գոլի հեղինակ էր դարձել, մեկական անգամ հաղթել էր Լա Լիագան ու ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։ Օրերս 19-ամյակը բոլորած Յամալը մինչդեռ արդեն 56 գոլ է հեղինակել, երեք անգամ հաղթել Լա Լիգայում, մեկ անգամ՝ Եվրո 2024-ում, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը։

Լրատվամիջոցն իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստի մասին կենսագրական մի քանի ուշագրավ բացահայտում է արել։ Պարզվում է, որ Յամալը ոչ թե նրա ազգանունն է, այլ երկու անուններից մեկը։ Հայրը նրան անվանել է Լամին Յամալ Նարաուի Էբանա, քանի որ խոստացել էր առաջնեկին անվանակոչել երկու ընկերների անունով, որոնք ֆինանսապես օգնել են իր ընտանիքին։ Նա մեծացել է Ռոկաֆոնդայում՝ Մատարոյի բանվորական թաղամասում, Բարսելոնայից 20 մղոն հյուսիս։

«Ինչ արել է մայրս, ինչ արել է հայրս, ես չէի կարող անել որևէ մեկի համար։ Եթե փող չունես, շատ դժվար է օգնել երեխայիդ ֆուտբոլ խաղալու։ Եվ իմ ծնողներին հաջողվեց այդ ամենն անել։ Դա մի բան է, որի համար ես երբեք չեմ կարողանա նրանց հատուցել»,-ասել է ֆուտբոլիստը։

Եթե Մունդիալ-2026-ի վերջին խաղը մի պաստառով նկարագրելու լինեինք, ապա այն անշուշտ հեռավոր 2007-ին արված լուսանկարը կլիներ։ Միջազգային մամուլը, սոցիալական ցանցերը հեղեղված են այս պատմությամբ, որոշ օգտատերեր անգամ արհեստական բանականությամբ կենդանացրել են լուսանկարը, ստեղծել կարճ հոլովակներ։

«Բարսելոնա»-ի երկրպագուները գրում են, որ եզրափակիչ դուրս եկած երկու հավաքականներից յուրաքանչյուրը հաղթանակի դեպքում հաղթելու է նաև «Բարսելոնա»-ին։ Խաղադաշտի լեգենդը՝ 39-ամյա Մեսսին, թեև այլևս այդ ակումբում չէ, շարունակում է մնալ ակումբի բոլոր ժամանակների ամենաճանաչված ֆուտբոլիստը, որի հետ թիմը բազմաթիվ ռեկորդներ է սահմանել։

Իսպանիայի հավաքականը, որի կազմում են «Բարսելոնա»-ի խաղացողներից շատերը, վերջին անգամ՝ 16 տարի առաջ՝ 2010-ին էր հասել Աշխարհի առաջնության եզրափակիչ և առաջին անգամ նվաճել Աշխարհի գավաթը։

CNN-ն այսպես է նկարագրում երկու հավաքականների բախումը քառամյակի գլխավոր ֆուտբոլային խաղում․

«Իսպանիան գնդակի տիրապետման վարպետ է։ Իսկ Արգենտինան կրքոտ թիմ է։ Մինչև այժմ երկու ոճերն էլ աշխատել են։ Հիմա դրանք բախվելու են բոլոր ժամանակների ամենականխատեսելի Աշխարհի առաջնության եզրափակչում»։

Եզրափակիչի ուղեգիր Արգենտինան ստացավ Անգլիայի հավաքականին կիսաեզրափակչում «2։1» հաշվով հաղթելուց հետո։ Այդ դիմակայությունը, ի դեպ կրկին արդարացրեց իր պատմական լարվածության համբավը․ հավասար պայքար, շրջադարձային պահեր և հանգուցալուծում միայն ավելացված ժամանակում։ Հաղթական գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը՝ 90+2 րոպեին։ Լիոնել Մեսսին թեև դարպաս գնդակ չուղարկեց, երկու գոլային փոխանցում արեց ու ճանաչվեց հանդիպման լավագույն ռմբարկուն։ Խաղից հետո նա ասաց՝ սպասում էր հաղթանակի․

«Ես գիտեմ, մենք գիտենք, թե ինչի էինք ընդունակ։ Մարդիկ կարող էին կասկածներ ունենալ մեր նկատմամբ, քանի որ մենք ունեինք խաղացողներ, որ շատ ուժեղ չէին, բայց երբ մենք միասին ենք և միասնական, դա միշտ մեզ լրացուցիչ խթան է տալիս»։

Կիսաեզրափակիչի Արգենտինա-Անգլիա խաղը, սակայն, պատմության մեջ կմնա ոչ միայն դիտարժան խաղով, այլև քաղաքական սկանդալով։ Արգենտինայի հավաքականի երկու խաղացողները հաղթանակից հետո քաղաքական պաստառ պարզեցին խաղադաշտում «Մալվինյան կղզիները արգենտինական են» գրությամբ։

Խոսքը Ֆոլկլենդյան կղզիների մասին է, որոնք երկար ժամանակ Միացյալ Թագավորության և Արգենտինայի միջև լարվածության պատճառ են եղել:

Աշխարհի գավաթի խաղարկության համար ՖԻՖԱ-ի մարզադաշտերի վարքագծի կանոնագրքի 3–րդ բաժինն արգելում է «քաղաքական, վիրավորական և/կամ խտրական բնույթի» պաստառները,  իսկ 4-րդը՝ քաղաքական հաղորդագրությունների արգելք։

Մեծ Բրիտանիայի բիզնեսի նախարար Պիտեր Քայլը BBC-ին ասել է, որ պաստառը «լիովին անտեղի» է, և ինքը ՖԻՖԱ-ից  մանրակրկիտ հետաքննություն է ակնկալում։

ՖԻՖԱ-ն մինչդեռ որևէ կերպ չի անդրադարձել այս դրվագին։

Մեծ Բրիտանիան, որ ֆուտբոլի ծննդավայրն է, վերջին անգամ՝ 60 տարի առաջ է դարձել Աշխարհի առաջնության հաղթող։ Այս անգամ, երբ հավաքականը ամենամոտն էր եզրափակչին, երկրպագուները պնդում են՝ «Գավաթը պետք է տուն տարվի», նկատի ունենալով այն, որ ֆուտբոլի տունը Անգլիան է։ Բաղձալի գավաթը, սակայն, կա՛մ կմնա Արգենտինայի հավաքականի ձեռքում, քանի որ այն աշխարհի գործող չեմպիոնն է, կա՛մ նոր հասցեատեր կունենա՝ հանձինս «կրակոտ» Իսպանիայի հավաքականի մարզիկների։

Կարդացեք նաև

Back to top button