ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թուրքիայի երրորդ քայլը դեպի Հայաստան․ նոր որոշման հեռանկարները

Հերթական քայլն է արվել տարածաշրջանի ապաշրջափակման համար, որից էապես հնարավորություն կունենան օգտվելու Հայաստանի գործարարները։ Թուրքիայի կառավարությունը մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում է իրականացրել։ Ինչպես հաղորդվում է՝ այն ուղիղ առնչվում է Հայաստանին և նպաստելու է առևտրաշարջանռության աճին։ Այս նախաձեռնությունն, ըստ էության, ավելացավ վերջին ամիսներին ձեռնարկված ևս երկու քայլին։

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077։

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում է իրականացրել։ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալն այժմ մոտ 335-350 մլն դոլար է։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

Մինչև այս փոփոխությունը, վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի էր ունեցել ևս երկու կարևոր իրադարձություն, որոնք Հայաստանում ներքաղաքական թեժ պայքարի պատճառով ինչ-որ չափով անուշադրության մատնվեցին, ասում է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջինը նա ընդգծում է փաստը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր դարձավ ուղիղ առևտուրը։

«Մինչև այս, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր։ Այսինքն, օրինակ, եթե մարդը Հայաստանից Թուրքիա բան էր արտահանում կամ Թուրքիայից Հայաստան էր ներմուծում, այդ ապրանքները գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգեր անցնում, հետո վերաձևակերպում էին, գալիս էին Հայաստան։ Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում էԹուրքիայից, ասենք՝ վերջնակետը Հայաստան, կամ Հայաստանից վերջնակետը՝ Թուրքիա։ Սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար և՛ հեշտացում, և՛ արագացում»։

Թուրքիայի հետ բանակցությունների պատասխանատուն առանձնացնում է նաև այն, որ Հայաստանը հնարավորություն ստացավ օգտագործելու Ախալքալաք-Կարս երկաթգիծը։

«Տնտեսվարողները հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործելու և՛ երկկողմ առևտրի համար, և՛ տրանզիտի համար։ Որպեսզի հասկանաք սրա կարևորությունը, օրինակ, մինչև կես տարի առաջ Հայաստանից երկաթգծով աշխարհում որևէ տեղ հնարավոր էր բան տանել միայն մեկ վայր` Վրաստան, այսինքն, Թբիլիսի կամ Փոթի։ Ախալքալաք-Կարս երկաթգիծը Հայաստանի համար ապաբլոկավորումով, արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա տանել և բերել։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև Սիրիա, որովհետև երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հիմա ամբողջ աշխարհը մեզ համար բաց է, իհարկե, դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, և մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի»։

Ուղիղ կապն ապահովելու համար աշխատանքային խումբ է ձևավորվել Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման համար։ Տեղանքի ուսումնասիրությունը, տեխնիկական գնահատումներն արդեն արված են։ Հայկական կողմն ակնկալում է, որ այս նպատակն էլ հնարավորինս շուտ կիրագործվի։ Հայ-թուրքական հարաբերություններում, սակայն, դեռևս չիրականացված է մնում կողմերի միջև առաջին պայմանավորվածությունը, համաձայն որի, հայ-թուրքական սահմանը պետք է բացվեր երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

Հայաստանի արտգործնախարարության գնահատումով՝ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման առումով ամեն փուլում շոշափելի առաջընթաց է գրանցվում։ Արտգործնախարար Միրզոյանը այս ձևակերպումն արել էր վերջերս Աժ-ում գերատեսչության կատարողականի քննարկման ժամանակ․

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ դեռ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ, որը կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, ի դեպ, Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ բանակցություններին՝ վկայակոչելով նախաստորագրված խաղաղության պայմանագիրը և փաստացի հաստատված խաղաղությունը։

Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում փոխադարձ վստահությունը ապագայում գերակշռող կլինի։ Բայրամովը խոսել է հարաբերությունների մասին, որոնք հաստատված կլինեն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքներով։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստացի խաղաղությունը մշտապես ընդգծում է նաև պաշտոնական Երևանը։

Կարդացեք նաև

Back to top button